«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#237, 2002-12-25 | #238, 2002-12-26 | #239, 2002-12-27


ՀԱԷԿ-Ը ՊԱՏՐԱՍՏ Է ՎԵՐԱԼԻՑՔԱՎՈՐՄԱՆ

ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Հայկական ատոմակայանը պատրաստ է վերալիցքավորման եւ միջուկային վառելիքի խմբաքանակն ստանալուց հետո 25 օրվա ընթացքում կմիանա հանրապետության էլեկտրաէներգամատակարարման ցանցին»,-նշեց ատոմակայանի գլխավոր ինժեներ Մովսես Վարդանյանը։ Պատասխանելով Արմենպրեսի թղթակցի հարցերին նա տեղեկացրեց, որ այս օրերին Մոսկվայում է գտնվում ՀՀ էներգետիկայի փոխնախարար Իոսիֆ Իսայանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում է ՀԱԷԿ-ի տնօրեն Գագիկ Մարկոսյանը։ Գլխավոր ինժեների բնորոշմամբ, որպես «վառելիքատեր», ատոմակայանի տնօրենը պարտավոր էր մասնակցել վառելիքի ձեռքբերման վերաբերյալ վերջնական խորհրդակցություններին»։

Մ. Վարդանյանի հավաստմամբ, ատոմակայանը վառելիքի օգտագործման առումով տեխնիկական խնդիրներ չունի, բանակցությունների օրակարգում գլխավորը ֆինանսական հարցն է։

Նշենք, որ ըստ նախնական պայմանավորվածության, Հայաստանը 77,4 մլն դոլար արժողությամբ էլեկտրաէներգիա կառաքի ռուսական ընկերություններից մեկին, որն այդ գումարի կեսը կտրամադրի որպես կանխավճար։ Վերջինիս գումարը կուղղվի ատոմային վառելիքի մատակարարների հանդեպ ունեցած նախորդ տարիների պարտքի մարմանը եւ վառելիքի նոր խմբաքանակի ձեռքբերմանը։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4