Ըստ Հայհիդրոմետ կենտրոնի տնօրեն Գենադի Կոջոյանի, մինչեւ տարեվերջ ջերմաստիճանային ռեժիմը կբնորոշվի պարբերական տատանումներով։
Այս տարվա ձմեռը շարունակում է անակնկալներ մատուցել։ Ամենացուրտ եղանակը սպասվում է դեկտեմբերի 26-ին, 28-ին եւ 29-ին, երբ գիշերը կարող է լինել -15-ից -20, իսկ ցերեկը -8-ից -10 աստիճան ջերմաստիճան։ Համեմատաբար տաք օրերին ցերեկային ջերմաստիճանը կտատանվի 0-ից -5-ի միջակայքում, գիշերը կլինի մինչեւ -10 աստիճան ցուրտ։ Դեկտեմբերի 25-ին եւ 27-ին կարճատեւ ձյուն կտեղա, 30-ին, 31-ին եւ հունվարի 1-ին ենթադրվում են առատ տեղումներ։
Այս տարվա ձմեռն ապացուցեց, որ քաղաքի սանմաքրման կազմակերպություններն ի վիճակի չեն դիմագրավելու անընդմեջ տեղացող ձյանը։ Մեխանիզացիայի խիստ պակաս կա։ Քաղաքը մաքրվում է տարերայնորենՙ որոշ հատվածներ խնամքով եւ ջանադիր, որոշներն ընդհանրապես ուշադրության չեն արժանանում։ Իրավիճակից դուրս գալու ելքը քաղաքապետը համարում է մաքրման աշխատանքներում համայնքների շինարարական կազմակերպությունների ներգրավումը, նաեւ բոլոր այն ձեռնարկությունների, որոնք համապատասխան մեխանիզացիա ունեն։
Իսկ ընդհանրապես, օրերը ցրտելու օդերեւութաբանների կանխատեսումները հավանաբար ավելի կբարդացնեն ձյան կուտակումները մաքրելու աշխատանքները։ Մնում է, որ արտակարգ ձմռանը դիմակայելուն ակտիվորեն մասնակցեն բնակիչներըՙ թե՛ աշխատող, թե՛ գործազուրկ։ Ամեն մեկն իր տունը, աշխատավայրը, փողոցն ու շրջակայքըՙ իր ոտքի տակը սրբելու սկզբունքով։ Ստիպված են այդպես անել։
Կ. Դ.