Դրա հիմքում հավաստիությունից բխող մտահոգությունն է
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ
Դեկտեմբերի 15-ին Թուրքիայի արտգործնախարար Յաշար Յաքըշը, արձագանքելով իսլամամետ «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Հայաստանին ուղղված դրական ազդանշաններին, հայ-թուրքական հարաբերությունների առումով բարենպաստ հայտարարություն էր արել։ Յաքըշի այս հայտարարությունը որպես Հայաստանի հետ մերձեցման թուրքական միտումների հերթական դրսեւորում, կարելի էր սովորական համարել։ Այն առումով, որ Թուրքիայում իշխանափոխությունից հետո ձեւավորված յուրաքանչյուր կառավարություն այդպիսի միտումներ էր ցույց տալիս, սակայն դրանք Ադրբեջանի հակազդեցության պատճառաբանությամբ ոչ մի կերպ զարգացում չէին ստանում։
Հարկ է սակայն նշել, որ Յաքըշի հայտարարությունն էապես տարբերվում է նախորդների հայտարարությունից։ Հայ-թուրքական հարաբերությունները նա ոչ միայն ադրբեջանական կարծիքով չի պայմանավորում, այլեւ այդ կարծիքը փաստորեն անտեսելու մղումով ընդգծում է. «Մենք հաշվի ենք առնելու Ադրբեջանի մտահոգությունները հայ-թուրքական համագործակցության առումով։ Սակայն եթե մեր տնտեսական շահերը պահանջեն հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ, մենք դա կանենք»։
Այլ կերպ, թուրքական նորընտիր իշխանությունները, հանձին արտգործնախարարի, հայ-թուրքական հարաբերություններում նախապատվությունը տալիս են Թուրքիայի տնտեսական շահերին, եւ դրանք գերադասում Ադրբեջանի «ազգային շահերից»։
Սա արդեն Հայաստանի հետ մերձեցման թուրքական միտումների առումով միանգամայն անսովոր երեւույթ է թուրքական իրականության մեջ, եւ դրանց զարգացման համար նախադրյալներ է ստեղծում։ Այդ ընթացքում Ադրբեջանը վերջնականապես զրկվում է Թուրքիայի հետ հարաբերությունները որպես խաղաքարտ Հայաստանի դեմ օգտագործելու եւ դրանց կարգավորումն անմիջականորեն ղարաբաղյան հիմնահարցով պայմանավորելու հնարավորությունից։
Թերեւս այս ամենի առումով պատահական չէր Յաքըշի հայտարարությանն Ադրբեջանի բուռն հակազդեցությունները։ Ընդ որում, եթե վերջինն իր հայտարարությամբ հայ-թուրքական հարաբերությունները դուրս էր բերում Ադրբեջանի վերահսկողությունից, ապա ադրբեջանցիները, հակազդելով դրան, ոչ միայն միջամտում են թուրքական նորընտիր իշխանության գործունեությանն ու որդեգրած արտաքին քաղաքականությանը, այլեւ ընդլայնում են հակակառավարական այն ուժերի հնարավորությունները, որոնք վերջիններիս վրա ճնշում գործադրելու համար անխնա շահարկում են ինչպես Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության, այնպես էլ Կիպրոսի հակամարտության կարգավորման հիմնահարցերը, որպեսզի նրանց դեմ առաջ բերեն բնակչության լայն զանգվածների դժգոհությունը։ Այս պայմաններում վարչապետ Աբդուլլահ Գյուլի կառավարությունը, որի հարաբերությունները երկրում սկսել են սրվել նախագահ Ահմեդ Նեջդեթ Սեզերի եւ թուրքական զինված ուժերի գլխավոր շտաբի հետ, այդ ուժերի համար նաեւ Հայաստանի հարցում խոցելի է դառնում։
Ուրեմն, Թուրքիան հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը Ադրբեջանի դիրքորոշմամբ պայմանավորելիս ոչ միայն ձախողել է իր հայկական քաղաքականությունը, այլեւ հայտնվել ադրբեջանցիների կամակորությունները հանդուրժելու հարկադրանքի առջեւ։ Սա նշանակում է, որ նրա հայկական քաղաքականության հետ ձախողվել է նաեւ ադրբեջանական քաղաքականությունը։ Իսկ դա համազոր է թուրքական պետության անդրկովկասյան քաղաքականության լիակատար ձախողմանը։
