ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան, նախագահության որոշմամբ, վերահրատարակեց ակադեմիկոս Մ. Գ. Ներսիսյանի «Հայ ժողովրդի ազատագրական պայքարը թուրքական բռնապետության դեմ 1850¬1890 թթ.» ստվարածավալ աշխատությունը։ Սա մեծանուն գիտնականի հետմահու հրապարակված առաջին գործն է եւ մասնիկը գիտական այն հարուստ ժառանգության, որը նա տասնյակ տարիների քրտնաջան աշխատանքի շնորհիվ կարողացել է թողնել իր ժողովրդին։
Հայագիտության մեջ ազգային-ազատագրական պայքարի ուսումնասիրությունը սերտորեն առնչվում է Մ. Գ. Ներսիսյանի գիտական գործունեությանը եւ ամբողջացնում նրա խոշոր վաստակն իր մշակածՙ հայ-ռուսական պատմաքննական հարաբերությունների, հայ հասարակական մտքի պատմության եւ, վերջապես, Հայոց ցեղասպանության հիմնարար թեմաների ուսումնասիրության բնագավառներում։
Սույն վերահրատարակությունը «Ակադեմիկոս Մ. Գ. Ներսիսյանի աշխատության նոր հրատարակության առթիվ» ենթախորագրով ընթերցողին է ներկայացնում նրա խմբագիր, պատմագիտության դոկտոր, պրոֆ. Ա. Ա. Խառատյանը։ Աշխատությունը սկսվում է հեղինակի նախաբանով, կազմված է 10 առանձին գլուխներից, ունի հավելված, որտեղ զետեղված են արխիվային փաստաթղթերը, եւ հագեցված է աղբյուրների ու գրականության, ինչպես նաեւ անձնանունների եւ տեղանունների ցանկերով։
Շնորհիվ հանգուցյալ ակադեմիկոսի անձամբ կատարած հավելումների, ուղղումների եւ լրացումների, ներկա վերահրատարակությունը նախորդՙ 1955 թ. հրատարակության համեմատ ոչ միայն որակական կարեւոր փոփոխությունների է ենթարկվել, այլեւ նպատակաուղղվածությամբ միանգամայն արդիական բնույթ է ստացել։
ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչության հրատարակած այս աշխատությունը 488 էջ է եւ լուսաբանում է օսմանյան բռնապետության դեմ 1850¬1990 թթ. ծավալված հայ ազգային-ազատագրական շարժումը։ Արխիվային հարուստ նյութերի ու սկզբնաղբյուրների հիման վրա շարադրված է թուրքական լծի տակ հեծող հայ ժողովրդական զանգվածների խիզախ ընդվզումների եւ ինքնապաշտպանական կռիվների պատմությունը։ Առանձնակի ուշադրություն է դարձված հայրենասիրական գաղտնի խմբակների ու կազմակերպությունների, ինչպես նաեւ կամավորական խմբերի գործունեությանը։
Աշխատության մեջ հանգամանորեն խոսվում է նշված ժամանակաշրջանի հայ ազգային-ազատագրական շարժման գաղափարախոսության, քաղաքական կապերի եւ կողմնորոշման մասին։ Միաժամանակ բազմաթիվ փաստերի ու տվյալների հիման վրա ցույց է տրվում Օսմանյան կայսրությունում հայկական ջարդերի կազմակերպման պետական ծրագրի առկայությունը, Արեւմտյան Հայաստանում հայ բնակչության զանգվածային կոտորածների ծրագրին համապատասխան իրագործումը եւ կոտորածներում օսմանյան կանոնավոր զորքերի հետ նաեւ քրդական ցեղերի օգտագործումը։
Հեղինակն առանձնակի ուշադրություն է դարձնում պատմությունը կեղծելու փորձերին եւ ընդգծում, որ դրանք հատկապես իրենց արտահայտությունն են գտել թուրքական պատմագիտական եւ հրապարակախոսական գրականության մեջ։ Ակադեմիկոս Ներսիսյանի սույն աշխատությունը գիտական մեծ արժեք է եւ, դոկտ., պրոֆ. Ա. Ա. Խառատյանի պատկերավոր արտահայտությամբ, անվիճելիորեն բարձր որակ հայ պատմագրության մեջ։
Հուսանք, որ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան ձեռնամուխ կլինի ակադեմիկոս Մ. Գ. Ներսիսյանի նոր աշխատությունների հրատարակմանը, որպեսզի մեր հասարակությունը նրա գիտական հարուստ ժառանգությանը հաղորդակցվելիս այդ ժառանգության միջոցով միաժամանակ հաղորդակից դառնա նաեւ մեծ պատմաբանիՙ շատ-շատ գիտնականների համար օրինակելի ազնիվ վարքագծին, սկզբունքայնությանը եւ հայ պատմագրությանն անսահման նվիրումին։
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ, Պատմական գիտությունների թեկնածու