Նոյեմբերի վերջին Ֆրանսիայում էկրան բարձրացավ «Արամ» ֆիլմը, որը Ռոբեր Քեշիշյանի անդրանիկ ռեժիսորական աշխատանքն է։ Փարիզում հրատարակվող «Նուվել դ՚Արմենի» հանդեսը մի շարք նյութեր է տպագրել այս ուշագրավ կինոնկարի մասին, այդ թվումՙ Ավետիք Օլոհաջյանի հոդվածը եւ հարցազրույց «Արամի» գլխավոր դերակատար Սիմոն Աբգարյանի հետ, որը Քեշիշյանի ֆիլմին նախորդած «Արարատ»-ում Արշիլ Գորկի է խաղացել։ Առաջիկայում թարգմանաբար կներկայացնենք նաեւ «Նուվել դ՚Արմենի»-ի հարցազրույցը ֆիլմի ռեժիսորի հետ։
«Արամ»
Ռեժիսորՙ Ռոբեր Քեշիշյան։
Դերերում. Սիմոն Աբգարյան, Մաթյո Դեմի, Լյուբնա Ազաբալ, Սերժ Ավետիքյան, Ալեն Մոտե, Ժիլ Արբոնա, Իզաբել Սադոյան։
Ֆրանսիա, 2002
Ղարաբաղում հերոսաբար կռվելուց հետո ֆրանսահայ Արամը, որ նախկինում պատկանել է Հայկական հարցին հետամուտ մարտիկների գաղտնի կազմակերպության, վերադառնում է Ֆրանսիաՙ վտանգավոր առաքելությամբ։ Նա մեծ ցանկություն ունի իրեն հատկացված սահմանափակ ժամկետում վերականգնել հարաբերություններն ընտանիքի հետ։ Արամի կրտսեր եղբայրը մի ձախողված մահափորձից հետո անդամալույծ է ու անգիտակից, եւ հայրը հրաժարվել է Արամիցՙ մեղադրելով նրան այդ ողբերգության համար։ Մելինենՙ կրտսեր քույրը, որը հասակ է առել Արամի բացակայությամբ, ամուսնության շեմին է եւ շատ է ուզում, որ ամբողջ ընտանիքը ներկա լինի հարսանիքին։ Ֆրանսիական եւ թուրքական գաղտնի ծառայությունները տարբեր պատճառներով հետեւում են Արամինՙ Ֆրանսիա վերադառնալուց ի վեր։ Թուրքական աջ ծայրահեղական կազմակերպության անդամ անարգ Թալեաթը եւս վերադարձել է եւ ամենեւին էլ բարի մտադրություններ չունի։
«Արամը», որ արկածային կինոնկար է, «սեւ ֆիլմ», ինչպիսիք 50-ականներին սիրում էին նկարահանել Ֆրանսիայում եւ ԱՄՆ-ում, նաեւ նորօրյա հայկական քրոնիկոն է։ Ռոբեր Քեշիշյանը, իր պատմության մեջ շեշտելով գլխավոր հերոսի պատկանելությունը ոչ միայն համայնքին, այլեւ ընտանիքին, թեեւ շոշափում է Հայկական հարցի մոտակա անցյալն ու ներկան, հաջողությամբ խույս է տալիս մարտաֆիլմի եւ ծրագրային կինոնկարի ստորջրյա խութերից։ Ակնհայտորեն հարկ չկա ամենայն ուշադրությամբ տողատակեր կարդալՙ հասկանալու համար, որ ռեժիսորը իր տեսակետն ունի հարցի վերաբերյալ, որ նրա շահագրգռությունն իրական է, որ նա այնքան էլ չի սիրում աջ ծայրահեղականներին, որ հայկական երաժշտությունը հուզում է նրա սիրտը, եւ որ նա հպարտանում է իր ազգանունով։ Քեշիշյան ռեժիսորը իր առաջին լիամետրաժ ֆիլմում դիմում է հանդիսատեսների լայն շրջանին, ուստի եւՙ գործի դնում դասական ու արդյունավետ բաղադրիչներՙ ավտոմեքենաներով հետապնդում, փոխհրաձգություն, իրականից էլ վատթար չարագործներ, հնարավորին