«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#233, 2002-12-19 | #234, 2002-12-20 | #235, 2002-12-21


ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՀԱԿԱԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐԸ ԹՈՒՐՔ ԳԻՏՆԱԿԱՆԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԵՏՔ» ԵՆ ՈՐՈՆՈՒՄ

Դեկտեմբերի 18-ին Անկարայի իր տան մոտ սպանվեց թուրք պատմաբան Նեջիփ Հաբլեմիթօղլուն։ Պատմաբանի սպանությունը սառը ցնցուղի տպավորություն գործեց Թուրքիայի ղեկավարության, պետական եւ քաղաքական գործիչների վրաՙ շիկացնելով երկրում «Արդարություն եւ բարգավաճում» կուսացության նորընտիր իշխանությունների հետ նախագահ Ահմեդ Նեջդեթ Սեզերի տարաձայնությունների հետեւանքով առանց այդ էլ շիկացած քաղաքական մթնոլորտը։

Դեկտեմբերի 19-ին թուրքական պետհեռուստատեսությամբ հանգուցյալի հարազատներին ցավակցելիս Սեզերը հույս հայտնեց, որ այս սպանությունը Թուրքիայի համար մութ օրերի սկիզբ չի դառնա։ Սեզերի խոսքերը բազմիմաստ են, տեղիք են տալիս տարաբնույթ մեկնաբանությունների։ Հարցը, սակայն, մեկնաբանությունները չեն, այլ այդ խոսքերից բխող հետեւությունը։ Ակնհայտ է, որ «մութ օրերը» ենթադրում են մութ ուժերի ակտիվացում։ Վերջին տարիներին Թուրքիայի պետական կառույցներն ու զինված ուժերի գլխավոր շտաբը, դիտարկելով իսլամականներին երկրի աշխարհիկ կարգերի սպառնալիք, ամեն կերպ փորձում են նրանց որպես մութ ուժ ներկայացնել։

Ինչ վերաբերում է այդ ուժերի ակտիվացմանը, ապա «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցությունը, անկախ բարենորոգչական ուղղվածությունից, այնուամենայնիվ, իսլամական է։ Ավելինՙ նա ոչ միայն կարողացել է նոյեմբերի 3-ին խորհրդարանական վաղաժամկետ ընտրություններից հաղթող դուրս գալ, այլեւ երկրում միանձնյա իշխանություն ապահովելՙ կազմելով միակուսակցական կառավարություն։

Այս ամենի առումով պատահական չէ 1993-ին ահաբեկչության զոհ դարձած հայտնի թուրք լրագրող Ուղուր Մումջուի ավագ եղբորՙ Ջեյհան Մումջուի հետեւյալ դիտարկումը. «Թեեւ զինված հարձակման ենթարկվել է Հաբլեմիթօղլուն, բայց եւ այնպես բուն թիրախը երկրում միանձնյա իշխանության եկած «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցությունն է։ Միջադեպը պատճառ է դառնալու, որ բնակչությունն ընդդիմանա այս կուսակցության ձեւավորած կառավարությանը»։ Մումջուն այնուհետեւ կարծիք է հայտնում, որ Հաբլեմիթօղլուն որպես թիրախ ընտրված լինի Հայոց ցեղասպանության թեմայով կատարած աշխատությունների համար եւ սպանությունը վերագրում օտարերկրյա հետախուզական ծառայություններին։

Այլ կերպՙ նա կատարված սպանության մեջ «հայկական հետք» է որոնում։ Այս հարցում նրան է միանում «Մեծ միասնություն» կուսակցության նախագահ Մուհսին Յազըջըօղլուն, որը ժամանակին ղեկավարել էր «գորշ գայլերի» երիտասարդական թեւը։ Ահա թե ինչ է ասում նա. «Հաբլեմիթօղլուն հայերի ցեղասպանության հետ կապված լուրջ ուսումնասիրություններ էր կատարում։ Ցեղասպանության պնդումներին հակադրել էր թուրքական թեզը հիմնավորող պատմական կարեւոր փաստեր։ Նա դրանով ե՛ւ մեր ազգային հիշողությունն էր թարմացրել, ե՛ւ թե հաջողությամբ հերքել համաշխարհային հասարակական կարծիքի վրա իշխող անհիմն տեսակետները։ Սպանությանն առնչվող այս հանգամանքը չպետք է աչքաթող անել»։

