«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#235, 2002-12-21 | #236, 2002-12-24 | #237, 2002-12-25


ԼԻԲԱՆԱՆՑԻ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Սամիր Խնայզիր. «Մենք մեզ լավ ենք զգում այստեղ»

Հայ-լիբանանյան քաղաքական ու դիվանագիտական հարաբերություններն ավելի քան ջերմ են։ Երկու երկրների ու ժողովուրդների դարավոր բարեկամությունն ու լիբանանահայության առկայությունը մեծապես նպաստում են բոլոր բնագավառներում այդ հարաբերությունների զարգացմանը։ Ինչ խոսք, այդ հարաբերություններում կարեւոր են նաեւ երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառության մեծացումն ու փոխադարձ ներդրումների աշխուժացումը։

Հայ թե արաբ լիբանանցի բազմաթիվ գործարարներ իրենց տնտեսական գործունեությունն են ծավալում Հայաստանում։ Նրանցից է սրճի արտադրության կազմակերպիչ Սամիր Խնայզիրը, որը Հայաստան է եկել 1996 թ. եւ հիմնել «Կաֆե դը Բրազիլ» ՍՊԸ-ն։

¬ Ի՞նչը ձեզ բերեց Հայաստան։

¬ Բոլոր լիբանանցիների նման ես էլ ունեցել եմ հայ գործընկերներ ու ծանոթներ։ Հայաստանի անկախացումից հետո նրանցից շատերը մտածում էին գալ Հայաստան եւ տնտեսական գործունեություն ծավալել այստեղ։ Պատմության ընթացքում լիբանանցիները միշտ էլ գաղթել են հեռավոր երկրներՙ բարիք ու զարգացում տալով այդ երկրներին։ Ես էլ ժամանակին սրճի արտադրամաս եմ ունեցել Ռումինիայում։ Իմ հայ բարեկամների խրախուսմամբ եմ եկել Հայաստան։

¬ Հայաստանում սրճի ասպարեզում առանձնանում են լիբանանցիները, կամ նրանց օգնությամբ ու համագործակցությամբ ստեղծված ընկերությունները։ Ինչո՞վ եք դա բացատրում։

¬ Սրճի արտադրությունը մեծ ավանդույթներ ունի Լիբանանում։ Երկար տարիներ համագործակցելով բնական սուրճ արտահանող երկրների հետ, ինչպես նաեւ կիրառելով աղացման, խարկման ու փաթեթավորման ժամանակակից տեխնոլոգիաներ, լիբանանցի վարպետները մեծ համբավ են ձեռք բերել տարածաշրջանում։ Սրճի արտադրությունը կարեւոր տեղ է զբաղեցնում Հայաստան-Լիբանան տնտեսական հարաբերությունների մեջ։

¬ Հայտնի է, որ Հայաստանում սուրճ շատ են խմում։ Կարողանո՞ւմ եք բավարարել հայկական շուկայի պահանջարկը։

¬ Ոչ միայն բավարարում ենք, այլեւ արտահանում ենք հարեւան Վրաստան եւ ԱՊՀ երկրներ։ Մեր արտադրանքի 70 տոկոսն այդ երկրներում է իրացվում։ Հայկական շուկան շատ սահմանափակ է մեզ համար։ Սրճի արտադրության բազմաթիվ ընկերություններ ու արտադրամասեր կան Հայաստանում, որոնք նույնպես արտահանում են նշածս երկրներ։

¬ Հայաստանի մաքսային ու հարկային մարմիններից դժգոհություններ ունե՞ք։

¬ Անցումային շրջանի դժվարություններ հաղթահարող բոլոր երկրների նման Հայաստանն էլ ունի իր խնդիրները։ Տնտեսությանն առնչվող օրենքների կատարելագործումը ժամանակ է պահանջում։ Չնայած Հայաստանի տնտեսության ու օրենքների մասին քիչ տեղեկություններ կան արտասահմանում, հաճախ նույնիսկ անբարենպաստ, մենք այստեղ մեզ լավ ենք զգում։ Միջավայրը բարեկամական է, օտարերկրյա ներդնողներին խանգարող դժվարություններ առանձնապես չկան, իսկ գլխավորըՙ երկիրը կայուն է ու ապահով։ Մենք զգում ենք, թե ինչպես օրեցօր աշխուժանում է տնտեսությունը, օրենքների շարունակական ազատականացումը դրականորեն է ազդում մանր ու միջին գործարարության զարգացման վրա։ Հայաստանի իշխանությունները շատ ուշադիր են օտարերկրյա գործարարների հանդեպ եւ անում են ամեն ինչՙ խթանելու ներդրումները երկրում։ Ես լավատես եմ Հայաստանի ապագայի համար։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4