չափ ծախու քաղաքական գործիչներՙ չմոռանալով դժվարին գործով զբաղված տղաներին, որոնց վրա արժե հույս դնել։ Այս ամենի շնորհիվ ֆիլմը դարձել է շատ գրավիչ, ոչ մի պահ չի ձանձրացնում, օժտված է ռիթմով եւ հավաստի ու վիպական կերպարներով, ինչին նպաստել են լավ դերակատարները։ Ինչ խոսք, դժվար է մոռացության տալ ժանրային կինոյի հսկաներ Ուիդմարքին, Բոգարթին, Քեգնիին, իսկ Ֆրանսիայումՙ Վենտուրային, Գաբենին եւ նույնիսկ Դելոնին ու Բելմոնդոյին, որոնք փայլել են այս կարգի ֆիլմերում, բայց, ընդհանուր առմամբ, «Արամի» դերակատարները դժվար կացությունից բավական լավ են դուրս գալիս։ Ոստիկան, սրիկա եւ հերոս եռյակը, տվյալ դեպքումՙ Ժիլ Արբոնան, Սերժ Ավետիքյանը եւ Սիմոն Աբգարյանը (երեքն էլ թատրոնի մեծատաղանդ դերասաններ) իրենց հիանալի են դրսեւորում։ Ինչ վերաբերում է նորելուկներին, ինչպիսիք են Լյուբնա Ազաբալը եւ Մաթյո Դեմին (խեղճին լավագույն դերը չի բաժին ընկել), նրանք հավաստել են գովելի այն ամենը, ինչ կարելի է ասել իրենց մասին «Նուվել դ՚Արմենի»-ի էջերում։
Ռոբեր Քեշիշյանիՙ որպես բազմաթիվ ֆիլմերի ռեժիսորի առաջին ասիստենտի փորձառությունը, նախ եւ առաջ, տեսանելի է դերասանների հետ տարած նրա աշխատանքում։ Բոլոր գլխավոր դերակատարներն էլ իրենց ուժերը ի սպաս են դրել հստակ գեղարվեստական մտահղացմանը։ Դերասանախմբի նման հավաստիության հասնելու համար թերեւս քիչ տեղ է մնացել հանպատրաստից ստեղծագործելուն։
Այնուամենայնիվ, կարելի է մի վերապահում անել Սերժ Ավետիքյանի մարմնավորած կերպարի առնչությամբ, որի «առոգանությունը» թվում է փոքր-ինչ չափազանցված, բայց միայն այդքանը. նրա խաղի մասին չի կարող խոսք լինել։
Տեխնիկական առումով արդյունքը առավել քան գոհացուցիչ է։ Ի վերջո, «Արամի» ֆոնը կարող է վիճաբանությունների տեղիք տալ հայկական համայնքում։ Ինչ-ինչ բնորոշումներ, երաժշտության ընտրությունը, հարսանիքի դրվագները կամ այն տեսարանները, որտեղ տարեց հայերը գնացքում թուղթ են խաղում, կարող են քննադատության արժանանալ, բայց Քեշիշյանը ամեն ինչ կհարթի. մինչեւ դահլիճի լույսերը նորից վառվեն, հանդիսատեսները կինոյի հիասքանչ պահեր կապրենՙ հուզումնալից ու հաճելի, այն ամենով հանդերձ, ինչ անհրաժեշտ է քնով չանցնելու համար։ Քեշիշյանի ֆիլմն իր ժանրով միանգամայն տեղին է 2002 թվականի վերջին երեք ամիսների անսպասելի եռերգության մեջ։ «Արարատը», «Լռության սիմֆոնիան» եւ «Արամը» հանդիսատեսներին ոճական բազմազանություն են ընձեռում, եռակի ապացույց, որ կարելի է խոսել ցեղասպանության («Արարատ»), համայնքի («Արամ») ու Հայաստանի («Լռության սիմֆոնիա») մասին եւ այսպիսով, նկարահանել երեք շատ լավ ֆիլմ։ Մնանք շարունակությանն սպասող...