Նյու Յորքում արագ շախմատի յուրօրինակ մրցախաղ են անցկացնում աշխարհի 12-րդ եւ 13-րդ չեմպիոններ Անատոլի Կարպովն ու Գարրի Կասպարովը։ Յուրաքանչյուր պարտիայի համար մրցակիցներին տրամադրվում է 25 րոպե գումարած 10 վայրկյան յուրաքանչյուր կատարված քայլի համար։ Մրցախաղը բաղկացած է 4 պարտիայից։ Անկախ մրցումների արդյունքից, Կասպարովը կստանա 200 հազար դոլար, Կարպովըՙ 50 հազար։ Նման ահռելի տարբերությունը մրցախաղի կազմակերպիչները բացատրում են շախմատիստների անհատական վարկանիշով։ Ինչպես հայտնի է, ՖԻԴԵ-ի վարկանիշային ցուցակում Կասպարովը զբաղեցնում է առաջին հորիզոնականը, իսկ Կարպովը 17-րդ տեղում է։ Մրցախաղն անցկացվում է ABC ընկերության ստուդիայում առանց հանդիսատեսների։ Պարտիաներն ուղիղ եթերով հեռարձակվում են միայն ինտերնետային ցանցով։
Որքան էլ որ տարօրինակ է, սակայն խաղացված երկու պարտիաներում էլ հաջողությունն ուղեկցել է սեւ խաղաքարերով հանդես եկած շախմատիստներին։ Առաջին պարտիայում 52-րդ քայլում հաղթանակ տարավ Գարրի Կասպարովը, 2-րդում 47-րդ քայլում հաջողության հասավ Անատոլի Կարպովը։
Գարրի Կասպարովն ու Անատոլի Կարպովը վաղեմի մրցակիցներ են, որոնք միմյանց հետ ռեկորդային թվով պարտիաներ են խաղացել։ Միայն 5 անգամ նրանք հանդիպել են աշխարհի չեմպիոնի կոչման մրցախաղում։ Դրանցից առաջինը շախմատի պատմության մեջ ավարտվեց սկանդալային վճռով։ Այն ժամանակվա ՖԻԴԵ-ի նախագահ Ֆլորիան Կամպոմանեսը պատճառաբանելով մրցակիցների հոգնածությունը, դադարեցրել էր մրցախաղը։ Իսկ վերջին մրցախաղը տեղի է ունեցել 1990 թ. Նյու Յորքում։ Այնպես որ մրցակիցները քաջատեղյակ են միմյանց հնարավորություններից։