«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#234, 2002-12-20 | #235, 2002-12-21 | #236, 2002-12-24


ՄՈՍԿՎԱ-ԵՐԵՎԱՆ ԻՆՔՆԱԹԻՌԸ ՄԱՌԱԽՈՒՂԻ ՊԱՏՃԱՌՈՎ ԻՋԵԼ Է ԲԱՔՎՈՒՄ

ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մոսկվա-Երեւան չվերթ իրականացնող «Բոինգ-733» ինքնաթիռը երեկ գիշերը վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում։ Ըստ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սամվել Մարգարյանի, «Արմենիա» միջազգային օդանավակայանը երեկ գիշերը փակ է եղել մառախուղի պատճառով։ Նրա խոսքերով, ինքնաթիռի ռուսական անձնակազմը Գյումրիում վայրէջք կատարելու հնարավորություն չի ունեցել, քանի որ այդ ժամին օդանավակայանը չի աշխատել։

Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետը վստահեցրեց, որ վայրէջքի ժամանակ որեւէ խնդիր չի առաջացել։ Ըստ նրա, սա առաջին դեպքը չէ, մի քանի օր առաջ նմանօրինակ դեպք է արձանագրվել նաեւ բրիտական ավիաուղիների չվերթի ժամանակ։

«Մենք աշխատում ենք Բաքվի մեր գործընկերների հետ, եւ պատրաստ ենք անհրաժեշտության դեպքում նաեւ նրանց օգնել», ասաց Ս. Մարգարյանն, ավելացնելով, որ քաղաքացիական ավիացիան քաղաքականությամբ չի զբաղվում։ Նշենք, որ ինքնաթիռի հարկադրված վայրէջքը տեւել է մոտ 1 ժամ 40 րոպե։

Ս. Մարգարյանը վստահեցրեց, որ այսօր «Արմենիա» օդանավակայանի չվերթներն իրականացվում են բնականոն հունով։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4