ՓԱՐԻԶ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ֆրանսիայի գեղարվեստների ազգային ընկերության Լուվրի ցուցահանդեսում բացվել է եվրոպական արվեստին նվիրված ցուցահանդես, որտեղ ներկայացված են դասական նշանավոր վարպետների գործեր։ Նրանց թվում է հայազգի նկարիչ Էդգար Շահինը (1874-1947 թ.թ.), որը ներկայացված է 52 ստեղծագործություններով (գծանկար, փորագրություն, գեղանկար)։
Ցուցահանդեսի բացման մասնակիցների թվում էր Էդգար Շահինի որդինՙ Պիեռ Շահինը, որը շնորհակալություն է հայտնել իր հոր արվեստի հանդեպ ցուցաբերված ուշադրության համար։ «Հայրս ասում էր, թե ինքն ամենից առաջ դիմանկարի վարպետ է։ Երբ ես մի ձի եմ նկարում, ասում էր նա, ապա նկարում եմ ձիու դիմանկարը, երբ տուն եմ նկարում, տան դիմանկարը։ Նա ասում էր, որ ինքն ունի մի մասնագիտություն միայն. գծանկարչությունը։ Ճիշտ է, այստեղ կան ցուցադրված շատ բնանկարներ, բայց դիմանկարը Շահինի արվեստի գագաթնակետն է», ասել է Պիեռ Շահինը։
Ցուցահանդեսում հիմնական տեղ է զբաղեցնում Շահինի Վենետիկի թեման։ Վենետիկցիներն իրենք խոստովանում են, թե ոչ ոք այնպես լավ չի զգացել Վենետիկի լույսը, որքան Շահինը։ «Հայրս հաճախ էր լինում Վենետիկում եւ չափազանց սիրում էր այդ քաղաքը։ Եթե նա Փարիզում մորս հանդիպած չլիներ, ապա կվերադառնար Իտալիա եւ վերջնականապես կհաստատվեր Վենետիկում»,¬ նշել է Պիեռը։
Նկարչի որդին տեղեկացրել է, որ Հայաստանի ազգային պատկերասրահում մի առանձին սենյակ է հատկացված իր հորը, որտեղ պահվում են նրա նկարները, ինչպես նաեւ 167 նամակներնՙ ուղղված Արշակ Չոպանյանին։ (Հիշեցնենք, որ Էդ. Շահինն անդամ էր Ռամկավար Ազատական կուսակցության¬ խմբ.)։ Ցավոք Չոպանյանի պատասխանները Շահինին ցրվել են եւ կորել։ Լուվրում ցուցադրված է Շահինի նամակներից մեկը։
Շահինի նկարների շուրջ խմբվածներին, որոնց թվում էին շատ հայրենակիցներ, Փարիզի սփյուռքի հետազոտությունների կենտրոնի նախագահ Ժան Կլոդ Քեբաբչյանը պատմել է իր կենտրոնի մի ծրագրի մասին, ըստ որի, համակարգչի միջոցով ներկայացվելու են Շահինի 800 գործերը։
Հայաստանի կերպարվեստագետների միության պատվավոր անդամ Էդգար Շահինը ծնվել է Վիեննայում, սովորել Վենետիկի Մուրադ-Ռափայելյան վարժարանում, Փարիզում ուսում առել Ժուլիեն ակադեմիայում։ 1900 թվականից մի շարք մեդալներ եւ մրցանակներ է շահել Ֆրանսիայի, Իտալիայի եւ այլ երկրների ցուցահանդեսներում։ Ֆրանսիայի կառավարությունը նրան շնորհել է Պատվո լեգեոնի ասպետի աստիճան եւ շքանշան։ Ձեւավորել է Անատոլ Ֆրանսի, Գուստավ Ֆլոբերի, ֆրանսիական այլ հեղինակների մի շարք գործեր։ Ցուցահանդեսներ է բացել նաեւ Երեւանում, Թբիլիսիում եւ Լենինգրադում, 160 աշխատանք (փորագրություններ) նվիրել Խորհրդային Հայաստանին։