«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#234, 2002-12-20 | #235, 2002-12-21 | #236, 2002-12-24


ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ ԵՎ ԵՎՐԱԽՈՐՀՐԴԻ ԱՌՃԱԿԱՏՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

Երեկ, ժամը 16։00-ի դրությամբ կառավարությունը քրեական օրենսգրքի նախագիծը դեռեւս չէր ներկայացրել Ազգային ժողովում, փաստորեն խախտելով ԱԺ կանոնակարգի օրենքը։

Բանն այն է, որ կառավարությունը պարտավոր է օրակարգում ընդգրկված հարց-նախագիծն ԱԺ ներկայացնել նստաշրջանի սկզբից առնվազն 24 ժամ առաջ, իսկ 24 ժամը լրանում էր ժամը 12-ին։

Կառավարության նման դանդաղկոտությունը սակայն բացատրելի ու հասկանալի է։ Քրեական օրենսգիրքն ամենաուղղակի կերպով կապվում է մահապատժի սահմանման կամ չսահմանման հետ, որն էլ իր հերթին կապվում է Եվրախորհրդի առաջարկած եւ Հայաստանի վավերացմանը ներկայացրած «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների մասին» կոնվենցիայի 6-րդ արձանագրության հետ։

Կարճ ասած, քրեական օրենսգրքում քաղաքական ուժերի ճնշմամբ մահապատիժը որպես ծայրահեղ պատժամիջոց ընդգրկվում է, որը, սակայն, հակասում է վերոհիշյալ կոնվենցիայի այդ չարաբաստիկ արձանագրությանը։

Այս հիրավի հակասական վիճակի հեղինակները փաստացի հենց նույն քաղաքական ուժերն են, որոնք 1¬2 տարի առաջ ստորագրեցին ԵԽ բոլոր, այդ թվում եւ կոնվենցիան վավերացնելու պարտավորությունները կատարելու պատասխանատվությունը սահմանող փաստաթուղթը, իսկ հետո հանկարծ հայտնաբերեցին, որ հոկտեմբերի 27-ի ոճրագործներին մահապատժի ենթարկելու հարցում բարդություններ են լինելու։

Քրեական օրենսգրքի առաջին ընթերցման ժամանակ հակասությունը լուծելու տարբերակ մշակվեց։ Քր. օրենսգրքի նախագծի հետ մշակվելու էր այն գործողության մեջ դնելու մասին օրենք, որով պիտի սահմանվեր, որ մահապատիժը կիրառվում է միայն առանձնահատուկ դեպքերում։

Թվում է, թե լուծումը գտնված է, սակայն քր. օրենսգրքի առաջին ընթերցմանը հաջորդած շրջանում ԵԽ-ն, ի դեմս մոնիտորինգի հանձնախմբի, հստակ հայտարարեց, որ դա լավագույն լուծման տարբերակը չէ, մահապատիժը պետք է բացառվի սկզբունքորեն, որեւէ ժամկետային սահմանափակում օրենքի կիրառման առումով չի ընդունվում։ Իսկ եթե Հայաստանը կնախընտրի չանսալ այդ մոտեցումներին, վերջինիս հանդեպ սանկցիաներ կիրառելու հարցը կդրվի ԵԽ օրակարգում։ Այս չափազանց կարծր դիրքորոշումը հաջողվեց փոքրիշատե մեղմացնել միայն վերջերս, երբ եվրոպական այդ կառույցը կոնվենցիայի 6-րդ արձանագրությունը վավերացնելու համար Հայաստանին ժամանակ տվեցՙ մինչեւ 2003 թ.-ի հունիս։ Երբ ընտրություններն ավարտված կլինեն, եւ նոր իշխանություններն առանց քաղաքական կրքերի կանցնեն պարտավորությունների կատարմանը։

Դատելով սակայն հոկտեմբերի 27-ի դատավարության դանդաղ ընթացքից, ինչպես նաեւ հասարակության պահանջների անզիջողականությունից, մինչեւ ժամկետի ավարտը ոճրագործների «հարցը լուծված» չի լինի, եւ դրա հետեւանքները քաջ գիտակցում է հենց իշխանությունը։

Ուստի բոլորովին պատահական չէ, որ ԵԽ-ին մոլորեցնելու նոր մեխանիզմներ են մշակվում։ Մասնավորապես վերջերս շրջանառության մեջ դրվեց մի մեխանիզմ, համաձայն որի իրավական լուծումներ են փնտրվում, որպեսզի հոկտեմբերի 27-ը ներկայացվի որպես... պատերազմի սպառնալիք։

Այստեղ ողջ խնդիրն է, որքանո՞վ էր 1999 թ.-ի հոկտեմբերի 27-ը պատերազմական կամ պատերազմի սպառնալիքի հետեւանք։

ԳՈՌ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4