«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#233, 2002-12-19 | #234, 2002-12-20 | #235, 2002-12-21


«(ԵԹԵ) ՈՐԱԿԸ ԿԱՐԵՎՈ՞Ր Է ՁԵԶ ՀԱՄԱՐ...»

«Ջերմուկի» հակագովազդային ճանապարհը

«Ազգի» ընթերցողներին իրազեկ ենք դարձրել վերջին շաբաթներին «Ջերմուկ» հանքային ջրի շուրջ Գերմանիայում հնչած ահազանգինՙ մասնավորապես, որ դրա մեջ առկա մկնդեղը (Arsenium) գերազանցում է համաշխարհային թույլատրելի չափաբաժինը։ Գերմանահայկական հայրենասիրությունը մատն ուղղում է մեղավորների կողմըՙ թուրքի ձեռագիր չէ՞, ասա՛։ Բայց «Ջերմուկ գրուպի» գովազգային հոլովակի օգնությամբ լրագրողն ընտրում է «Կեղծումներից պաշտպանվելու լավագույն ճանապարհը»։

Հյուսիս Հռենոս Վեստֆալիա երկրամասի շրջակա միջավայրի, բնապահպանության, գյուղատնտեսության եւ սպառողների պաշտպանության նախարարությունը, ի պատասխան մեր հեռախոսային հարցման, մեր ուշադրությանը ներկայացրեց իրենց նախարարիՙ կանաչների կուսակցության անդամ տիկին Բերբըլ Հյոհնի ստորագրած 10.12.2002 թվագիր նամակը, որում առավել հանգամանալից էր ձեւակերպված «Ազգի» 12.12.2002¬ում մեր հաղորդածը։ Ըստ այդ տեղեկանքի «Ջերմուկի» փորձագիտական ստուգումն իրականացրել է Ներքին Սաքսոնիայի սպառողների պաշտպանության եւ սննդամթերքի անվտանգության երկրամասային գերատեսչությունը։ Վիթթենում գործող «Կասկադ» ընկերությունն է «Ջերմուկը» ներկրել Գերմանիա եւ վաճառել Բավարիա, Բադեն¬Վյուրթեմբերգ, Ներքին Սաքսոնիա եւ Սաքսոնիա¬Անհալթ երկրամասերում։ Հյուսիս Հռենոս Վեստֆալիա (ՀՀՎ) երկրամասում 31. 700 ներկրված շշերից 1800-ը վաճառվել է Բիլեֆելդում, իսկ 920-ըՙ Դույսբուրգում, մնացածը սպառվել է Բելգիայում, Ֆրանսիայում, Հոլանդիայում։ ՀՀՎ սպառողների պաշտպանության նախարարությունը անհապաղ միջոցառումներ է կիրառել եւ երաշխավորում է, որ ապրանքատեսակի հետ կապված խնդիրները կարգավորված են, համապատասխան տեղեկատվություն է տրամադրվել մնացած երկրամասերին, եվրոպական վերոնշյալ երկրները նույնպես իրազեկ են դարձել խնդրին։

Մեր տեղեկություններով, հայկական կողմից նախարարությանն այս հարցով որեւէ մեկը չի դիմել։ Վիթթենում գործող «Կասկադ» ընկերության աշխատակիցը ի պատասխան մեր հեռախոսային հարցման իրազեկեց, թե իրենք «Ջերմուկ գրուպի» արտադրանքը հանձնել են քննությանՙ բելգիական եւ գերմանական երկու տարբեր լաբորատորիաների։ Նոր հետազոտության արդյունքը պարզ կդառնա մեկ ամսից, ինչն էլ կհուշի ինչպես վարվել հետագայում։ Նախարարությունն արգելել է «Ջերմուկի» վաճառքը, նաեւ զգուշացրել, թե հանքային ջուրը պիտի հավաքեն իրենց հաճախորդներից։ 2002¬ի ապրիլի վերջին ստացել էինք «Ջերմուկի» առաջին բեռնարկղը, ուզում էինք երկրորդը պատվիրել, բայց սննդամթերքի որակը հսկող գերմանական ընկերությունը լաբորատոր փորձաքննության արդյունքում դրա մեջ հայտնաբերելով մկնդեղի 7 անգամ գերազանցող առկայություն, կասեցրեց այդ պատվերը։ Ընկերությունը Հայաստանից արտահանում եւ վաճառում է նաեւ «Կոտայք» գարեջուր, Մեղրիի մուրաբաներ, «Ավշարի» գինիներ, հայկական կոնյակ։ Հիշյալ ապրանքատեսակները դեռեւս բարդություններ չեն գրանցել, ասում է «Կասկադի» աշխատակիցը։

Լեզուս պապանձվի, բայց մի օր էլ գուցե փորձաքննության արդյունքն անբավարար նկատի գինիների որակը։ Եզակի չեն այն դեպքերը, երբ գինու հերմետիկ չփակվող խցանի պատճառով գինու համը կասկածելի է դառնում։

