«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#237, 2002-12-25 | #238, 2002-12-26 | #239, 2002-12-27


ԷՐԴՈՂԱՆԻ ՄՈՍԿՎԱ ԿԱՏԱՐԱԾ ԱՅՑԸ ԿՆՊԱՍՏԻ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆԱԿԻՑՆԵՐԻ ՀԵՏ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

Դեկտեմբերի 15-ին Թուրքիայի արտգործնախարար Յաշար Յաքըշը հայտարարել էր Ռուսաստանի, Իրանի եւ Հայաստանի հետ հարաբերությունները զարգացնելու թուրքական նորընտիր իշխանությունների պատրաստակամության մասին։ Առաջին հայացքից սովորական թվացող այս հայտարարությունը չափազանց կարեւոր է վերոհիշյալ 3 երկրների հետ Թուրքիայի հարաբերությունների, նրանց նկատմամբ Մ. Նահանգների որդեգրած քաղաքականությանը, Մերձավոր եւ Միջին Արեւելքում վերջիններիս տեղի ու դերի, Անդրկովկասի քաղաքական ճակատագրի, ինչպես նաեւ թուրքական պետության ամերիկյան միակողմանի ուղղվածությանը տարածաշրջանային պետությունների հետ համագործակցելու միջոցով հավասարակշռելու առումներով։

Հայ-ռուսական ռազմաքաղաքական սերտ դաշինքը, հայ-իրանական հարաբերությունների բարձր մակարդակը, Անդրկովկասում հանուն ազդեցության ծավալվող ռուս-ամերիկյան մրցակցությունը, Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի բացասական դիրքորոշումը եւ դրանով պայմանավորված թուրք-իրանական հակասությունները Հայաստանի տեսանկյունից առանձնակի նշանակություն են հաղորդում հայտարարությանը։

Հարկ է, սակայն, նշել, որ տվյալ դեպքում կարեւորը սոսկ հայտարարությունը չէ, այլ դրան գործնական քայլերով հետամուտ լինելը։ Թուրքիան կզարգացնի՞ Ռուսաստանի, Իրանի եւ Հայաստանի հետ հարաբերությունները, թե՞ ոչ, դժվար է ասել։ Բայց որ թուրքական նորընտիր իշխանությունները հետամտելու պատրաստակամություն են ցուցաբերում, ակնհայտ է։ Դրանում համոզվելու համար կարելի է անդրադառնալ Թուրքիայում կառավարող «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության գլխավոր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Մոսկվա կատարած այցին, որը հետեւեց արտգործնախարար Յաքըշի հայտարարությանը։

Հիշեցման կարգով նշենք, որ Էրդողանը մինչ այդ երկու շրջագայություն էր կատարել Եվրոպայումՙ այցելելով Եվրամիությանն անդամ 14 երկրներ։ ԵՄ-ի կոպենհագենյան գագաթաժողովի նախօրյակին նա եղել էր ԱՄՆ-ում։ Հատկանշական է, որ Էրդողանը, լինելով ընտրություններում հաղթանակած կուսակցության առաջնորդ, հանդիպումներն այդ երկրներում անցկացնում էր ամենաբարձր մակարդակով, որոնց ընթացքում նրան ցուցաբերում էին պետության ղեկավարին արժանավայել ընդունելություն։ Հատկապես տպավորիչ էր նրա հանդիպումը Ջորջ Բուշի հետ Սպիտակ տանը, որտեղ ԱՄՆ նախագահը շուտով Էրդողանին այլ պաշտոնում տեսնելու հույս էր հայտնել։ Բուշի ակնարկը վարչապետի պաշտոնի մասին էր, իսկ դրա անհրաժեշտ նախապայմանը Թուրքիայի ազգային մեծ ժողովիՙ Մեջլիսի պատգամավոր ընտրվելն է։

Թեեւ Մեջլիսը, փոփոխության ենթարկելով սահմանադրության համապատասխան հոդվածները, պատգամավոր ընտրվելու հնարավորություն է տվել Էրդողանին, սակայն փոփոխությունը համառորեն չի վավերացնում նախագահ Ահմեդ Նեջդեթ Սեզերը։ Այլ կերպՙ վարչապետ դառնալու ճանապարհին Էրդողանը բախվում է ներքաղաքական լուրջ խոչընդոտների։ Սակայն դա նրան չի խանգարում, որ նա Թուրքիայի համար շահավետ այցելություններ կատարի։

