Անցնող տարին նշանավորվեց նաեւ նրանով, որ Հայաստանի ռազմավարական գործընկեր Ռուսաստանի Դաշնությունում երկրի նոր դեսպան նշանակվեց։ Արմեն Սմբատյանը այդ պաշտոնը նախկին դեսպանից ժառանգեց մայիսի սկզբին եւ կես տարուց մի փոքր ավելի ժամանակահատվածում կարողացավ զգալի ակտիվացում ապահովել հայ-ռուսական հարաբերություններում։
«Ազգի» մոսկովյան թղթակցի բացառիկ հարցազրույցը նպատակ ունի ներկայացնել դեսպանի եւ նրա ղեկավարած կառույցի գործունեության արդյունքները 2002 թվականի նշված ժամանակահատվածում։
¬ Արդեն կես տարուց ավելի Դուք ղեկավարում եք արտասահմանում Հայաստանի ամենամեծ դեսպանությունը։ Կարո՞ղ եք ասել, որ նախնական փուլի համար առաջադրված խնդիրները լուծում են գտել։
¬ Դժվար է միանշանակ գնահատական տալ անցած ժամանակահատվածին։ Նախ այն, որ ես դիվանագիտության ասպարեզ եմ եկել մշակույթի աշխարհից, արդեն իսկ պայմանավորում էր, որ դեսպանի աշխատանքի առաջին փուլի խնդիր է լինելու նոր բնույթի աշխատանքին ներսից ծանոթանալը, բոլորովին նոր որակի կապերի եւ հարաբերությունների ձեւավորումը։ Այս ամենը պետք է կատարվի պրակտիկ աշխատանքին զուգահեռ, դեսպանությունը բարեգործական հիմնարկ չէ, իսկ երկրի շահերը պահանջում են ամենօրյա լարված աշխատանք։
Իմ գործունեությունը կնախընտրեի փուլերի չբաժանել, քանի որ, ի վերջո, դառնալու է ամբողջական մի փուլ, որն էլ արդեն կարելի կլինի գնահատել։ Իսկ այսօրվա դրությամբ կարող եմ նշել, որ հաջողություններ մեր դեսպանատան աշխատանքում կան, եւ սա պայմանավորված է ոչ միայն եւ ոչ այնքան իմ անձով, որքանՙ ողջ կոլեկտիվի ջանքերով։ Վստահ կարող եմ ասել, որ դեսպանության ողջ անձնակազմը աշխատում է մեկ ընտանիքի պես, ինչը ինձ շատ է հուսադրում, որ այն ամենը, ինչ ես կփորձեմ կյանքի կոչել այս պաշտոնում, միանգամայն հնարավոր խնդիր է։
¬ Միջպետական հարաբերություններում չափազանց հաճախ է նշվում, որ Հայաստանը եւ Ռուսաստանը օրինակելի գործակցություն ունեն ռազմական եւ ռազմատեխնիկական ոլորտներում, մինչդեռ քաղաքական կամ տնտեսական առումներով հնարավորությունների չնչին մասն է օգտագործվում։ Դուք փորձե՞լ եք այդ ուղղությունները ակտիվացնել։
¬ Ես համոզված եմ, ցանկացած համագործակցություն, հատկապես հայ-ռուսականը, հիմքում պետք է ունենա տնտեսական բաղադրիչը։ Այստեղից է սկսվում հիմնարար աշխատանքը։ Անկախանալուց ի վեր, իսկապես, մեր երկրի եւ Ռուսաստանի ռազմական համագործակցությունը աննախադեպ աճ է ունեցել եւ շարունակական բնույթ ունի, սակայն ինտեգրման ցանկալի մակարդակի ապահովումը հնարավոր է տնտեսական ամենալայն համագործակցության շնորհիվ։ Այս մի քանի ամիսների ընթացքում հասցրել եմ ռուսաստանյան որոշ շրջաններ այցելել, եւ, հավատացեք, տնտեսական հեռանկարը ակնհայտ է։ Իվանովոյի նահանգապետը չափազանց շահագրգիռ էր Հայաստանում տեքստիլ արդյունաբերությունը վերականգնելու խնդրում, մերձավորարեւելյան շուկայում այդ արտադրանքը լրիվ մրցունակ է։ Ավելորդ եմ համարում հիշեցնել, որ Հայաստանը տեքստիլի հսկա պոտենցիալ ունի։ Սանկտ Պետերբուրգի նահանգապետն է շահագրգիռ առեւտրական հարաբերություններ ստեղծելու Հայաստանի հետ, եւ կարծես սառույցը տեղից շարժվում է։ Ըստ նրա, վերջին երկու տարում ապրանքաշրջանառության ծավալը նահանգի եւ Հայաստանի միջեւ 15-ական տոկոս աճ է արձանագրել։ Համաձայնեք, զգալի թիվ է, եթե հաշվի առնենք, որ նախորդ տարիների աճը 2¬3 տոկոսը չի գերազանցել։ Օրինակները շատ-շատ են։
¬ Այսօր Ռուսաստանում ապրող հայերի թիվը համեմատելի է թերեւս միայն Հայաստանի բնակչության թվի հետ, նրանց զգալի մասը ՀՀ քաղաքացիներ են։ Բնականաբար, նրանցից շատերը խնդիրներ ունեն դեսպանատան, հատկապես հյուպատոսական ծառայության հետ։ Շատերը բողոքում են հերթերի երկարությունից։ Խնդիրը լուծում ունի՞։
