«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#234, 2002-12-20 | #235, 2002-12-21 | #236, 2002-12-24


ԱԶԳԻ ՀՈԳԻՆ ՈՒ ՈՂՆԱՇԱՐՆ Է ԵԿԵՂԵՑԻՆ

«Հայ եկեղեցին 21-րդ դարում» թեմայով կլոր սեղան Թեքեյան կենտրոնում

ՍԵՐԳԵՅ ԳԱԼՈՅԱՆ

Հայ առաքելական եկեղեցին միշտ էլ բախտորոշ դեր է խաղացել մեր երկրի, մեր ժողովրդի կյանքում։ Դա անժխտելի փաստ է։ Այսօր եւս մեր ժողովուրդը եւ պետությունը կարեւորում են եկեղեցու դերը։ Դրա հաստատումն էր երեկ Թեքեյան մշակութային կենտրոնում անցկացված «Հայ եկեղեցին 21-րդ դարում» թեմայով կլոր սեղանը, որը կազմակերպել էր Հայաստանի Ռամկավար Ազատական կուսակցության Հանրապետական վարչությունը, եւ որը վարում էր վարչության անդամ իրավաբան Վահագն Փիլիպոսյանը։

Կլոր սեղանին մասնակցում էին Հայաստանի մտավորականության ներկայացուցիչներ, բարձրագույն ուսումնական հաստատությունների ռեկտորներ, ՀՀ ԳԱ ակադեմիայի ղեկավարներ, գրողներ, նկարիչներ, երաժիշտներ, բազմաթիվ ժուռնալիստներ։ Եվ պատահական չէր այսպիսի ակտիվությունը։ Հատկապես հայ մտավորականության համար հայոց եկեղեցին դարեր շարունակ սատար է եղել ու է։ Վկայություններ բերելն ուղղակի անտեղի է։

¬ Այսօրվա հայ իրականության նոր պայմաններում մեր ժողովրդի բարոյա-հոգեբանական որակապես նոր վիճակի ամրապնդմանը նպաստում է Հայ առաքելական եկեղեցու առօրյա գործունեությունը,¬ բացման խոսքում ասաց Հայաստանի Ռամկավար Ազատական կուսակցության ատենապետ Ռուբեն Միրզախանյանը։ ¬ Մենք նախ եւ առաջ նկատի ունենք կրթական ու հոգեւոր այն հսկայական աշխատանքը, որն իրականացվում է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի անմիջական ղեկավարությամբ։ Հայ առաքելական եկեղեցու կրթական գործունեության կարեւորությունն այն է, որ դա ծավալվում է ոչ միայն եկեղեցու ներսում, հայոց եկեղեցու սպասավորների համար։

Բանախոսն այնուհետեւ նշեց, որ հայ իրականության մեջ մեծ դեր են խաղում եկեղեցու անմիջական հովանավորության ներքո գործող հայորդաց տները, որոնք սոսկ կրոնաբանական քարոզչության կենտրոններ չեն, այլեւ հոգեւոր դաստիարակության իսկական կենտրոններ։

Ժողովրդավարական գործընթացների զարգացումները նոր որակ են հաղորդում ոչ միայն մեր ողջ հասարակությանն ընդհանրապես, այլեւ հայոց եկեղեցուն։ Ներկա իրավիճակն իր դրական նշանակությունն ունենալով, նաեւ տագնապալի շեշտեր ունի։ Մենք այսօր ականատեսն ենք բազմապիսի, բազմագույն աղանդների ներկայությանը Հայաստանում։ Այս խնդիրն իրապես անհանգստացնում է։ «Մեզՙ որպես քաղաքական կազմակերպության ներկայացուցչի, անհանգստացնում են այն երկակի ստանդարտները, որոնք հանդես են բերում որոշ, անգամ հեղինակավոր միջազգային կազմակերպություններ,¬ ասաց Ռուբեն Միրզախանյանը։ ¬ Ուզում ենք հայտարարել, որ վիճակը եթե ոչ անհանգստացնող է, ապա գոնե առկա է։ Այս եւ շատ ու շատ այլ հարցերի պատասխանների ակնկալիքն ունենք առաջին հերթին մեր կլոր սեղանին մասնակցող մտավորականներից, առավել եւս Վեհափառ տիրոջից»։

Ամենայն հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ն առ Աստված գոհունակություն բարձրացրեց, որ հայ մշակույթի մեծերից մեկիՙ Վահան Թեքեյանի անունը կրող կենտրոնում առիթ էր ստեղծվել մեր բոլոր մտածումները կիսել Հայ առաքելական եկեղեցու նշանակության շուրջ, ի մասնավորի ծանրանալով այն մարտահրավերների վրա, որոնց կոչված ենք պատասխանելու եւ 21-րդ դարում դիմագրավելու։ Խոսելով Հայ առաքելական եկեղեցու նպատակի եւ էության մասին, Վեհափառը նշեց, որ հայ եկեղեցին իր համար կարեւորագույն խնդիր է դարձրել ազգային միաբանության, ազգի միաբանության գործը։

