«Գաֆեսճյան թանգարանին» իբրեւ սեփականություն հանձնված «Կասկադ» համալիրի մեջ է բռնադատվածների մատուռ-հուշարձանի կառուցման համար նախատեսված տարածքը։
Ստալինյան վարչակարգի զանգվածային բռնությունների զոհը դարձան նաեւ 56 հազար հայեր։ Նրանցից 14 հազարը գնդակահարվեցին, շատ-շատերը մահկանացուն կնքեցին սիբիրյան կալանավայրերում, գրեթե բոլորըՙ անշիրիմ։ 1992 թ. ԱՊՀ պետությունների ղեկավարները ստորագրեցին միջպետական համաձայնագիրՙ նախկին քաղբանտարկյալների փոխհատուցումների վերաբերյալ։ 1994 թ. բռնադատվածների մասին ՀՀ օրենքի ընդունումից հետո հայ բռնադատվածներին բազում արտոնություններ շնորհվեցինՙ տրանսպորտով ձրի երթեւեկ Հայաստանի ողջ տարածքում, կոմունալ վարձավճարների 50 տոկոս զեղչ եւ այլն։ Իբրեւ նյութական փոխհատուցում նրանցից յուրաքանչյուրին տրվեց նաեւ 12 հազար դրամ։ Սակայն ընդամենը 1 անգամ։ Դրանից հետո եւս 5 տարի նրանք ամսական 3500 դրամ ստացան եւ դրանով ամեն ինչ ավարտվեց։
1998 թ. ընտանեկան նպաստների համակարգին անցումից հետո, անհասկանալի տրամաբանությամբ, բռնադատվածներին ներառեցին կարիքավորների դասի մեջ, զրկեցին բոլոր արտոնություններիցՙ առաջարկելով օգնության համար դիմել «Փարոս» համակարգին։ Նրանց տարակուսանքը, որ իրենք աղքատի դրամ չեն ուզում, այլՙ իրենց տառապանքների փոխհատուցումը, առ այսօր անարձագանք է մնում։ Հուսահատված մարդիկ անցած տարի դիմեցին ծայրահեղ քայլիՙ նամակ հղելով Ռուսաստանի Դաշնության նախագահ Պուտինին։ Առաջարկում էին վերադարձնել իրենց նախկին աքսորավայրերը, ուր տարիներ շարունակ աշխատել են Ռուսաստանի համար, եւ իրենց եւս շնորհել այն արտոնությունները, որոնցից այսօր օգտվում են Ռուսաստանում ապրող մեր հայրենակիցները։ Նրանց դիմումի այս կետը, իհարկե, շրջանցվեց։ Պուտինը պարզապես պատասխանեց, որ ամեն կառավարություն ինքը պիտի հոգա իր խնդիրները։ Բռնադատվածները կրկնակի նվաստացած են զգում, երբ իրենց համեմատում են ԱՊՀ այլ երկրներում ապրող բախտակիցների հետ։ Ռուսաստանում նրանք ամեն ամիս ստանում են 60, Վրաստանումՙ 40, Ադրբեջանումՙ 70, Ղազախստանում 80 դոլար փոխհատուցում, օգտվում են որոշակի արտոնություններից։ Մոսկվայի կենտրոնական հատվածներից մեկում տեղավորված քառահարկ մի առանձնատուն իբրեւ հավաքատեղի տրամադրվել է Ռուս բռնադատվածների միությանը։ Հայաստանյան «Հուշամատյան» իրավապաշտպան ընկերությանը, որի անդամներն են նախկին քաղբանտարկյալները, նեղլիկ անհարմար մի սենյակ է տրվել Թումանյան 17 հասցեում։ Դեռ լուրեր են շրջում, որ նույն շենքում գտնվող բանկային կազմակերպությունը հավակնում է այդ տարածքին։
