«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#237, 2002-12-25 | #238, 2002-12-26 | #239, 2002-12-27


«ՎԱԶԳԵՆԻՆ ՎԱՐՉԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼ ՈՉ ՈՔ ՉԷՐ ԿԱՐՈՂ, ԻՄ ԴԵՊՔՈՒՄՙ ԴԱ ՀՆԱՐԱՎՈՐ ԷՐ»

Արամ Սարգսյանի նախընտրական հուշերը

«Այդ ժամանակ Ռոբերտ Քոչարյանի հետ չէին էլ բանակցում։ Եռանախագահողները, տարբեր պատվիրակություններ գալիս էին Հայաստան ու հանդիպում ինձ հետ, եւ իրենք էլ ընդունում էին, որ որոշում կայացնողը ես եմ։ Իսկ ես ակնհայտորեն չէի կարող ընդունել առաջարկվող տարբերակները եւ դա բացահայտ ասում էի։ Վազգենին վարչապետությունից ազատել ոչ ոք չէր կարող, իմ դեպքումՙ դա հնարավոր էր»։ Սա հատված է ՀՀ նախկին վարչապետ, 2003 թ. նախագահական ընտրությունների համար իր թեկնածությունն առաջադրած Արամ Սարգսյանիՙ «Ճշմարտությունից վեր ոչինչ չկա» գրքից։ 2002 թ. 2300 տպաքանակով լույս տեսած գրքույկը, որ պրն Սարգսյանի վերջին մամլո ասուլիսի ժամանակ բաժանվեց լրագրողներին, բնականաբար նախընտրական պայքարի շրջանակներում, երեք մասից է բաղկացածՙ «Վազգենը», «Արամ Սարգսյանիՙ տարբեր տարիների հարցազրույցները», «Դիտարկումներ» կամ նոթեր վաղվա մասին։

Առաջին մասում, բացի հանգուցյալ Վազգեն Սարգսյանի ու իր մանկության, պատանեկության եւ ուսանողական տարիների մասին ջերմ հիշողություններից, հետաքրքրական պնդումներ կան Վ. Սարգսյանի վարչապետության վերջին շրջանի եւ իրՙ կառավարության ղեկավարի պաշտոնում եղած ժամանակահատվածի մասին։

Մասնավորապես, Արամ Սարգսյանը վստահեցնում է, թե Վ. Սարգսյանն ու Ռ. Քոչարյանը լուրջ տարաձայնություններ ունեին ԼՂ խնդրի հարցում։ «Եվ ես պնդում եմ, որ Մեղրու փոխանակման տարբերակը քննարկվել է Վազգեն Սարգսյան-Կարեն Դեմիրճյան-Ռոբերտ Քոչարյան շրջանակում. ես ունեմ Վազգենի գրառումներըՙ նա հստակ դեմ է եղել, դեմ է եղել եւ Կարեն Դեմիրճյանը»։ Այնուհետեւ նախկին վարչապետն ավելի թափանցիկ ակնարկում է. «Արտաքին քաղաքականության հարցերում եւս տարաձայնություններ եմ ունեցել նախագահի հետ, եւ իմ ամենամեծ հաջողությունը համարում եմ այն, որ Սյունիքի տարածաշրջանում Հայաստանի տարածքային ամբողջականությունը չխախտվեց»։

Գործող իշխանությունները եւս հավաստում են, թե Մեղրին շահարկող տարբերակ չկա ԼՂ խնդրի կարգավորման օրակարգում, գոնե մեր օրակարգում։ Ամեն դեպքում հուսանք, որ սա չի դառնա քաղաքական եւ ընտրական շահարկումների նյութ։

Նույն այս տրամադրություններն են շարունակվում նաեւ քաղաքական գործչի հարցազրույցների հավաքածուում։

«Դիտարկումներում», մեր երկրի ապագայի վերաբերյալ իր պատկերացումները շարադրելիս, Ա. Սարգսյանը համոզմունք է հայտնում, թե մեր երկիրն իր ավանդույթների առկայությամբ եւ բնական ռեսուրսների բացակայությամբ շատ նման է Ճապոնիային եւ պիտի ընթանա վերջինիս ուղիով։

Այս պահին շրջանառության մեջ դրված այս գրքույկով Ա. Սարգսյանն ընդհանուր առմամբ ասում է, թե որպես ՀՀ նախագահ կշարունակի Վազգեն Սարգսյանի կուրսը։ Գրքույկը, հատկապես նրա լուսանկարային ներդիրները, նպատակ ունեն նաեւ կամ ակամա փորձում են նմանեցնել Արամ Սարգսյանին հանգուցյալ եղբորըՙ Վազգեն Սարգսյանին։ Այս առումով առանձնապես հատկանշական է գրքի կազմը. մարդկային ուղեղների եւ ենթագիտակցության մանիպուլյացիան յուրաքանչյուր երկրի յուրաքանչյուր ընտրության եթե ոչ գլխավոր, ապա կարեւոր բաղադրիչ է, բայց նման կիրառությունը հակառակ ազդեցությունն է գործում։ Եվ «Ճշմարտությունից վեր ոչինչ չկա» գրքույկի կազմին նայելիս մի պարզ հարց է առաջանում ընտրողի մեջ. «Ո՞ւմ եմ տալու իմ ձայնըՙ Արամ Սարգսյանի՞ն, թե՞... Վազգեն Սարգսյանին»։

ԼԻԼԻԹ ԳՐԻԳՈՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4