Հազարավոր թուրք կիպրացիներ երեկ ցույց կազմակերպեցին Նիկոսիայի գրավյալ շրջանումՙ պահանջելով թուրք համայնքի ղեկավար Ռաուֆ Դենքթաշի հրաժարականը, Կիպրոսի մայրաքաղաքից տեղեկացնում է մեր թղթակից Ջորջ Տեր-Բարթողը։ Սա թուրք կիպրացիների 6-րդ զանգվածային ցույցն է Կիպրոսի Եվրամիության անդամ ընդունվելուց ի վեր։ Նմանօրինակ ցույցեր տեղի են ունենում նաեւ կղզու գրավյալ մյուս տարածքներում։ Ակտիվ է հատկապես երիտասարդությունը, որի վեր պարզած պաստառների վրա կարելի է կարդալ «Բարիշ, բարիշ» (հաշտություն, հաշտություն)։ Այլ պաստառների վրա թուրքերեն, անգլերեն եւ առաջին անգամ հունարեն գրված է նաեւՙ «Խաղաղություն ենք ուզում», «Դենքթաշ, հրաժարվիր», «Մեր ապագան Եվրամիությունն է»։
Հատկանշական է, որ ցուցարարների ձեռքում թուրքական եւ թուրք-կիպրական դրոշներ չկան։ Փոխարենը ձիթենու ճյուղեր են։
Դենքթաշի գլխավոր ընդդիմախոս Մեհմեթ Ալի Թալաթը թղթակիցներին մի քանի օր առաջ ասել էր. «Դենթքաշը մեր առաջադիմության գլխավոր խոչընդոտն է։ Ժամանակն է, որ նա հեռանա»։ Հետեւանքը եղավ այն, որ Թալաթը կանչվեց Անկարա, որտեղ նրան խորհուրդ տվեցին փոխանակ գրգռելու, հանդարտեցնել ցուցարարներին։ Այս բանի վրա թուրք կիպրացի մի խումբ մտավորականներ եւ ուսանողներ հացադուլ հայտարարեցին։
Ըստ երեւույթին, Կիպրոսի գրավյալ հատվածի անփոփոխ ղեկավար, 79-ամյա Դենքթաշի իշխանության օրերը հաշված են։