Իհարկե, կարելի է ասել, որ նշված երկրները հնարավորություններ ունեն, իսկ մենք աղքատ ենք, եւ առայժմ պիտի շրջանցվի պրոբլեմը։ Սակայն դիտարկելով իրավիճակային այն տատանումները, որում հայտնվել են հայ բռնադատվածները վերջին 10 տարվա ընթացքում, կասկածում ես, թե միջոցներն են խնդիրը։ 2 տարի առաջ կառավարությունը որոշեց 1 տոկոսադրույքով, 25 տարվա ընթացքում մարելու պայմանով 5 մլն դրամի վարկ տրամադրել բռնությունների տարիներին տունն ու ունեցվածքը կորցրած մարդկանց։
Բծախնդիր հաշվարկներով երջանիկների ցուցակում հայտնվեց ընդամենը 29 բռնադատված։ Նրանցից ոչ ոք, սակայն, առ այսօր ոչ մի լումա չի ստացել։ Որոշման իրականացումը հաջորդաբար փոխանցվել է գալիք 2003-ին։ Այդպես եւ անորոշ է մնացել դեռեւս հունիսին ԱԺ ներկայացրած բռնադատվածների օրենքում փոփոխություններ նախատեսող օրինագծի տարբերակը։
1994 թ. առ այսօր 6000 բռնադատվածներից մնացել են 3000-ը։ Մյուս 3000-ը մահացանՙ այդպես էլ պատշաճ վերաբերմունքի չարժանանալով։ Ծերության շեմը վաղուց ոտք դրած մարդիկ առ այսօր փոխհատուցում են խնդրում գոնե նյութական ծանր վիճակում գտնվողների համար։
«Հուշամատյանի» վարչության անդամ Արշակ Անտոնյանի համոզմամբ, «Աղքատ երկիրը չինովնիկների աշխատավարձն այդքան չի բարձրացնի, երբ սովյալներ կան, երբ մեզ պատճառաբանում են, թե փող չունենք, որ փոխհատուցենք ձեր զրկանքների դիմաց»։ Բռնադատված Սվետլանա Մանուկյանի վրդովմունքն էլ այլ է. «Բանը հասել է նրան, որ երբ որեւէ խնդրով դիմում եմ արտոնյալներին եւ հիշեցնում, որ բռնադատված եմ, բառացիորեն արհամարհանքի եմ արժանանում»։
Այս տարեվերջին հայ բռնադատվածներին մի այլ մտավախություն էլ է պատել։ Իրենց 50-ամյակի կապակցությամբ «Կասկադ» համալիրի 5-րդ հարթակում գրանիտե հուշաքար տեղադրվեց։ Այստեղ նախատեսվում է կառուցել նաեւ մատուռ-հուշարձան։ Այդպիսիք կան ԱՊՀ բոլոր երկրներում։ Կան քաղաքապետարանի համապատասխան որոշումն ու ճարտարապետական նախագիծը, որի հեղինակն ակադեմիկոս Ջիմ Թորոսյանն է։ Սակայն կառավարության այս տարվա թիվ 272 որոշմամբ, «Գաֆեսճյան թանգարան» հիմնադրամին իբրեւ սեփականություն հանձնվեցին «Կասկադ» համալիրի անավարտ շինությունները եւ դրանց հարող հողամասերը, որոնց մեջ է եւ մատուռ-հուշարձանի կառուցման համար նախատեսված տարածքը։ Տագնապած բռնադատվածները դիմումներ են հղել ե՛ւ ՀՀ նախագահին, ե՛ւ վարչապետին, ե՛ւ պաշտպանության նախարարին ու քաղաքի գլխավոր ճարտարապետին։ Վերջինից հուսադրող պատասխան եկավ, որ «հարցը լրացուցիչ կքննարկվի «Գաֆեսճյան թանգարան» հիմնադրամի ներկայացուցչի հետ, որը Երեւան է ժամանելու նոյեմբերի վերջին։ Եվ արդյունքների մասին բռնադատվածները լրացուցիչ կտեղեկացվեն»։
Առայժմ տեղեկություններ չկան։ 70-ի եւ 80-ի սահմանագիծը հատած մարդիկ վախենում են կրկին հուսախաբ լինելուց։ Աչքը տեսածից է վախենում։
ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