«Կասկադ» ընկերությունը, որ Գերմանիայից բացի «Ջերմուկ» է վաճառում նաեւ Բելգիայում, Ֆրանսիայում, Հոլանդիայում, Իսպանիայում, այնքան էլ հավաստի չի համարում «Ջերմուկի» այդքան վտանգավոր լինելը, քանի որ, աշխատակցի տեղեկացմամբ, «ժամկետի մեջ է մինչեւ 2003¬ի մարտ» մակագրությամբ հանքային ջրի այդ խմբաքանակից գնորդները չեն բողոքել, բացի այդ ամռանը իրենք էլ օրական 5¬6 շիշ խմել են եւ առողջական խնդիրներ չեն ունեցել։ Ընկերությունն առայժմ սպասում է վերափորձարկման արդյունքին։ Բացի այդ, ենթադրում ենք նաեւ աջակցություն հայաստանյան կողմից, ասում է «Կասկադի» աշխատակիցը։ Եթե պարզվի, որ մկնդեղի առկայությունը գերազանցում է թույլատրելի սահմանը, ընկերությունը պարտավոր է շոշափելի տուգանք մուծել։ Ի՞նչ կարծիքի է «Ջերմուկ գրուպի» այն ենթադրության մասին, թե մրցակցային գործոնն է դերակատար։ Զրուցակիցս դա հավանական չի համարում, քանի որ շուկան իրապես գերհագեցած է տարանուն հանքային ջրատեսակներով։ Իսկ իրենք, Գերմանիայում մասնավորապես, «Ջերմուկն» իրացնում են ռուսական շուկայում (Գերմանիայում ռուսական 3000 առեւտրի կետ կա)։

Մեր դիտարկմամբ, գերմանացիները, որ զգուշավոր են ոչ հայրենի արտադրության ամեն ինչի հանդեպ, իրենց ստամոքսը փորձության չեն ենթարկի, հրամցնեսՙ էլ անծանոթ Հայաստանից ներկրված ջուրը նրանցից շատերը չեն համտեսի։ «Ջերմուկը» Գերմանիայում խմում են հայերը, առավելաբարՙ հայաստանցիները։ Սփյուռքահայերի մի ճնշող մասը ախորժահամ չի գտնում ինչպես հայրենական գինին, այնպես էլ «հայրենիքի ջուրը» եւ նախընտրում է իրեն ծանոթ գերմանական կամ ֆրանսիական տեսակները։ Ի դեպ, դրանց պիտակների վրա դեռեւս չեմ նկատել հանքային բառի բացակայությունը կամ պարզապես սեղանի ջուր տարբերակը։ Ավելինՙ բաղադրությունը ներկայացնող հանքային նյութերի ցուցակը հստակեցնում է, թե որտե՞ղ, ե՞րբ, ու՞մ կողմից է կատարվել հետազոտությունը։

«Մենք պահպանում ենք բոլոր ավանդույթները»։ Հայաստանի հանրային հեռուստատեսության եթերում այնքան հաճախ է հայտնվում այս տեսահոլովակը, որ հասցնում ես մոռանալ գերմանացիներիՙ հայրենի արտադրանքիդ մասին «վտանգավոր է» բնորոշումը։ Չգիտեմ ինչպիսի՞ ավանդույթներ ենք մենք պահպանում, բայց որ օրեր առաջ միգուցե հենց այդ խմբաքանակից ծարավս հագեցնող «Ջերմուկն» առնվազն հակաջերմուկային համ ուներ, փաստ է։ Ծանոթներիցս շատերն են համամիտՙ Հայաստանում մեր խմածը, կարելի է ասել, հրաշալի համ ունի, Գերմանիայում դրա համը (ուրիշ բառ չասեմ) տարօրինակ է։ Բայց սա, այսպես կոչված, ոչ մասնագիտականՙ սիրողական կամ սպառողական կարծիք է, որ հույս ունի համախոհների մեծ բանակ չգտնել։ Մանավանդ որ մեկ ուրիշ սպառողՙ «Կասկադի» աշխատակիցը, որ Հայաստանում չի եղել եւ ծանոթ է «Ջերմուկի» միայն «գերմանական» տարբերակին, մեզ հրամցնում է մեկ ուրիշ ոչ մասնագիտական բացատրությունՙ միգուցե ջրի համը փոխված է, որովհետեւ երկարաժամկետ պահպանությունը ստիպում է որոշ անհրաժեշտ խմբագրումներ անել ֆիլտրման ժամանակ։ Միգուցե։

Պահպանելով հատկապես որակը կարեւորող ավանդույթը, հետեւենք, թե ի՞նչ ընթացք կստանա «Ջերմուկի» շուրջ ծագած պատմությունը։ Չար աչքից հեռու, բայց Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը մեր անդամակցումը համընկնում է եվրոպական շուկայում մերՙ «վտանգավոր է» պիտակավորմանը։

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4