«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#233, 2002-12-19 | #234, 2002-12-20 | #235, 2002-12-21


ԱՐԱԶ ԱԶԻՄՈՎԸ ՄԵԿՆԱԲԱՆՈՒՄ Է ՌՈՒԴՈԼՖ ՓԵՐԻՆԱՅԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Պաշտոնական Բաքուն վերջապես արձագանքեց ԵԱՀԿ Մինսկի խմբում ամերիկացի եռանախագահող Ռուդոլֆ Փերինայի հայտարարությանը։ Դեկտեմբերի 11-ին ամերիկացի դիվանագետը «Էխո Մոսկվի» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել էր. «Մերձդնեստրի, Աբխազիայի, Հարավային Օսիայի դեպքում պետք է գտնվեն որոշումներՙ շատ լայն ինքնավարություններ Մոլդովայի եւ Վրաստանի կազմում համապատասխանաբար, պետք է լինեն անվտանգության միջազգային համարժեք երաշխիքներ։ Կրկնեմ, միջազգային հանրությունը պատրաստ չէ ճանաչելու ոչ Հարավային Օսիայի, ոչ Աբխազիայի, ոչ Մերձդնեստրի անկախությունը։ Լեռնային Ղարաբաղի խնդիրը փոքր-ինչ տարբեր է։ Հակամարտության հետագա կարգավիճակի շուրջ Հայաստանի եւ Ադրբեջանի բանակցությունները շարունակվում են։ Քանի դեռ չկա որեւէ որոշում այդ բանակցություններից, միջազգային հանրությունն աջակցում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության գաղափարին եւ չի ճանաչում Լեռնային Ղարաբաղը»։

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւի անձնական ներկայացուցիչ Արազ Ազիմովը, մեկնաբանելով Փերինայի հայտարարությունը, ասել է. «Եթե այսօր ԱՄՆ-ը հայտարարում է, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, իսկ Լեռնային Ղարաբաղը համարում Ադրբեջանի շրջան, ապա ամերիկացի եռանախագահը պարտավոր է գործելՙ ելնելով այդ դիրքորոշումից։ Ինձ թվում է, որ Փերինայի ձեւակերպումները ոչ միշտ էին կոռեկտ, եւ ես չգիտեմ, թե ինչ տարբերություն է տեսնում նա Աբխազիայի վիճակի շուրջՙ որպես Վրաստանի շրջան, Մերձդնեստրիՙ որպես Մոլդովայի, եւ Լեռնային Ղարաբաղիՙ որպես Ադրբեջանի շրջան»։ Արազ Ազիմովն ընդունելի չի համարել Փերինայի դիրքորոշումը եւ նշել է, որ հետխորհրդային բոլոր չորս հակամարտությունների կարգավորումը պետք է դիտարկել սկզբունքորեն միեւնույն տեսանկյունից, այսինքնՙ գերակա համարել Մոլդովայի, Վրաստանի եւ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Ալիեւի անձնական ներկայացուցչի կարծիքով, ինչպես հաղորդում է Բաքվի «525 գազետ» պարբերականը, Ադրբեջանը չի ընդունի կարգավորման մի տարբերակ, որը հիմնված կլինի գոյություն ունեցող իրողությունները հաշվի առնելու սկզբունքով, ասել է թեՙ պատերազմը եւ պատերազմի արդյունքում այսօր առկա ստատուս քվոն չպետք է հաշվի առնել բանակցություններում։ Ազիմովն ակնարկել է, որ եթե «հայկական ագրեսիայի» արդյունքում ստեղծված իրավիճակը միջնորդները հաշվի են առնում որպես իրողություն, ապա կարելի է ճանաչել նաեւ ադրբեջանական կողմիՙ ստատուս քվոն հօգուտ Ադրբեջանի փոփոխելու իրավունքը։

Ի տարբերություն ադրբեջանական կողմի, հայկական կողմը չի մեկնաբանել Փերինայի հայտարարությունըՙ հաշվի առնելով չգրված օրենքըՙ միջնորդների հայտարարությունները մեկնաբանելը կոռեկտ չէ։ Հատկապես ամերիկացի դիվանագետի վերջին հայտարարության դեպքում լիովին անիմաստ եւ անտրամաբանական է դառնում մեկնաբանելը հայկական կողմից։ Այդուհանդերձ, ԼՂՀ բարձրաստիճան մի դիվանագետ «Ազգի» հետ զրույցում անընդունելի համարեց պրն Փերինայի հայտարարության այն հատվածը, որում ամերիկացի դիվանագետը ԼՂ խնդրի կարգավորումը դիտարկում է Ադրբեջան-Հայաստան բանակցային ենթատեքստում, երբ ըստ էության խնդիրը ներկայացվում է որպես երկու պետություններիՙ Ադրբեջանի եւ Հայաստանի տարածքային վեճ։

Թ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4