«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#235, 2002-12-21 | #236, 2002-12-24 | #237, 2002-12-25


ԱՌԱՋԻՆ ՄՈԴԵՌՆ ՏՈՆԱԾԱՌԸ ԹԱՄԱՆՅԱՆ ՊՈՒՐԱԿՈՒՄ

Երեւանյան փողոցներում այս տարի ամեն քայլափոխի եղեւնիներ չվաճառվեցին բոլորիս հայտնի պատճառով։ Բնապահպանության նախարարն այս տարի վերջապես որոշեց արգելել ամանորյա տոնածառերի հատումը։ Եվ քանի որ տոնածառն ընդամենը խորհրդանիշ է, հետեւաբար Հանրապետության հրապարակի ամենամեծ տոնածառն այս օրերին հավաքվեց ու օրեցօր փարթամացավՙ երկաթյա հիմքի վրա եղեւնու ճյուղեր ամրացնելով։ Իսկ Թամանյան պուրակում, «Կասկադի» սկզբնամասում, «Կատու» քանդակի հարեւանությամբ, երեկ իր ողջ շուքով հայտնվեց առաջին «անսովոր» տոնածառը։ «Գաֆեսճյան թանգարան» հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրեն Էդվարդ Բալասանյանը որոշեց Երեւանի ճարտարագիտական համալսարանի ուսանողների հնարամտությունն ու երեւակայությունը փորձել եւ հայտարարեց տոնածառի նախագծի մրցույթ։ Ներկայացված զանազան նախագծերից ընտրվեց մեկը, որի հեղինակներն են Մերուժան Մինասյանն ու Լալա Վարդանյանը։ «Տոնածառի նախագծի մտահղացումը մերը չէ, այլ մեր վաղամեռիկ դասախոս Օլեգ Վարդանյանինը։ Նրա գրքից օգտվելով, մի փոքր խմբով աշխատեցինք եւ ստեղծեցինք այս տոնածառը։ Այն ծավալատարածքային հորինվածքի աշխատանք է», ասաց Մերուժան Մինասյանը։ Տոնածառի բարձրությունը 6 մետր է, բաղկացած է մետաղյա 20 դետալներից։ 11 օղակների վրա փաթաթված են տարբեր երանգների ժապավեններ, որոնք ճյուղերի տպավորություն են առաջացնում, իսկ խաղալիքները ժապավենով ամրացված են օղակներին։ Այն հավաքվել է մեկ շաբաթվա ընթացքում։ Պարոն Բալասանյանը համոզված է, որ մյուս տարի ավելի գեղեցիկ աշխատանքներ կլինեն, որովհետեւ տարեցտարի նմանատիպ տոնածառերը կմտնեն մեր կենցաղի մեջ եւ կփոխեն տոնածառի ավանդական պատկերացումներն ու կստիպեն հրաժարվել բնական տոնածառերից։ Հիմնադրամի ճարտարագետ Ստեփան Ղամբարյանի աչքին տոնածառը թեպետ անսովոր է ու տարօրինակ, սակայն երեխաներին մեծ ուրախություն պատճառեց։ Երեւանի թիվ 140 մանկապարտեզի սաները հրավիրված էին տոնածառի բացմանը։ Նրանց կանչով տոնածառին մոտեցավ Ձմեռ պապըՙ ամանորյա նվերների պարկն ուսին։ Եվ քանի որ գալիք տարին այծի տարի էՙ նա փոքրիկներին փամփլիկ բրդոտ այծիկներ նվիրեց։ «Այս տոնածառը չափազանց անսովոր է ու նոր, իսկ այն, ինչ անսովոր է, նաեւ գեղեցիկ է։ Երեխաներին իսկապես դուր եկավ այս տոնածառը», ասաց ծնողներից մեկը։ Իսկ երեխաները տարված էին «Կատվով», մանավանդ որ երեւանյան բքաշունչ ձմեռը նրան էլ է ստիպել գլխարկ դնել։

ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4