Շահավետության առումով թերեւս բացառություն չէր նրա հանդիպումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որը դեկտեմբերի 24-ին տեղի ունեցավ Կրեմլում։ Հանդիպմանը Պուտինն ասել է. «Ակնկալում եմ, որ Ռուսաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների լավագույն ավանդույթները կպահպանվեն, եւ մենք համագործակցության նոր բնագծեր կնվաճենք»։ Այնուհետեւ նա նշել է երկկողմ ապրանքաշրջանառության 5 մլրդ դոլարի հասնող ծավալի մասին, ավելացնելով. «Իսկ եթե նկատի առնվի չհաշվարկված առեւտուրը, դա եւս 4 մլրդ է»։

Այս մասին, առանց աղբյուր նշելու, դեկտեմբերի 25-ի համարում տեղեկացնում է «Հայաստանի Հանրապետությունը»։ Նույն օրվա առավոտյան թուրքական հանրային հեռուստատեսության էկրանից Էրդողանն այցի արդյունքներն ամփոփելիս նշեց, որ Թուրքիան բացասական առեւտրային հաշվեկշիռ ունի Ռուսաստանի հետ, եւ դա 2,5 մլրդ դոլար է կազմում։ Էրդողանը, ընդգծելով դրա վերացման անհրաժեշտությունը, արտահայտվեց Ռուսաստանի հետ արտաքին տնտեսական կապերի հետագա զարգացման թուրքական նորընտիր իշխանությունների գլխավոր նպատակի մասին։

Պուտին-Էրդողան հանդիպումը, ինչ խոսք, առեւտրատնտեսական խնդիրների քննարկումով չի սահմանափակվել։ Պարզապես հայտնի չեն դրա մանրամասները։ Միայն գիտենք, որ Պուտինը, ինչպես այդ մասին տեղեկացրել է թուրքական հեռուստատեսությունը, դժգոհություն է հայտնել Թուրքիայում չեչենական կազմակերպությունների գործունեության առնչությամբ, իսկ Էրդողանը դրան հակադրել է PKK-ի իրավաժառանգորդ, քրդական KADEK կազմակերպության գործունեությունը Ռուսաստանում։

Համենայն դեպս, Էրդողանի այցը Ռուսաստան ռուս-թուրքական հարաբերությունների բարելավման առումով նշանակալից քայլ է։ Բարելավումը ենթադրում է հարաբերությունների բարելավման նախադրյալների ստեղծումն այն երկրների հետ, որոնք Ռուսաստանի դաշնակիցներն են։ Դրանցից կարելի է առանձնացնել Իրանին, որովհետեւ նա Մերձավոր եւ Միջին Արեւելքում հզոր քաղաքական ուժ է, իսկ տարածաշրջանի գլխին կախվել է Իրաքի դեմ պատերազմ սանձազերծելու ամերիկյան սպառնալիքը։

Կասկածից վեր է, որ այդ պատերազմում ԱՄՆ-ը ռազմական ներկայություն է ապահովելու Իրաքի տարածքում, իսկ դա որպես հետեւանք անխուսափելիորեն հանգեցնելու է տարածաշրջանում ուժերի հավասարակշռության փոփոխությանը։ Նման փոփոխությունները միշտ էլ անկանխատեսելի են, նույնիսկ ԱՄՆ-ի դաշնակիցների համար, որովհետեւ տարածաշրջանում նոր տեղի եւ դերի բաշխում են ենթադրում։

Թեեւ Թուրքիան ԱՄՆ-ի դաշնակիցն է, սակայն այդ բաշխումից չտուժելու կամ կորուստները նվազագույնի իջեցնելու համար պետք է ամրապնդի իր դիրքերը միջազգային ասպարեզում։ Դրանով ինքնաբերաբար կամրապնդվեն նրա դիրքերը նաեւ տարածաշրջանում։ Ուրեմն, Էրդողանի Մոսկվա կատարած այցելությանը պետք է մոտենալ Թուրքիայի դիրքերի ամրապնդման տեսանկյունիցՙ չմոռանալով նրա Եվրամիության 14 երկրներ կատարած շրջագայությունների եւ Մերձավոր ու Միջին Արեւելքի երկրներ այցելելու պատրաստակամության մասին։

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4