Մեր թերթն էլ արձագանքեց օրերս ՀՀ մշակույթի նախարարությունում կայացած ասուլիսին, որտեղ նախարար Ռ. Շառոյանը եւ վերջերս Արաբական Միացյալ Էմիրություններում անցկացված Հայաստանի մշակութային շաբաթի այլ մասնակիցներ մեծ խանդավառությամբ պատմել էին միջոցառումների մեծ ընդունելության մասինՙ մասնավորապես շեշտելով տեղի հայ եւ արաբ արվեստասերների ցուցաբերած մեծ հետաքրքրությունը եւ գովեստները։ Այլ խոսքով, ըստ ասուլիսի մասնակիցների, Էմիրություններում Հայաստանի մշակույթի շաբաթն արձանագրվել էր մեծագույն հաջողություն եւ հանդիսանալու է խթան հայ եւ արաբ մշակութային կապերի հետագա զարգացման համար։
Դժբախտաբար, ասուլիս հրավիրողները, գլխավորությամբ նախարարի, կես ճշմարտությունն են միայն ասել։ Այս մասին երեկ Աբու Դաբիից ստացանք տեղի մեր մտավորականներից, ճարտարապետ Անդրանիկ Տաղլյանի ընդարձակ թղթակցությունը, որին կցված բացատրությունն ավելի քան խոսուն է. «Հայաստանի մամուլը ճիշտ պատկերը չներկայացուց, ուստի ուզեցի ճշգրտորեն իրականությունը ներկայացնել մշակութային շաբթվան մասին»։
Կրկնություններից խուսափելու համար չենք տպում այդ թղթակցությունը։ Սակայն ի մի բերելով թղթակցությունից մեր ստացած ընդհանուր տպավորությունը, կարելի է ասել, որ մշակութային շաբաթվա միայն առաջին օրվա համերգն է, ինչպես նաեւ Ե. Քոչարի գործերի ցուցահանդեսի բացումը, որ հաջող է անցել հանդիսատեսի հետաքրքրության առումով։ Հաջորդող օրերին, ինչպես գրում է Ա. Տաղլյանը, դահլիճում հազիվ 200 հոգի է ներկա գտնվել համերգին, որտեղ զգալի է եղել տեղի հայ հասարակության բացակայությունը։ Իսկ ցուցահանդես այցելել է հազիվ 20 մարդ։ Ավելի տխուր իրավիճակ է պարզվել նույն կենտրոնի սրահում, դեկտեմբերի 16-ին, մեր տաղանդավոր ռեժիսոր Ալբերտ Մկրտչյանի «Ուրախ ավտոբուս» ֆիլմի ներկայացմանը։ Հազիվ 50 մարդ է ներկա գտնվել, եւ դարձյալ իր բացակայությամբ «փայլել» է տեղի հայ գաղութը։
Այնպես որ, չափազանցությունը, մանավանդ նման պարագաներում, անտեղի է, նույնիսկ վնասակար։ Մանավանդՙ չպետք է խաբել մեր հասարակությանը։