«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#235, 2002-12-21 | #236, 2002-12-24 | #237, 2002-12-25


ՄԵՐ ԵՐԻՏԱՍԱՐԴԱՑՈՂ ՀՈՒՅՍԸ

Հանդիպում միջազգային օլիմպիադաների մրցանակակիրների հետ

Սերունդների բնական հերթափոխում գիտության ավագ մշակներն էլ կարիք ունեն հետնորդների։ Որքան էլ հաց հանապազօրյայի կյանքով ապրի մարդը, միեւնույն է, կրթության, գիտության, մշակույթի նկատմամբ հետաքրքրությունը չի կարող շատ նվազել (գոնե առայժմ)։

Երեկ նախագահի նստավայրում Հայաստանի առաջին տիկին Բելլա Քոչարյանն ընդունելություն էր կազմակերպել ի պատիվ այն պատանիների, ովքեր այս տարի միջազգային օլիմպիադաներում արժանացել էին պարգեւների եւ մրցանակների։ Օլիմպիադաներից մեր հանրապետության 25 մասնակիցներից 16-ը վերադարձել են մրցանակներովՙ քիմիայի, ֆիզիկայի, ինֆորմատիկայի, աստղագիտության եւ գերմաներենի բնագավառներում։

Հաղթողներին եւ բոլոր ներկաներին շնորհավորանքի ու բարեմաղթանքի խոսքում Բելլա Քոչարյանն ավագ եւ երիտասարդ սերունդների այս հանդիպումը խորհրդանշական համարեց, գիտության բնագավառում երիտասարդների այս առաջին ներդրումը հուսադրող քայլՙ նաեւ մեզ ճանաչելի դարձնելու առումով։ Օլիմպիադաների շարժումը սրա լավագույն ձեւերից մեկն է, նաեւ շարունակությունն ու հանրագումարը մեր կրթական ավանդույթների եւ ապացույցն այն գիտական ներուժի, որ թաքնված է աճող սերնդի, մասնավորապես հավաքին ներկա երիտասարդների մեջ, որոնց նկատմամբ «ճակատագիրը բարեհաճ պետք է որ լինի»։

Հանդիպմանը ներկա կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը գոհ էր դպրոցականների հաջողություններից, հատկապես այն դպրոցներից, որոնց էնտուզիազմի շնորհիվ պահպանվեց օլիմպիադաների ավանդույթը նախորդ տարիներին։ Ըստ նրա, միջազգային օլիմպիադաները կրթության մակարդակի ստուգատես են առհասարակ, Հայաստանի մասնակցությունը եւ առավելապես այս պարգեւներն ապացույցն են մեր հանրապետությունում կրթության հանդեպ ունեցած հարգանքի։

Կրթության փոխնախարար Աիդա Թոփուզյանը հրապարակեց մրցանակակիրների անունները (Իշխան Հովհաննիսյան, Ալեքսանդր Սահակյան, Տիգրան Շահվերդյան, Սերգեյ Պողոսյան, Կարեն Ալավերդյան, Լեւոն Հայկազյան, Դավիթ Հայկազյան եւ ուրիշներ), որոնք պատիվ բերեցին մեր հանրապետությանը։ Իսկ առաջին տիկնոջ ուշադրությունը հաղթողների նկատմամբ շատ գնահատելի համարվեց։ Ելույթ ունեցողները ոգեւորված հպարտության պահեր ապրեցին. այս պատանիների մեջ նրանք տեսնում էին իրենց փոխարինողներին, որ հույս է ներշնչում գիտության ապագայի նկատմամբ։ Հայաստանի ԳԱԱ նախագահ Ֆադեյ Սարգսյանը համոզված էր, որ այն երկրում, որտեղ գիտությունը միշտ է առանձնահատուկ տեղ գրավել, հատկապես բարձր տեխնոլոգիաների ոլորտում, գիտական միտքը չի կարող սպառվել։ Իհարկե, ընդգծվեց ու ցանկալի համարվեց, որ կրթության եւ գիտության զարգացման գործում կառավարությունն առավել ուշադիր լինիՙ հատկապես ֆինանսական աջակցությամբ։

Իսկ պատանիներից մեկն իր շնորհակալական խոսքում նշեց, որ սա պարտավորեցնող է, իսկ միջազգային մրցույթներին մասնակցելիս միայն հաղթանակը չէ գլխավորը, այլեւՙ շփման հնարավորությունների, մտահորիզոնի մեծացումը, նաեւ ակնարկեց, որ շատ զարգացած երկրներում հաղթողներն առանց քննությունների են ընդունվում բարձրագույն ուսումնական հաստատություններ։

Հանդիպման ընթացքում մրցանակակիրները նվերներ ստացան հանրապետության առաջին տիկնոջից, ինչպես նաեւ նրանց ղեկավարները։ Տիկին Քոչարյանն անմիջական հյուրասիրություն էր կազմակերպելՙ սիրով նկարվեց երեխաների հետ եւ մտերմիկ զրույց ունեցավ։

Հանդիսության դահլիճում հնչեցին Խաչատրյանի, Դվորժակի, Շոպենի, Վերդիի, Բաբաջանյանի ստեղծագործություններըՙ շնորհալի երեխաների կատարումներով։

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4