Դրանում համոզվելու համար կարելի է անդրադառնալ Յաքըշի հայտարարությանն Ադրբեջանի արձագանքներին։ Ի դեպ, հայտարարությունից հետո ադրբեջանական մամուլն սկսեց շարունակաբար «կասկածի» տակ դնել դրա հավաստիությունը։ Դեկտեմբերի 19-ին Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Մեթին Միրզան, առանց որեւէ հիմնավորման, հերքեց հայտարարության իսկությունը։ Դեկտեմբերի 20-ին խոսնակին միացավ արտգործնախարար Վիլայաթ Գուլիեւը, չմոռանալով թուրքական իշխանություններին խելք սովորեցնել, թե Թուրքիայի հետ համագործակցելու համար Հայաստանից ո՞ր նախապայմանների կատարումը պետք է պահանջել։
Մինչդեռ խոսքը վերաբերում է ոչ թե Թուրքիայի, այլՙ Հայաստանի հետ համագործակցությանը։ Քանի որ դրա մասին Յաշար Յաքըշն էր հայտարարել, իսկ նա Թուրքիայի արտգործնախարարն է, ուստի համագործակցության պատրաստակամությունը թուրքական կողմին է պատկանում։ Եթե Յաքըշը տրամաբանական համարեր Հայաստանի հետ համագործակցության պատրաստակամություն հայտնելիս միաժամանակ նրան նախապայմաններ առաջադրելը, ինչպես առաջադրում էին թուրքական նախորդ իշխանությունները, ապա դրա համար Գուլիեւի խորհրդի կարիքը չէր զգա։ Յաքըշը քաջ գիտակցում է, որ այս պայմաններում նախապայմաններ առաջադրելն անտրամաբանական է։ Ելնելով ավելի քան 11 տարվա փորձից եւ Հայաստանի բարձրագույն ղեկավարության անզիջում դիրքորոշումից, նա չի կարող չհասկանալ նաեւ նախապայմանների առաջադրման սնանկությունը։
Սա կարեւոր հանգամանք է։ Հարկ է սակայն նշել, որ Հայաստանի հետ համագործակցության հարցում Թուրքիայի համար ավելի քան կարեւորն ամերիկյան նախաձեռնության ընդառաջումն է։ Ահա թե ինչու հայ-թուրքական հարաբերությունների առնչությամբ Յաքըշի բարենպաստ հայտարարությունը ժամանակացույցով զուգադիպում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան համանախագահ Ռուդոլֆ Փերինայի ղարաբաղյան հակամարտության կարգավորման առումով միանգամայն բարենպաստ հայտարարություններին։ Դրան է հետեւում ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ Մարկ Գրոսմանի կոչը թուրքական նոր կառավարությանը. «Շարունակել հայ-թուրքական հաշտեցման ուղղությամբ ջանքերը, որպեսզի Հայաստանն ու Թուրքիան կարողանան ընթանալ համատեղ տնտեսական զարգացման ճանապարհով»։
Թուրքական նորընտիր իշխանությունները քաջ գիտակցում են նաեւ ամերիկյան վերոհիշյալ նախաձեռնության կարեւորությունը։ Թերեւս Յաքըշի հայտարարության զուգադիպությունը Փերինայի հայտարարություններին հենց այդ գիտակցությունն է պայմանավորում։ Ինչ վերաբերում է հայտարարության հավաստիությանը, ապա «Թրքիշ դեյլի նյուսը» դա երկու օր ուշացումովՙ դեկտեմբերի 17-ին է հրապարակել։ Կարծում ենք, այդ երկու օրը բավական էր, որ Թուրքիայի արտգործնախարարության խոսափողը հանդիսացող այդ թերթն ստուգի Յաքըշի հայտարարության իսկությունը։
Ուրեմն, ադրբեջանական մամուլի եւ Ադրբեջանի արտգործնախարարության հակազդեցության պարագայում հարցը Յաքըշի հայտարարության հավաստիությունը չէ, այլ հավաստիությունից բխող լուրջ մտավախությունը։ Ակնհայտ է, որ Թուրքիան որքան էլ Ադրբեջանին կրտսեր եղբայր համարի, ընդառաջման հարցում ամերիկյան նախաձեռնությունը գերադասելի է ադրբեջանական կամակորություններից։ Այլապես նա կհայտնվի իր ռազմաքաղաքական հզոր դաշնակցի նախաձեռնությունը հանուն կրտսեր եղբոր ձախողելու դրության մեջ։ Ժամանակն է, որ Ադրբեջանը հասկանա այս պարզ ճշմարտությունը եւ հրաժարվի ավագ եղբորը իր եւ ԱՄՆ-ի միջեւ երկընտրանք կատարելու պարտավորության առջեւ կանգնեցնելուց։