«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#233, 2002-12-19 | #234, 2002-12-20 | #235, 2002-12-21


«ՖՐԱՆԿ ՄՅՈՒԼԼԵՐԸ» ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԿԱՏԱՐԻ ՆՈՐ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐ

«Ես մեծ կապեր ունեմ Հայաստանի հետ եւ ունեմ շատ հայ գործընկերներ։ Նրանք, իհարկե, նպաստեցին, որ տարածաշրջանում առաջին խանութը բացենք Երեւանում։ Սակայն դրա հիմնական պատճառն այն է, որ մենք տեսնում ենք Հայաստանի զարգացումը եւ համոզված ենք, որ այդ երկիրը կարեւոր դիրք կգրավի Իրանի, Ռուսաստանի, Թուրքիայի ճանապարհների միջեւ», երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Երեւան ժամանած շվեյցարական «Ֆրանկ Մյուլլեր» ժամացույցների արտադրության հանրաճանաչ ընկերության հիմնադիր եւ նախագահ Ֆրանկ Մյուլլերը։ Բացի ֆիրմային խանութից, որի հանդիսավոր բացումը նույնպես երեկ էր, ընկերությունը Հայաստանում իրականացվելիք այլ ծրագրեր ունի։

«Ֆրանկ Մյուլլերի» ներկայացուցիչներից Առդել Շելեֆյանը տեղեկացրեց, որ Երեւանում ժամացույցների արտադրությունն արդեն գործում է։ Այստեղ ներդրված են նորագույն տեխնոլոգիաներ եւ կատարվել են 1 մլն դոլարից ավելի ներդրումներ։ Ֆրանկ Մյուլլերն ավելացրեց, որ ընկերությունը Հայաստանում երկարաժամկետ գործունեության նպատակներ ունի, որի ընթացքում կատարվելու են միլիոնավոր դոլարներ կազմող նոր ներդրումներ։ Չնայած շատ վաղՙ մեկ կամ երկու տարում շահույթ ստանալու ակնկալիքներ չկան, սակայն շվեյցարացի գործարարն այն կարծիքին է, որ այդ ներդրումները կարդարանան։ Իհարկե, նորաբաց խանութում վաճառվող ժամացույցները շատերի համար հասանելի չեն լինի, բայց Ֆրանկ Մյուլլերը հույս ունի, որ ընկերության ժամացույցները ձեռք բերել ցանկացողների թիվն աստիճանաբար կավելանա։ Մեր այն հարցին, թե ընկերությունը տարեկան որքա՞ն ժամացույց է արտադրում, Ֆրանկ Մյուլլերը պատասխանեց, որ այս տարի այդ թիվը կազմել է 46 հազար։

Լեռնային Ղարաբաղում ընկերության հիմնադրած արտադրության առնչությամբ Ադրբեջանի հիվանդագին արձագանքի վերաբերյալ հարցին Առդել Շելեֆյանը պատասխանեց, որ աշխարհը ներդրումների համար ազատ է, անկախ նրանիցՙ տվյալ տարածքը ճանաչվա՞ծ է, թե՞ ոչ։

Մամուլի ասուլիսից հետո «Ֆրանկ Մյուլլերի» մեկ այլ հայ ներկայացուցիչՙ Հրաչ Գաբրիելյանն, ի պատասխան լրագրողների հարցի, դժգոհություն հայտնեց իրենց կողմից հովանավորվող «Արարատ» ֆուտբոլային ակումբի նկատմամբ այս տարի ընդունված մի շարք որոշումների կապակցությամբ։ Նա նաեւ հայտնեց, որ իրենք ձեռնամուխ են եղել Ձորաղբյուրի մարզաբազայի հիմնանորոգմանը։

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4