¬ Մեր ժամանակներում եկեղեցու կողմից գերակայություն նկատվող հարցերը եւ խնդիրները կցանկանայինք ներկայացնել մեր այս հանդիպման մասնակիցներին,¬ ասաց Վեհափառը եւ մասնավորեցրեց,¬ առաջինը համայնքային կյանքի ձեւավորումն է, ապա, ըստ կարեւորության հերթականության, մենք նշում ենք եկեղեցաշինության, քրիստոնեական դաստիարակության, սոցիալական ծառայության ոլորտի, եկեղեցին կանոնադրությամբ օժտելու անհրաժեշտության, եկեղեցի-պետություն հարաբերությունների, նվիրապետական աթոռների հետ հարաբերությունների խնդիրները։

Ամենայն հայոց կաթողիկոսն իր խոսքում նշեց, որ այսօր եկեղեցականների թիվը դեռեւս բավարար չի նկատում։ Ամուսնացյալ եւ կուսակրոն 120 եկեղեցականներ են այսօր ծառայության մեջ Հայաստանում։ Սակայն բարձրագույն հոգեւորական կրթության կազմակերպման համար, սկսյալ Վազգեն Առաջին երջանկահիշատակ կաթողիկոսի գահակալության ժամանակներից, կոնկրետ, իրական գործ կատարվել է։ Հոգեւոր կրթական 3 հաստատություններըՙ Էջմիածնի Գեւորգյան ճեմարանը, Սեւանի Վազգենյան դպրանոցը եւ Գյումրու ընծայարանը եկեղեցու ծառայողներ են պատրաստում։ Էջմիածնում ուսանում են 120 երիտասարդներ, Սեւանումՙ 60, Գյումրիումՙ 50 սաներ։ Ըստ Վեհափառի խոսքի, այժմ նախապատրաստական վերջին աշխատանքներն են տարվում քահանաների պատրաստման հատուկ դասընթացներ բացելու համար։ Ի դեպ, ՀՀ բարձրագույն ատեստացիոն հանձնաժողովի որոշմամբ եկեղեցու 3 հաստատությունների շրջանավարտների դիպլոմները հավասարեցվել են ՀՀ բարձրագույն կրթության վկայականներին։

Երջանկահիշատակ Գարեգին Ա-ի նախաձեռնությամբ ստեղծվեց եւ այժմ էլ գործում է քրիստոնեական դաստիարակության եւ քարոզչության կենտրոնը։ Եկեղեցին մեծ ուշադրություն է դարձնում հայոց ազգային բանակում հայ հոգեւորի ներկայությանը։ 24 եկեղեցական ծառայողներ այժմ ծառայություն են անցկացնում բանակում։ Նման ծառայություն նախատեսվում է իրականացնել նաեւ աշխատանքային ուղղիչ հաստատություններում։

Վեհափառը կարեւորեց եկեղեցու միջոցով կազմակերպվող բարեգործական ծրագրերի իրականացումը, որոնց թիվն այսօր հասնում է 96-ի։ Մենք լավ ենք հիշում, թե 1988-ի ահավոր երկրաշարժից հետո բարեգործական ինչպիսի կարեւոր միջոցառումներ կազմակերպվեցին հայոց եկեղեցու ջանքերով։ Անշուշտ, մեծ դեր խաղացին հայկական բարեգործական միություններն ու կազմակերպությունները, որոնցից առանձնահատուկ կարեւորության խնդիրներ իրականացրեց եւ շարունակում է իրականացնել Հայկական բարեգործական ընդհանուր միությունը։ Այսօր էլ դեռեւս շարունակվում է Հայաստանի այն բնակիչների նյութական սատարումը, որոնք գտնվում են կենցաղային ոչ բավարար պայմաններում։ Բարեգործական ամեն մի ճաշարանից այժմ էլ օգտվում են 200-ից ոչ պակաս կարիքավորներ։

Անչափ կարեւոր է եկեղեցի-պետություն հարաբերությունը, որն այսօր հասել է սահմանադրական ճանապարհով համագործակցելու եւ միմյանց սատարելու աստիճանին։ Մանրամասն ներկայացնելով Հայ առաքելական եկեղեցու այսօրվա գործունեությունը, Վեհափառը սիրով պատասխանեց կլոր սեղանի մասնակիցներին հետաքրքրող հարցերին։ Իսկ դրանք, հասկանալի է, շատ էին ու բազմապիսի։

Հայ առաքելական եկեղեցու մասնատման փորձերը, երկփեղկվածության փաստը տարիներ, տասնամյակներ հուզել են բոլորիս։ Ուստի կարեւոր էր իմանալ Վեհափառի դիրքորոշումն այս կարեւոր խնդրի նկատմամբ։

¬ Հայ առաքելական եկեղեցու երկու աթոռների միջեւ աշխատանքներ իրականացվել են 1956 թվականից ի վեր մեր եկեղեցու մեջ գոյություն ունեցող այդ պառակտումը վերացնելու համար,¬ ասաց Վեհափառը։ ¬ Այսօր էլ մեր հարաբերությունները, հակառակ երբեմն-երբեմն ծայր առնող տարաձայնություններին, հատկանշված են եղբայրական սիրով եւ փոխըմբռնման ու փոխհամագործակցության ձգտումով։

