ԳՈՌ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Արդեն 2 տարի կառավարությունը պետական բյուջեի նախագծերը կազմելիս դրանց հիմքում դնում է այսպես կոչված վարչարարական միջոցների հստակեցման քաղաքականությունըՙ որպես ընդհանուր հարկահավաքության եւ բյուջետային մուտքերն ավելացնելու ամենաարդյունավետ տարբերակ։ Մասնավորապես այս տարվա բյուջեի մուտքային մասի ապահովումը հենց վարչարարական մեթոդների կիրառման հետեւանք հռչակեց։ Այս տեսակետից միանգամայն տրամաբանական էր, որ 2003-ի բյուջեն կատարելու համար կառավարությունն ավելի պիտի կատարելագործեր այդ մեթոդները։ Դրանով էին պայմանավորված հարկային օրենսդրությունում վարչարարությանն ուղղված մի շարք լրացումներն ու փոփոխությունները, որոնք քննարկվեցին 2003-ի բյուջեի նախագծին զուգահեռ։
Սակայն կառավարությունը եւ մասնավորապես նախկին պետեկամուտների նախարարությունը նոր քաղաքականությունը ներկայացնելիս մշտապես պնդել են, որ վարչարարություն չի նշանակում տնտեսվարողների նկատմամբ ուժային մեթոդների կիրառում։ Այս տեսակետից ուշագրավ է կառավարությանՙ ԱԺ-ի հաստատմանը երեկ ներկայացրած «Հարկային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու օրինագիծը, որի ողջ իմաստն, ըստ էության, հանրապետությունում նորՙ հարկային ոստիկանության ներդրումն է։
Այստեղ ոստիկանություն բառը, սակայն, զուտ ձեւական բնույթ չունի, այլ լուրջ լծակներ է ունենալու հատկապես հարկային հանցագործությունների բացահայտման, դրանց ուղղված միջոցառումների ձեռնարկման ոլորտում։ «Հարկային ոստիկանությունը հարկային հանցագործությունների եւ իրավախախտումների կանխման, խափանման, բացահայտման նպատակով վերադաս հարկային մարմնում գործող կառուցվածքային ստորաբաժանումն է», ուղղակի նշված է օրինագծում, ինչից ակնհայտ է դառնում, որ վերադաս մարմինը ներկայիս հարկային պետական ծառայության ենթակայության տակ է։ Այս գերատեսչության պետի տեղակալ Արմեն Ալավերդյանը ոստիկանության ներդրման անհրաժեշտությունը հիմնավորեց նրանով, որ իրենց գործունեությունը նորմալ կազմակերպելու համար նման մարմնի գոյությունը նպատակահարմար է։ Եթե նկատի առնենք, որ ներկայումս տնտեսության մոտ 40 տոկոսը ստվերում է, դուրս հարկման տիրույթից, ապա ոստիկանության գործունեությունն առավել քան օգտակար կարող է լինել։ Առավել եւս, որ նույն օրինագիծը հստակ ֆիքսում է, որ «հարկային ոստիկանությունն իրականացնում է հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների ոլորտում ՀՀ քր. դատ. օրենսգրքով սահմանված հետաքննչական մարմնի գործառույթներ», այսինքնՙ հավելյալ գործառույթներ, քան սահմանված է քր. դատ. օրենսգրքով, չի նախատեսվում։ Սակայն ողջ խնդիրն այն է, որքանով հարկային ոստիկանությունը կնպատակաուղղվի ստվերից տնտեսվարողներին հարկման ոլորտ բերելու առումով, որտեղ իսկապես զուտ վարչարարական միջոցները հաճախ արդյունք չեն տալիս։ Մյուս կողմիցՙ ինչ երաշխիք, որ այդ մարմինն առավել չի ծանրացնի բարեխիղճ հարկատու տնտեսվարողների վիճակըՙ վերջիններից ուժային մեթոդներով «բյուջեն լցնելու» գերխնդրով պարտադրված։
Հենց այդ հարցերն էին խորհրդարանական քննարկումների էությունը երեկ մեկնարկած ԱԺ արտահերթ նստաշրջանի օրակարգում։ Պատգամավորներից ոմանք գտնում էին, որ ոստիկանությունը նպատակ ունի իրականում առավել պաշտպանել հարկային մարմինների եւ մեծ «օլիգարխային» տնտեսվարողների շահույթները, եւ թիրախը հերթական անգամ դառնալու է խեղճ ու կրակ մանր բիզնեսը։
Սակայն պետք է ասել, որ ԱԺ տնտեսական շրջանակներից ներկայացված պատգամավորները, որոնց ուղղակիորեն է առնչվում այդ օրինագիծը, զգուշություն ցուցաբերեցին նման կտրուկ գնահատականներ տալու համարՙ ամեն ինչ թողնելով հետագային, երբ հարկային ոստիկանությունը կսկսի գործել։
Իսկ այդ առումով այդ մարմնին լուրջ լիազորություններ են տրվում։ Օրինագծում նշվում է. «Հարկային հանցագործությունների եւ իրավախախտումների ոլորտում հանցագործությունների կանխման, խափանման եւ բացահայտման նպատակով օրենքով սահմանված կարգով իրականացնում է օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, ձերբակալում է հարկային հանցագործության մեջ կասկածվող անձանց»։ Ավելին, ոստիկանությունն անգամ երկրի անվտանգությանն առնչվող հարցերին միջամտելու հնարավորություն է ստանում, որն արտահայտվում է հետեւյալ կետում. «Աջակցում է օպերատիվ-հետախուզական միջոցառումներինՙ պետության տնտեսական անկախությանը եւ տնտեսվարող բնական զարգացմանը խոչընդոտող տնտեսական հանցագործությունների բացահայտման, նախազգուշացման եւ կանխարգելման համար»։ Եվ այս ամենը հարկային ոստիկանությունն իրականացնելու էՙ ունենալով զենք պահելու, որոշակի դեպքերում դրանք կիրառելու, հստակ միջոցներ (ձեռնաշղթաներ, փականքներ բացելու գործիքներ) օգտագործելու իրավասություն։
Թե ինչով է բացատրվում այն հանգամանքը, որ հենց հիմա անհրաժեշտություն առաջացավ նման կառույց ստեղծելու համար, եւ ինչպես է հաջողվել առանց ոստիկանության այսքան ժամանակ նորմալ աշխատել, այդպես էլ պարզ չդարձավ։ Սակայն գոնե այս պահին ոչ ոք չի էլ կարող պնդել, թե հարկային ոստիկանության ներդրումը կարող է խոչընդոտել տնտեսության զարգացմանը եւ տնտեսվարողների գործունեությանը։ Այստեղ գլխավորը ներդրման նպատակասլացությունն է եւ հետեւողական գործադրումը։ Ի վերջո, նման կառույցներ գործում են նաեւ այլ երկրներում եւ շատ դեպքերումՙ անգամ արդյունավետ, քանի որ տնտեսվարողների շրջանում զգոնություն եւ օրենքների հանդեպ հարգանք է առաջացնում, ինչպես նաեւ օրինախախտումների դեպքում անպատժելիության մթնոլորտի վերացում։