«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#236, 2002-12-24 | #237, 2002-12-25 | #238, 2002-12-26


ՈՍՏԻԿԱՆԱԿԱՆ ՑՈՒՑՄՈՒՆՔՆԵՐԸ ՀԱԿԱՍԱԿԱՆ ԵՆ

«Հոկտեմբերի 27»-ի գործով դատավարության այս տարվա վերջին նիստը կայացավ երեկ։ Նիստը սկսվեց ուշացումով, որ բացատրվեց ձայնագրման հետ կապված տեխնիկական խնդիրների առաջացմամբ։

Երեկ դատարան էր ներկայացել հերթական ոստիկան-վկա, տեսուչ, 1999 թ.-ի հոկտեմբերի 27-ին հերթափոխի պետ Ռուբեն Գրիգորյանը։ Նա պատասխանեց մեղադրողների հարցին։

Ռուբեն Գիրգորյանը նշեց, որ այդ օրը գտնվել է ԱԺ շենքի առաջին հարկի 101 ծառայական սենյակում եւ ռադիոյով է լսել կրակոցները։ Գրիգորյանը սկզբում չի կողմնորոշվել, թե կրակոցները նիստերի դահլիճում են։ Միայն 101 սենյակի դուռը բացելու ժամանակ է պարզ դարձել, որ կրակահերթը շենքում է։

Կրակոցներից 30 վայրկյան անց, ըստ վկայի, սենյակ է եկել վաշտի հրամանատար Գագիկ Հակոբյանը եւ Գրիգորյանին ասել, որ չհրկիզվող պահարանից տա զենքերը։

Ռուբեն Գրիգորյանը պահարանից վերցրել է այնտեղ եղած 2 ինքնաձիգն ու մեկ ատրճանակն ու տվել վաշտի հրամանատարին։ Այնուհետեւ տեսուչը մնացել է նույն 101 սենյակում եւ, ինչպես նշեց, չի տեսել, թե զենքերը վերցնողները որ ուղղությամբ են գնացել։

Ռուբեն Գրիգորյանը զանգահարել է շտապօգնություն։

Հետո թիվ 4 պահակակետին տեղեկացրել է, որ շտապօգնության մեքենաները ստուգեն եւ ներս թողնեն։

Իր պատասխաններում վկան նշեց նաեւ, որ ինքը բոլոր պահակակետերին հայտնել է, թե ինչ է կատարվում վերեւում, այդ թվում գործով արդեն հարցաքննված վկա Արմեն Գասպարյանին, ասելով, որ վերջինս փակի դարպասները։ Ըստ տեսուչ Գրիգորյանի, այդ պահին ներքին հեռախոսակապն աշխատել է։

Մինչդեռ գործով վկա, դասակի հրամանատար Արթուր Հակոբյանի ցուցմունքի համաձայն, կապը լավ չի գործել, որի պատճառով էլ Արթուր Հակոբյանն Արմեն Գասպարյանին հեռվից ձեռքով նշան է արելՙ դարպասը փակելու։

Ռուբեն Գրիգորյանը նշեց նաեւ, որ այնուհետեւ վաշտի հրամանատար Գագիկ Հակոբյանն իրեն հրահանգել է մնալ սենյակում։ Հակոբյանն ասաց նաեւ, որ սենյակում եղած ժամանակ ներքին հեռախոսակապը եղել է վատ։

Այն հարցին, թե ինքը որեւէ ահազանգ թիվ 2 պահակակետում գտնվող Արմեն Գասպարյանից ստացե՞լ է ԱԺ տարածք զինված մարդկանց մուտք գործելու մասին, վկան բացասաբար պատասխանեց։ Գրիգորյանն ավելացրեց, որ 1999 թ. հոկտեմբերի 27-ից 4 թե 8 օր անց նույն Արմեն Գասպարյանն իրեն ասել է, թե ինքը 2 հոգու թողել է անցնելու։ Ռուբեն Գրիգորյանի զարմանքին ի պատասխան Արմեն Գասպարյանն իր ասածը որակել է որպես կատակ։

Ռուբեն Գրիգորյանը, խոսելով Արմեն Գասպարյանի մասին, ասաց նաեւ, որ ոչ Գասպարյանից, բայց լսել է, թե իբր վերջինիս ասելով Դերենիկ Բեջանյանն ու Էդիկ Գրիգորյանն ԱԺ տարածք են մտելՙ օգտվելով քրեական հետախուզության ինչ-որ աշխատակցի եւ թիկնապահի ներս մտնելու հանգամանքից։

Այդուհանդերձ, Ռուբեն Գրիգորյանի կարծիքով, Արմեն Գասպարյանը վատ տղա չէ, բայց որպես ոստիկան միշտ չէ, որ լուրջ է մոտեցել ծառայությանը եւ եղել է անփորձ։

Այսպիսով, դատավարությունն այս տարի ընդհատվեց եւ կշարունակվի 2003 թ.-ի հունվարի 8-ից։

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4