¬ Նախկինում Ռուսաստանում ապրելու խնդիր չի եղել, ռուսահայությունը երբեք սփյուռք չի համարվել։ Սա բոլորովին նոր իրողություն է, որը նոր հարցեր է առաջ բերում։ Հոգեբանորեն շատերը չեն կարողանում հարմարվել այն իրողությանը, որ այսօրվա Ռուսաստանը արտասահման է, իսկ արդյունքում ծագում են զուտ իրավաբանական լուծում պահանջող խնդիրներ։ Բնականաբար, մարդիկ դիմում են հյուպատոսական ծառայությանը, եւ հանուն արդարության պետք է նշեմ, որ մեր ծառայության անձնակազմի քանակը իսկապես չի բավարարում բոլոր դիմողներին սպասարկելու համար։ Ունենք գլխավոր հյուպատոսություն Սանկտ Պետերբուրգում, բայց այնտեղ էլ նույն վիճակն է։ Պատկերացրեք, կամ Ռուսաստանի ողջ արեւելքով մեկ սփռված հայերը պետք է Մոսկվա հասնեն, կամ արեւմուտքի հատվածիցՙ Սանկտ Պետերբուրգ։ Երկրի հայաշատ շրջաններում եւս մի քանի հյուպատոսական կետեր բացելու աշխատանքներ ենք տանում, եւ, հույս ունեմ, շատ շուտով դրանք կգործեն։ Այնպես որ, խնդիրը լուծում ունի։
¬ Իսկ հայկական կազմակերպությունների հետ այս ուղղությամբ համագործակցությունը կարո՞ղ է արդյունավետ լինել։
¬ Անշուշտ։ Դեսպանության հետ ակտիվ համագործակցում է «Ռուսաստանի հայերի միությունը», որը շատ հարցերում կարողանում է նեցուկ լինել մեզ եւ հասնել խնդիրների ավելի պարզ լուծման, քան կարելի էր պատկերացնել։ Մեզ հետ հարաբերություններ են պահպանում նաեւ այլ կազմակերպություններ եւ իսկապես օգտակար գործ են անում։ Իհարկե, այս առումով «ՌՀՄ» հնարավորությունները զգալի են, այդ կառույցը ակտիվորեն համագործակցում է ռուսական իշխանությունների հետ եւ կարողանում է վերցրած բեռի տակից պատվով դուրս գալ։
¬ Պաշտոնավարման մի քանի ամիսների ընթացքում հազվադեպ էր պատահում, որ երկու շաբաթ անընդմեջ Մոսկվայում լինեիք։ Ձեր հաճախակի այցերը Երեւան ի՞նչ արդյունավետություն ունեին։
¬ Դրանք ինքնանպատակ չեն, ահա, հիմա էլ, մի քանի օր է ինչ վերադարձել եմ եւ նորից գործնական արդյունքով։ Այս տարվա ընթացքում մի շարք չափազանց կարեւոր այցեր կազմակերպվեցին, մի շարք ոչ պակաս կարեւոր փաստաթղթեր ստորագրվեցին ամենատարբեր ոլորտների վերաբերյալ։ Իհարկե, որպես մշակույթի մարդ, կարող էի առավել ընդգծել ՌԴ մշակույթի նախարարության հետ կապերի սերտացումը, սակայն միանգամայն անկեղծ ասեմ, որ ամենանշանակալիցը ՌԴ վարչապետ Մ. Կասյանովի հետ ստորագրած համաձայնագիրն էր հայկական ձեռնարկությունները պետական պարտքի դիմաց Ռուսաստանին հանձնելու մասին։ Պատկերացրեք միայն բացվելիք աշխատատեղերի քանակը եւ, աշխատելու պարագայում, այդ գործարանների նշանակությունը ե՛ւ Ռուսաստանի, ե՛ւ Հայաստանի համար։
¬ Երկու ամսից էլ քիչ ժամանակ է մնացել նախագահական ընտրություններին, ինչպե՞ս են դրանք կազմակերպվելու Ռուսաստանում, որտեղ, ըստ տարբեր տվյալների, Հայաստանի մի քանի հարյուր հազար քաղաքացի է բնակվում։
¬ Ընտրությունները կկազմակերպվեն եւ կանցկացվեն ՀՀ ԿԸՀ-ի սահմանած կարգի համաձայն։ Առիթից օգտվելով կցանկանայի կոչ անել Հայաստանի քաղաքացիներինՙ ցուցաբերել քաղաքացիական բարձր գիտակցություն եւ մասնակցել առաջիկա ընտրություններին։
¬ Հունվարին ՀՀ նախագահը այցելելու է Մոսկվա։ Ի՞նչ հարցեր են քննարկվելու։
¬ Հայաստանը եւ Ռուսաստանը ռազմավարական գործընկերներ են սրանից բխող բոլոր հետեւանքներով։ Թերեւս, ասվածը բավական է քննարկվելիք ողջ հարցերը պատկերացնելու համար։
¬ Ինչպե՞ս կամփոփեիք անցնող տարին։
¬ Բարդ տարի էր, ինչ-ինչ հարցերում թերեւս ավելին կարող էինք անել, սակայն բազմաթիվ հարցեր կան, որտեղ հաջողության ակնկալիքը պայմանավորվում է այս կամ այն օբյեկտիվ կամ սուբյեկտիվ գործոնով։ Կարծում եմ, տարվա ընթացքում, պետության կայացման առումով, դրականը գերակշռեց, եւ շատ ուրախ կլինեմ եւ իմ ունեցած հնարավորությունները կօգտագործեմ, որպեսզի միտումը պահպանվի։
Առիթից օգտվելով, թույլ տվեք շնորհավորել «Ազգի» «ընթերցողներին, իմ բոլոր մտերիմներին, հարազատներին եւ ընկերներին գալիք Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ, բոլորիս մաղթել երկաթյա առողջություն եւ գլխավորըՙ լավատեսություն։ Շնորհավոր բոլորիդ տոնը։
ՈՍԿԱՆ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ, Մոսկվա