«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#237, 2002-12-25 | #238, 2002-12-26 | #239, 2002-12-27


ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՈՒԺԵՐԻ ՆԱԽԿԻՆ ՂԵԿԱՎԱՐԻ ՍԱԴՐԻՉ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Որ արվել է հատուկ Ադրբեջանի ազգային անվտանգության համար

Հայաստանի ազգային անվտանգության ծառայության նախկին ղեկավար Դավիթ Շահնազարյանը «Առավոտ» օրաթերթի հունվարի 25-ի համարում հայտարարում է. «Իմ տեղեկություններով, անցյալ տարի, սեպտեմբերի 11-ից հետո, աֆղանական ծագումով որոշ անձինք, որոնք կասկածվում են միջազգային ահաբեկչության կառույցի անդամներ լինելու կամ նրանց հետ կապեր ունենալու մեջ, Հայաստանի Հանրապետության անձնագրերով մուտք են գործել Մ. Նահանգներ»։ Թղթակցի հարցին, թե ո՞րն է իր տեղեկության աղբյուրը, պրն Շահնազարյանը պատասխանել է, որ պատասխանատու է լուրի հավաստիության համար, թեեւ հրաժարվել է մանրամասներ հայտնել։ «Ես տեղյակ եմ նաեւ, որ այդ հարցը քննարկման առարկա է դարձել Մ. Նահանգների եւ Հայաստանի Հանրապետության իշխանությունների միջեւ», ասել է Շահնազարյանը։

Տեսականորեն չի կարելի բացառել, որ Աֆղանստանի կամ աֆղանական ծագումով որոշ քաղաքացիներ կարող են ձեռք բերել Հայաստանի Հանրապետության անձնագրեր, սակայն անհասկանալի է, թե ինչպես կարող են այդ քաղաքացիները մուտք գործել ԱՄՆ տարածք։ ԱՄՆ տարածք մուտք գործելու համար անհրաժեշտ է այցագիր, այսինքնՙ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունն այցագրեր է տրամադրում «միջազգային ահաբեկչության կառույցի ադամներ լինելու կամ նրանց հետ կապեր ունենալու մեջ կասկածվող» աֆղան ահաբեկիչներին։ Իհարկե, տեսականորեն անգամ անհեթեթ կլիներ ենթադրել, թե Երեւանում ԱՄՆ դեսպանության հյուպատոսական ծառայությունն այցագրեր է տրամադրում ահաբեկչության մեջ կասկածվող անձանց։

Դավիթ Շահնազարյանը, մեր կարծիքով, սադրիչ հայտարարություն է արել այլ լսարանիՙ Ադրբեջանի լրատվամիջոցների համար։ Վերջիններս, որոնք իրենց էջերում ընդարձակ տեղ են հատկացնում «հայկական ահաբեկչությանը», Հայաստանի անվտանգության ուժերի նախկին ղեկավարի բերանից վերցնում են իրենց համար չափազանց շահեկան հայտարարություն եւ, երկար ժամանակ, հավանաբար մինչեւ պրն. Շահնազարյանի նոր «բացահայտումը», հաճույքով Հայաստան պետությանը կմեղադրեն ահաբեկչության մեջ։ Եվ դա կանեն առավել համոզմունքովՙ չէ՞ որ Հայաստանի անվտանգության ծառայության նախկին ղեկավարն է Հայաստանին մեղադրում ահաբեկչության հետ կապեր ունենալու մեջ։

Ի դեպ, Դավիթ Շահնազարյանին եւ Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին ադրբեջանական ԶԼՄ-ներն անընդհատ գովաբանում են։ Ինչո՞ւ, ի՞նչն է պատճառը... Միայն այն, որ նրանք ղարաբաղյան կարգավորման հարցում առաջարկում էին Ադրբեջանի համար նպաստավոր լուծո՞ւմ։ Ուշագրավ է հետեւյալ փաստը. Հայաստանի ազգային անվտանգության նախկին ղեկավարներից եւ ոչ մեկը, բացառությամբ Շահնազարյանի, Ադրբեջանի լրատվամիջոցներում գովեստների չի արժանանում։ Ընդ որում, նախագահ Տեր-Պետրոսյանի եւ Շահնազարյանի անունները հոլովվում են չափազանց հաճախ եւ ամեն անգամՙ բացառապես դրական իմաստով։

Հայ մարդու համար տհաճ է, երբ հարեւան հանրապետության ԶԼՄ-ները Դավիթ Շահնազարյանին գովում են։ Իսկ Շահնազարյանի համա՞ր...

ԹԱԹՈՒԼՀԱԿՈԲՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4