Ներառյալ Հայաստանի հարեւաններՙ Իրանը, Թուրքիան, Վրաստանը, Ադրբեջանը
Սկսած 1994 թվականից ամեն տարի ՄԱԿ-ում, Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի աշխատանքների շրջանակում, ընդունվում է «ՄԱԿ-ԵԱՀԿ համագործակցություն» բանաձեւ, որում անդրադարձ է արվում ԵԱՀԿ տարածաշրջանում առկա խնդիրներում ՄԱԿ-ի հետ համագործակցության հարցերին, որոնց թվումՙ ԼՂ հակամարտության կարգավորմանը։ «ՄԱԿ-ԵԱՀԿ համագործակցության» բանաձեւի ԼՂ-ին վերաբերող հատվածում մասնավորապես նշվում է, որ չնայած հակամարտող կողմերի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) միջնորդական առաքելության ջանքերին, խնդրի վերջնական լուծումը ձգձգվում է, այնինչ պիտի նպաստեր տարածաշրջանում անվտանգության, կայունության, համագործակցության ապահովմանը։ Յուրաքանչյուր տարի ադրբեջանական կողմը փոփոխություն է ներկայացնում ԵԱՀԿ նախագահության տեքստինՙ ԼՂ մասով առաջարկելով իրեն շահավետ ձեւակերպումՙ «ԼՂ հակամարտություն» կապակցության փոխարեն տեքստում գրելՙ «Ադրբեջանի մաս ԼՂ հակամարտություն»։
Այս տարի եւսՙ դեկտեմբերի 20-ին, ինչպես նախորդ տարիներին, ադրբեջանական կողմը հերթական փոփոխությունն է առաջարկել, որը, բնականաբար, ընդունվել է, քանի որ անգամ մեկ կողմ ձայնի փոփոխությունը համարվում է կայացած, եւ 1994 թ. ի վեր բոլոր բանաձեւերում նշվում է ոչ թե «ԼՂ հակամարտություն», այլՙ «Ադրբեջանի մաս ԼՂ հակամարտություն»։ Միակ երկիրը, որն ամեն տարի դեմ է քվեարկում Ադրբեջանի առաջարկած փոփոխությանը, Հայաստանն է։
ՀՀ ԱԳՆ-ն այս տարվա քվեարկության արդյունքները գնահատել է դրական, քանի որ ՄԱԿ-ի անդամ 191 երկրներից միայն 37-ն է քվեարկել հօգուտ փոփոխության։ Ըստ էության, «ՄԱԿ-ԵԱՀԿ համագործակցության» բանաձեւից կարող ենք պատկերացում կազմել, թե որ երկրներն են անվերապահորեն Լեռնային Ղարաբաղը համարում Ադրբեջանի մաս։ Դրանք հիմնականում Իսլամական կոնֆերանս կազմակերպության, ՎՈւՈւԱՄ (Վրաստան, Ուկրաինա, Ուզբեկստան, Ադրբեջան, Մոլդովա) անդամ պետություններն են, ինչպես նաեւՙ նախկին ԽՍՀՄ համարյա բոլոր հանրապետությունները։ Մահմեդական պետություններից այս տարի «ձեռնպահ» են քվեարկել Ալժիրը, Եգիպտոսը եւ Ինդոնեզիան, իսկ Սաուդյան Արաբիան 47 այլ երկրների հետ չի մասնակցել քվեարկությանն ընդհանրապես։ Եվրամիության անդամ բոլոր 15 երկրները, ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահությունը եւս «ձեռնպահ» են մնացել։
Փաստորեն, 2002 թ. քվեարկությանն Ադրբեջանի համար շահեկան բանաձեւի օգտին քվեարկել է 37 պետություն։ Համեմատության համար նշենք, որ 2001 թ.-ին այդ պետությունների թիվը եղել է 34, 2000-ինՙ 62, 1999-ինՙ 55, 1998-ինՙ 114։
1994 թվականից Հայաստանի հարեւան բոլոր չորս պետություններըՙ Իրանը, Թուրքիան, Ադրբեջանը եւ Վրաստանը, «ՄԱԿ-ԵԱՀԿ համագործակցության» բանաձեւի քվեարկության ընթացքում որդեգրում են ադրբեջանանպաստ դիրքորոշում։
ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