«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#234, 2002-12-20 | #235, 2002-12-21 | #236, 2002-12-24


ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-ԻՑ ՄԻՆՉԵՎ ՀՈՒՆՎԱՐԻ 6

Դեկտեմբերի 25-ին քրիստոնյա ողջ աշխարհը, բացառությամբ Հայաստանյայց առաքելական եկեղեցու, տոնում է Հիսուս Քրիստոսի Սբ. Ծնունդը։ Ու մինչ քրիստոնյա աշխարհը ցնծության մեջ է, մեծ աշխարհի Հայաստան կոչված փոքրիկ անկյունում Բեթղեհեմյան Մանուկի ծննդյան ավետիսին պետք է սպասել եւս 12 օրՙ մինչեւ հունվարի 6-ը։

Եվ եթե եկեղեցական տոներին քիչ ծանոթ մեր հայրենակիցը շփոթահար հարցնիՙ ինչո՞ւ, շտապենք հանգստացնել. պատճառը, քաղաքական լինելով հանդերձ, շատ ավելի պարզ է։ Խոսքն, իհարկե, եկեղեցիների քարոզչության քաղաքականության մասին է։ 5-րդ դարում արեւմտյան եկեղեցիները, արեգակին նվիրված ձմեռային արեւադարձի հեթանոսական տոնը մոռացության ենթարկելու ցանկությամբ, Քրիստոսի Սբ. Ծննդյան տոնը հունվարի 6-ից տեղափոխեցին դեկտեմբերի 25-ը (առաջին դարում արեւադարձի օրը դեկտեմբերի 24¬25-ն էր եւ ոչՙ 22¬23-ը)։ Իսկ ավանդապահ Հայ եկեղեցին հավատարիմ մնաց առաքյալների սահմանած կանոնին։

Սա, իհարկե, չի նշանակում, որ Հայաստանում կուշանա նաեւ Ամանորը։ Անկասկած, այն Հայաստան կգա ճիշտ դեկտեմբերի 31-ի գիշերըՙ ինչպես ամենուր։ Սակայն ամանորյա ճոխ սեղանի շուրջ եւս պետք է հիշել, որ դեռ սպասում ենք Աստվածահայտնությանը։

Այնպես որ, զինվենք համբերությամբ, ու սպասենք առաքելադիր հունվարի 6-ին, հատկապես որ Սբ. Ծննդին նախորդելու է Ծննդյան մեկշաբաթյա պահքը։

Սա էլ միանշանակորեն չպետք է համարել ժուժկալության բացարձակ կոչ...

Հ. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4