«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#235, 2002-12-21 | #236, 2002-12-24 | #237, 2002-12-25


ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԸ «ԻԶՎԵՍՏԻԱՅԻՆ» 30 ՀԱԶԱՐ ԴՈԼԱ՞Ր Է ՓՈԽԱՆՑԵԼ

Ռուսաստանի ամենաազդեցիկ օրաթերթերից «Իզվեստիան» դեկտեմբերի 20-ի համարում տպագրել է «Ազգային միաբանություն» կուսակցության առաջնորդ, Հայաստանի նախագահի թեկնածու Արտաշես Գեղամյանի «Հայաստանըՙ ճամփաբաժանին» հոդվածը, որը թարգմանաբար դեկտեմբերի 24-ի համարում տպագրել է «Հայկական ժամանակը»։

«Իզվեստիան» Ռուսաստանում ոչ միայն ամենաազդեցիկ, այլեւ ամենաթանկ թերթերից է, եւ նմանօրինակ հոդվածները, ինչպիսին պրն Գեղամյանի գրածն է, պահանջում են թերթի գանձարան մուծել որոշակի գումար։ Այդ «որոշակի գումար» ասվածն, «Իզվեստիայի» դեպքում, տատանվում է 30¬50 հազար ԱՄՆ դոլարի սահմաններում մեկ էջի համար։

Պրն Գեղամյանի հոդվածին անդրադառնալու, մեջբերելու կարիք չկաՙ արջի յոթ երգերի եւ մեղրի պատմությունն է ռուս ընթերցողի համար։ Թե որտեղից է պրն Գեղամյանը հայթայթել տասնյակ հազար դոլարներ «Իզվեստիային» վճարելու համար, այնքան էլ էական չէ։ Հիշենք, որ 1991¬95 թթ. նա զբաղվել է գործարարությամբ եւ թե ինչ եղանակով է գումար վաստակել, պարզ է։ Նույն «Հայկական ժամանակը» պրն Գեղամյանի մաքսանենգությամբ զբաղվելու մասին ժամանակին հոդվածներ էր գրում։

«Իզվեստիայի» հոդվածին կից տեղեկանքում նշվում է. «Ընտրողների 68¬70 տոկոսը պատրաստ է իր ձայնը տալ հօգուտ Արտաշես Գեղամյանի։ 8 տոկոսը կողմ է մինչեւ 2001 թ. ԱՄՆ քաղաքացի հանդիսացած Րաֆֆի Հովհաննիսյանին, որը, համաձայն գործող սահմանադրության, չի կարող գրանցվել նախագահի թեկնածու։ Շուրջ 4,5 տոկոսը քվեարկելու է Ռոբերտ Քոչարյանի օգտին, 4 տոկոսը կքվեարկի Ստեփան Դեմիրճյանի օգտին, որն ԱԺ նախկին նախագահ Կարեն Դեմիրճյանի որդին է, շուրջ 3 տոկոսը կքվեարկի նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանի եւ նույնքան էլՙ ՌԴ քաղաքացի Արամ Կարապետյանի օգտին, որը ցանկացած առիթով հայտարարում է Ռուսաստանի բարձրագույն իշխանավորների հետ ունեցած սերտ կապերի մասին։ Ներկայացված վերլուծությունը ձեւավորվել է շուրջ 17 հազար հարցվածների պատասխանների հիման վրա»։

Ցավալի է, որ պրն Գեղամյանը վերջնականապես կորցրել է քաղաքական հոտառությունը, իր մրցակիցների մասին արտահայտվում է չարությամբ։ Ավելորդ չէ հիշեցնել, որ պրն Գեղամյանն ԱԺ այս գումարման պատգամավորներից միակն էր, որը Կարեն Դեմիրճյանիՙ ԱԺ նախագահ ընտրվելու փաստն ընդունեց անտանելի չարությամբՙ անգամ ոտքի չկանգնելով, երբ մյուս բոլոր պատգամավորները հոտընկայս ողջունում էին եւ ծափահարում Կարեն Սերոբիչի վերադարձը քաղաքականություն։ Այսօր, ցավոք, պրն Գեղամյանն անխնա շահարկում է ահաբեկչությանը զոհ դարձած իր գործընկերների անունը եւ հոկտեմբերի 27-ի հետեւում տեսնում գործող նախագահինՙ քաղաքական դիվիդենտներ ձեռք բերելու ակնկալիքով։ Նույն Գեղամյանը, ահաբեկչությունից հետո, տասնյակ հարցազրույցներում պնդում էր, որ Քոչարյանը ցավում է այնքան, որքան սպանվածների հարազատները։

Մենք չենք ընդունում ընդունված այն կարծիքը, թե քաղաքականությունը եւ անբարոյականությունը միմյանց մոտ կատեգորիաներ են։ Արտաշես Գեղամյանը, սակայն, իր վարքուբարքով մեզ փորձում է համոզել դրանում։

Ա. Ա.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4