«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#235, 2002-12-21 | #236, 2002-12-24 | #237, 2002-12-25


ՎԶԵԲ-Ը ՎԱՐԿԵՐ Է ՏՐԱՄԱԴՐՈՒՄ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԻԶՆԵՍԻ ՀԱՄԱՐ

Հայաստանի պղնձի արդյունաբերությունը նոր աճ կստանա ՎԶԵ-ի աջակցությամբ

Բանկը 3 մլն ԱՄՆ դոլար է տրամադրում հայաստանյան ձուլարանին

Հայաստանում պղնձաձուլական արդյունաբերական զարգացման նպատակով Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) 3 մլն ԱՄՆ դոլար վարկ է տրամադրում «Արմենիան քափըր պրոգրամ» (նախկինում «Մանես եւ Վալեքս») փակ բաժնետիրական ընկերությանըՙ հումքի գնման եւ գործառնական արդյունավետության բարձրացման ապահովման նպատակով։

Վարկը կօգտագործվի պղնձի արտադրությունը ավելացնելու եւ արտադրական պահանջների համար հումքի պաշարներ կուտակելու նպատակով։ Նոր վարկային միջոցները թույլ կտան «Արմենիան քափըր պրոգրամ» ընկերությանը սեփական միջոցներն ուղղել ձուլարանի շրջակա միջավայրի իրավիճակը բարելավելու նպատակով իրագործվելիք միջոցառումներին։

Այս ծրագիրը Հայաստանում ՎԶԵԲ-ի առաջին արդյունաբերական ծրագիրն է, որն իրականացվում է առանց արտաքին երաշխիքների։ ՎԶԵԲ-ի Հարավային, Արեւելյան Եվրոպայի եւ Կովկասի երկրների գործարար խմբի ղեկավար պրն Օլիվյե Դեկամպն իր ելույթում նշել է, որ «Արմենիան քափըր պրոգրամ» ընկերությունը կարեւորագույն դեր ունի հայաստանյան տնտեսության համար ոչ միայն որպես պղնձի արդյունաբերության կարեւոր ձեռնարկություն, այլեւ Հայաստանի ամենաաղքատ շրջաններից մեկում խոշորագույն գործատու։

«Արմենիան քափըր պրոգրամ» ընկերության նախագահ պրն Վալերի Մեջլումյանն իր ելույթում նշել է, որ ՎԶԵԲ-ի աջակցությունը կարեւորագույն դեր է խաղալու ընկերության արտադրական կարողությունների լիարժեք օգտագործման եւ պղնձաձուլական գործարանի վերակառուցման համարՙ նպատակ ունենալով ապահովել բնապահպանական տեսանկյունից անվտանգ պղնձի արտադրություն։

ՎԶԵԲ-ի նպատակն էՙ աջակցել Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի ու ԱՊՀ երկրներում կենտրոնացված ղեկավարումից շուկայական տնտեսությանն անցման գործընթացին։ ՎԶԵԲ-ի հիմնադիրներն ենՙ Եվրոպայի ներդրումային բանկը, Եվրոպական հանձնաժողովը եւ 60 երկրներ։

ՎԶԵԲ-ը եւ «Անելիք» բանկը կմիավորեն ուժերը Հայաստանում փոքր բիզնեսի զարգացման նպատակով

Հայաստանում միկրո, փոքր եւ միջին ձեռնարկությունների զարգացման նպատակով Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը 1 մլն ԱՄՆ դոլար վարկ է տրամադրում «Անելիք» բանկին։ Այս միջոցները տրամադրվելու են հայաստանյան բանկերին վարկային եւ բաժնետիրական ֆինանսավորում իրականացնելու նպատակով 1999 թ. եւ ՎԶԵԲ-ի ստեղծած հիմնադրամի շրջանակներում։

Վարկային միջոցները կօգտագործվեն Հայաստանի ձեռնարկություններին մինչեւ 100 հազար ԱՄՆ դոլար վարկեր տրամադրելու համար։ Վարկային ծրագիրը չի նախատեսում վարկավորման որեւէ նվազագույն սահման եւ նրա նպատակն է ձեռնարկատիրության զարգացումը։

Վարկը երկրորդն է այս հիմնադրամի շրջանակներում 2000 թ. սեպտեմբերին «Հայէկոնոմբանկին» տրամադրված վարկից հետո։

ՎԶԵԲ-ի ֆինանսական հաստատությունների թիմի բանկային վարկավորման տնօրեն Ռոջերս Լեբարոնն իր ելույթում նշել է, որ ծրագիրը գործնական ֆինանսական մեխանիզմ է հայաստանյան բանկային համակարգի համարՙ հաշվի առնելով առեւտրային պայմաններով երկարաժամկետ ֆինասավորման սղությունը։ Նա նաեւ նշել է, որ միկրո եւ փոքր ձեռնարկությունների հատվածի զարգացումը ՎԶԵԲ-ի հայաստանյան ռազմավարության գերակայություններից մեկն է։

«Անելիք» բանկին նաեւ տրամադրվելու է տեխնիկական աջակցություն, որը կիրականացնի մի խորհրդատվական ընկերություն Ճապոնիայի կառավարության ֆինանսական աջակցությամբ։

«Հայէկոնոմբանկը» միանում է ՎԶԵԲ-ի առեւտրի խթանման ծրագրին

Հայաստանում առեւտրի զարգացման նպատակով Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկն առեւտրի խթանման ծրագրի շրջանակներում 500 հազար ԱՄՆ դոլար երաշխիքային վարկ է տրամադրում «Հայէկոնոմբանկին»։ Այս վարկը երկրորդն էՙ 2000 թ. սեպտեմբերին ՎԶԵԲ-ի կողմից «Հայէկոնոմբանկին» տրամադրած 1 մլն ԱՄՆ դոլար վարկից հետո։

Առեւտրի խթանման ծրագիրը նպատակ ունի նպաստելու միջազգային առեւտրի զարգացմանը Կենտրոնական, Արեւելյան Եվրոպայի եւ ԱՊՀ երկրներում։ Ծրագրի միջոցով ՎԶԵԲ-ը երաշխիքներ է տրամադրում միջազգային հաստատող բանկերին։ Այս ծրագիրը հնարավորություն է տալիս երաշխիք տրամադրել ՎԶԵԲ-ի գործունեության երկրներում ցանկացած արտահանման կամ ներմուծման առեւտրային գործարքի համար։ Ծրագրին մասնակցում են ավելի քան 65 թողարկող բանկեր եւ մոտ 200 հաստատող բանկեր աշխարհի տարբեր երկրներում։

Առեւտրի խթանման ծրագրին ֆինանսական աջակցություն են տրամադրում Շվեյցարիան, Նիդեռլանդները (արտաքին գործերի նախարարության եւ FMO կազմակերպության միջոցով), Նորվեգիան, Ավստրիան եւ Գերմանիան (KfW կազմակերպության միջոցով)։

Այցելեք ՎԶԵԲ-ի ինտերնետային էջը հետեւյալ հասցեովՙ www.ebrd.com


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4