Եռօրյա այցով Երեւանում էր Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Բայանդուրյանը, որն էլ տեղեկացրեց, որ 2003 թ. լրանում է Թբիլիսիի Պ. Ադամյանի թատրոնի 145-ամյակը։ Հոբելյանական հանձնաժողովը մշակել է հատուկ ծրագիրՙ մեծ շուքով տոնելու այն։
Թատրոնի խնդիրների ու պրոբլեմների շուրջ իմ հարցադրմանը պրն Բայանդուրյանը նշեց, որ թատրոնը տարեկան 3¬4 նոր ներկայացում է բեմադրում, իսկ խաղացանկում ունի 30-ից ավելի ներկայացումներ։ Վրաստանի կառավարությունը թատրոնին տալիս է միայն աշխատավարձերի գումարը, իսկ մնացած բոլոր ծախսերըՙ կապված բեմադրական ծախսերի հետ, հոգում է թատրոնի տնօրինությունըՙ տոմսերի մուտքերից նաեւ։ Ներկայումս թատրոնի դերասանական խումբը կազմված է պրոֆեսիոնալ դերասաններից, որով էլ պայմանավորված են ներկայացումների հաջողությունները։ Թատրոնում աշխատում են 4 պրոֆեսիոնալ բեմադրող ռեժիսորներ։ Թատրոնը վիրահայության եւ հյուրերի համար ծառայում է նաեւ որպես մշակույթի կենտրոն ու իջեւանատուն, ուր հաճախակի են կայանում հետաքրքրական հանդիպումներ, բանավեճեր ու քննարկումներ։ Ուրախալի է, որ Թբիլիսիի մանկավարժական ինստիտուտում հատուկ հայերի համար բացվել է դերասանական կուրս։ Պրն Բայանդուրյանը նշեց նաեւ, որ արդեն պատրաստ է Նարեկացու «Մատյան ողբերգության» բեմականացված տարբերակը, որով էլ Հայաստանում ցանկանում են մասնակցել պոեմի 1000-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումներին։
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