Դեկտեմբերի 25-ին Մայր աթոռ Սբ. Էջմիածնում հանդիսավորապես նշվեց Սբ. Ստեփանոս նախավկայի եւ առաջին մարտիրոսի տոնը։
Տոնի առիթով Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի տաճարումՙ Սբ. Ստեփանոս խորանի առջեւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի հանդիսապետությամբ մատուցվեց Սբ. պատարագ։ Պատարագիչն էր Տ. Ներսես արք. Պոզապալյանը։
Ստեփանոս նախավկայի հիշատակության օրը հայ եկեղեցում համարվում է նաեւ սարկավագների տոն եւ, ավանդաբար, կատարվում է սարկավագական ձեռնադրություն։ Հընթացս Սբ. պատարագի, ձեռամբ սրբազան հոր սարկավագական աստիճան ստացան Գեւորգյան հոգեւոր ճեմարանի ու Սեւանի Վազգենյան դպրանոցի 12 սաներ, ովքեր հաջողությամբ հանձնել էին սարկավագական քննությունները։
Սբ. պատարագից հետո Վեհարանում նորընծա սարկավագներին իր օրհնությունը տվեց նաեւ Ամենայն հայոց հայրապետը։
«Եկեղեցին եւ ժողովուրդը ձեզ են սպասում... Սիրեցեք Սբ. Էջմիածինը եւ արժանիորեն կրեք այն սքեմը, որ երկյուղածություն, սեր եւ հարգանք է ծնում յուրաքանչյուր հայորդու հոգում», ասաց Նորին Սրբությունը։
Նույն օրը, երեկոյան ժամերգության ընթացքում, Մայրավանքում տեղի ունեցավ դպրական ձեռնադրություն եւ ուրարների տվչություն։