Յազըջըօղլուն միաժամանակ ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ սպանությունը կատարվել է Հաբլեմիթօղլուի Իրաք կատարած այցից անմիջապես հետո եւ ավելացնում. «Վերջին շրջանում Իրաքում նա մի շարք կարեւոր ուսումնասիրություններ էր կատարում։ Մեզ հայտնի է, որ նա Հյուսիսային Իրաքում հաճախակի էր լինում։ Դեռեւս բացահայտված չեն այնտեղ նրա կատարած ուսումնասիրությունների բնույթն ու ձեռք բերած գիտելիքների բովանդակությունը։ Մենք գործ ունենք գիտնականի սպանության հետ։ Ժամանակացույցից երեւում է, որ սա սովորական սպանություն լինել չի կարող»։

Չբացահայտված սպանությունների հետաքննության հանձնաժողովի անդամ Հյուսամեթդին Քորքութաթան, Հաբլեմիթօղլուի սպանությունը արտաքին ուժերով պայմանավորելիս, կարծիք է հայտնում, որ սա գործն է նրանց, ովքեր փորձում են խոչընդոտել Եվրամիությանը Թուրքիայի անդամակցությանը։ Նույն հանձնաժողովի նախագահ Սադըք Ավունդուքօղլուն սպանության առնչությամբ ասում է. «Թուրքիայում տեղի են ունեցել ընտրություններ։ Երկրում կազմավորվել է միակուսակցական կառավարություն, որը բարի կամք եւ նախանձելի ջանք է գործադրում ժողովրդին հանդարտեցնելու համար։ Կան ուժեր, որոնք աշխարհն են ղեկավարում եւ չեն ցանկանում, որ Թուրքիան հանգիստ շունչ քաշի։ Միջադեպը նրանք են կազմակերպել»։

Այս ամենի մասին երեկվա համարում «Հայերի թեզերն էր հերքել» խորագրով տեղեկացնում է թուրք իսլամականների խոսափող «Վաքիթ» թերթը։ Խորագրի ընտրությամբ Հաբլեմիթօղլուի սպանության «հայկական հետքը» գիտակցաբար առաջին պլան է մղվում։ Ըստ ամենայնի, խնդիրն այդ հետքը չէ, այլ Թուրքիայի քաղաքական շրջանակներում եւ բանակում Հայաստանի նկատմամբ թուրքական նորընտիր իշխանությունների որդեգրած բարենպաստ դիրքորոշումից բխող անհանգստությունը։ Ուրեմն, «հայկական հետքի» որոնումները վերջիններիս դիրքորոշման յուրահատուկ հակազդեցությունն են։

Հարկ է, սակայն, նշել, որ թուրքական նորընտիր իշխանությունները ԵՄ-ի կոպենհագենյան գագաթաժողովի որոշումներին իրենց դրական մոտեցումով եւ Կիպրոսի հիմնախնդիրը կարգավորելու պատրաստակամությամբ հակազդեցություն արդեն առաջ էին բերել։ Սա հիմք է տալիս ենթադրելու, որ Հաբլեմիթօղլուի սպանությունը նրանց դեմ է օգտագործվելու, ի վերջո նրանք իսլամամետ կուսակցության նեկայացուցիչներն են, իսկ Հաբլեմիթօղլունՙ Թուրքիայի աշխարհիկ հանրապետական կարգերի ջատագով, քեմալիզմի սկզբունքներին հավատարիմ գիտնական էր։

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4