«Ազգ» թերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը խոսեց Կոստանդնուպոլսո պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի գործունեության վերջին շրջանի մասին. «Թվում է, ասաց նա, որ ամենապատիվ սրբազան հայրը, ի տարբերություն իր երեւելի նախորդների, փորձում է բարձր քաղաքականություն խաղալ, որը խիստ վտանգավոր է մեր բոլորի համար։ Ավելին, շարունակեց նա, Մեսրոպ պատրիարքը Դանիայի արտգործնախարարության ներկայացուցչի հարցինՙ «Դուք հայ չե՞ք», պատասխանում է, որ ինքը ե՛ւ հայ, ե՛ւ թուրք է միաժամանակ, փոխանակ պարզապես ասելու, որ ինքը Թուրքիայի քաղաքացի է»։

¬ Մենք կապ չենք ունեցել սրբազան հոր հետ եւ բնականաբար հեռախոսազրույցով չենք կարող նաեւ հարցեր ճշտել, որոնք եւ որոշակի նրբություն են ներկայացնում առաջին հերթին քաղաքականության իմաստով,¬ նշեց Վեհափառը։ ¬ Մենք նկատի ունենք Թուրքիայում տիրող այսօրվա իրավիճակը եւ մեր ժողովրդի կացությունը Թուրքիո մեջ։ Մեր համոզումն է, որ ոչ մեկ հայ, առավել եւս հայոց եկեղեցու պատրիարք չէր հայտարարի, որ ինքը թուրք է։ Անշուշտ, նա ցանկացել է ասել, որ Թուրքիո քաղաքացի է։

Բանասիրության դոկտոր Կարլեն Դալլաքյանը խոսեց Հայ առաքելական եկեղեցու ներսում կատարված առանձին իրադարձությունների (ինչպես, ասենք, երջանկահիշատակ կաթողիկոս Գարեգին Ա-ի օծման հետ կապված), ինչպես նաեւ հայոց եկեղեցու ընդհանուր պատմության ու հիմնախնդիրներին նվիրված գիտաժողովների կազմակերպմանը։ Գրող, հրապարակախոս Զորի Բալայանին, Ցեղասպանության ինստիտուտ-թանգարանի տնօրեն Լավրենտի Բարսեղյանին, ԵՊԲՀ-ի ռեկտոր Վիլեն Հակոբյանին եւ այլոց հետաքրքրող հարցերը նույնպես սպառիչ պատասխաններ ստացան։ Ի մասնավորի նշվեց, որ Գարեգին Ա հայոց հայրապետի օծման արարողությունը ժամանակին կատարվել է Անթիլիասումՙ Ամենայն հայոց կաթողիկոսի օծման արարողության բոլոր կանոններին համապատասխան, ուստի վերաօծում կատարելու անհրաժեշտություն չկար։ Կարլեն Դալլաքյանի մտահոգությունը, թե Պոլսո պատրիարքությունում նկատվող իրադարձությունները Հայ առաքելական եկեղեցու երկփեղկման նոր վտանգ ունեն, Վեհափառը հանգստացրեց կլոր սեղանի մասնակիցներին, որ այդպիսի վտանգ չի լինի։

¬ Հայ առաքելական եկեղեցին, անշուշտ, հետեւում է աղանդների գործունեությանը։ Սակայն դրանց դեմ պայքարելու, մարտի մեջ մտնելու խնդիր չկա,¬ նշեց Վեհափառը։ ¬ Դարեր շարունակ հայոց եկեղեցին դիմացել է բոլոր տեսակի, այդ թվում նաեւՙ աղանդների հարձակումներին, սակայն կանգուն է մնացել ու պինդ է մնալու։

Պարզապես մենք պետք է առավել աշխույժ գործունեություն ծավալենք, որպեսզի սողանցքներ չթողնենք աղանդավորների համար։

Ինչպես նշեց կլոր սեղանի մասնակիցներից մեկըՙ հայոց եկեղեցին ազգի ոգին ու ողնաշարն է եղել, այդպես էլ լինելու է այսուհետեւ, նորՙ 21-րդ դարում, երրորդ հազարամյակում։

Կլոր սեղանի մասնակիցներին տեղեկություններ հաղորդվեցին, որ Արցախում գործող որոշ վանքեր եւ եկեղեցիներ նորոգվում, վերաշինվում ենՙ ինչպես հայոց բոլոր եկեղեցիները։ Երեւանումՙ Ծիծեռնակաբերդում, եկեղեցի կառուցելու նախաձեռնություն արդեն կա եւ կիրականացվի մոտ ժամանակներում։

Այս եւ այլ շատ հարցեր տրվեցին երեկ կայացած կլոր սեղանի ժամանակ։ Այն շատ սպառիչ պատասխաններ տվեց Հայ առաքելական եկեղեցու այսօրվա իրական վիճակը պատկերացնելու համար։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4