ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Երեկ «Վալենսիա» հյուրանոցի «Կարմեն» հանդիսությունների սրահում տեղի ունեցավ «Վարկանիշ 2002» մրցանակաբաշխությունը։
Մրցանակներ էին սահմանվել տասը անվանակարգերում։ Որպես մրցանակաբաշխության խորհրդանիշ ընտրված էր լումա մետաղադրամըՙ սյուն-պատվանդանի վրա։ Առաջին մրցանակը «Տարվա երիտասարդական ակցիա» անվանակարգում հանձնեց Գերասիմ Բարսեղյանը։ Հաղթող էր ճանաչվել «Բազե» համահայկական երիտասարդական ակցիան, ուստի մրցանակը հանձնվեց դրա կազմակերպիչ, Համահայկական երիտասարդական հիմնադրամի նախագահ Վահրամ Բարսեղյանին։ Հաջորդ «Տարվա մշակութային ակցիա» անվանակարգում հաղթող էր ճանաչվել Ատոմ Էգոյանի «Արարատ» ֆիլմի ցուցադրումը Հայաստանում կազմակերպած «Պարադիզ» ընկերությունը։ Մրցանակը հանձնեց Հայոց ցեղասպանության թանգարանի տնօրեն Լավրենտի Բարսեղյանը, նշելով, որ Էգոյանի «Արարատ» ֆիլմի ցուցադրման կազմակերպումը ցեղասպանության դատապարտման հարցում ունի մեծ նշանակություն։ Մրցանակը հանձնվեց «Պարադիզի» տնօրեն Մարտին Ադոյանին։ Հաջորդ մրցանակակիրը հանրային ռադիոն էր, մրցանակը շնորհվեց հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Արմեն Ամիրյանին։ Ռադիոժամանցային անվանակարգում մրցանակը շնորհվեց ռադիո «Արձագանքին»։ «Արձագանքի» հիմնադիր Եղիշե Պետրոսյանին մրցանակը հանձնեց հայկական ռադիոյի ֆենոմենը ոչ միայն Հայաստանում, այլեւ Հայաստանից դուրս ներկայացնող Մարկ Սաղաթելյանը։ TV տեղեկատվական անվանակարգում մրցանակը հանձնվեց «Հայլուր» լրատվական ծրագրին, որը որակվեց որպես ամենավստահելին։ Հայաստանում հեռուստատեսության հիմնադիրներից մեկըՙ Նառա Շլեպչյանը, մրցանակը հանձնեց Արմեն Արզումանյանին։
Այնուհետեւ կազմակերպիչները չնախատեսված մրցանակՙ հատուկ լավագույն հեռուստանախագծի համար, հանձնեցին «Կենտրոն» հեռուստաընկերության «Տեսանկյուն» ծրագրին։ TV ժամանցային անվանակարգում, ընդունելով, որ այս հարցում մեր հեռուստաընկերությունները զիջում են ռուսական ալիքներին, մրցանակը հանձնվեց «Արմենիա TV»-ին։ «Արմենիա TV»-ի նախագահ Բագրատ Սարգսյանին մրցանակը հանձնեց «Շարմ» ընկերության գլխավոր տնօրեն Ռուբեն Ջանոյանը։
Քաղաքական գործիչներից «Կարծիքի առաջատար» անվանակարգում հաղթող ճանաչվեց Արշակ Սադոյանը։ Պրն Սադոյանին մրցանակը հանձնեց «Կարծիք» հաղորդաշարի հեղինակ եւ վարող Սերգո Երիցյանը։ Ինչպես սպասվում էր, Արշակ Սադոյանը մրցանակաբաշխության ժամանակ օգտագործվող խոսափողը չտարբերեց խորհրդարանականից։
«Կանանց համակրանք» անվանակարգում հաղթողը որոշվել էր 280 կանանց հարցմամբ, Սոֆի Դեւոյանը մրցանակը հանձնեց Վարդան Օսկանյանին։ Պրն Օսկանյանը նկատեց, որ այս մրցանակը վկայում է. «Մեր արտաքին քաղաքականությունը ոչ միայն ճիշտ է, այլեւ գեղեցիկ»։ Այնուհետեւ Երգի եւ հոգու թատրոնի դերասանները, Օսկանյանի մասնակցությամբ, հենց բեմի վրա դատարկ կտավը վերածեցին նկարի։
«Կառուցողական ընդդիմադիր գործիչ» ճանաչվեց Շավարշ Քոչարյանը, որին մրցանակ հանձնեց «Վարկանիշ» ամսագրի գլխավոր խմբագիր Մարգարիտ Գրիգորյանը։ Վերջինՙ գլխավոր մրցանակըՙ «Ազդեցիկ քաղաքական գործիչ», շահել էր Ռոբերտ Քոչարյանը, եւ քանի որ վերջինս բացակայում էր, մրցանակը հանձնվեց նախագահի աշխատակազմի ղեկավար Արտաշես Թումանյանին նախկին հայտնի պետական գործիչ Ալեքսան Կիրակոսյանի կողմից։