ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի, Բնության եւ հասարակության մասին գիտությունների միջազգային ասոցիացիաների հայկական մասնաճյուղերի ղեկավար, պրոֆեսոր Ռաֆայել Մելիք-Օհանջանյանն այսօր քաղաքացիական ավիացիայում պատվոգրեր եւ շքանշաններ հանձնեց հանրապետության հասարակական եւ գիտական կյանքում իրենց ավանդը ներդրած մի շարք անձանց։ Գիտության ոլորտում ունեցած ավանդի համար Գերմանիայի բնական գիտությունների եւ արվեստի բարձրագույն պարգեւիՙ «Ոսկե թագ» մեդալի է արժանացել ՀՀ ԳԱԱ նախագահ Ֆադեյ Սարգսյանը, «Աշխարհի ասպետների միջազգային ասոցիացիայի» ասպետ մրցանակինՙ Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ եպսկ. Կճոյանը։ Առողջապահության բնագավառում ունեցած ավանդի համար «Ոսկե մեդալ»-ի են արժանացել ակադեմիկոսներ Բագրատ Ղարիբջանյանը, Վիլեն Մնացականյանը եւ Թամար Սարգսյանը։
ՌԴ բնական գիտությունների ակադեմիայի եւ բնության ու հասարակության մասին գիտությունների միջազգային ասոցիացիայի շարքերը համալրվեցին հայ նոր գործիչներով։ Նորընտիր անդամներ դարձան ՀՀ ոստիկանապետի տեղակալ Արմեն Երիցյանը, Արմավիրի մարզի դատախազ Մնացական Սարգսյանը, Արարատ Գոմցյանը եւ ուրիշներ։ «Պատվավոր դոկտորի» եւ Աշխարհի ժողովուրդների հոգեւոր միասնության միջազգային ակադեմիայի թղթակից-անդամների դիպլոմներ հանձնվեցին մի շարք այլ անձանց։
Պարգեւատրվածները շնորհակալություն հայտնեցին պարգեւների համարՙ վստահեցնելով, որ իրենց ավանդն այսուհետ եւս ի նպաստ կներդնեն գիտության զարգացման գործին։