«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#237, 2002-12-25 | #238, 2002-12-26 | #239, 2002-12-27


ԳՅՈՒՄՐՈՒ ՓՈՂՈՑՆԵՐԻՑ ՄԵԿՈՒՄ ԳՏՆՎԵԼ Է ԼՔՎԱԾ ՆՈՐԱԾԻՆ

ԳՅՈՒՄՐԻ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ Դեկտեմբերի 25-ին, ժամը 18։00-ի սահմաններում ոստիկանության Գյումրու 4-րդ բաժանմունքում շտապ բուժօգնության կողմից ահազանգ է ստացվել, որ քաղաքի Սեւյան 11ա շենքի դիմաց նորածին կենդանի տղա երեխա է գտնվել։ Ինչպես հայտնեցին արտակարգ իրավիճակների եւ քաղպաշտպանության Շիրակի մարզային վարչության հերթապահ ծառայությունից, առաջին բուժօգնությունից հետո նորածինն անմիջապես տեղափոխվել է Գյումրու Ավստրիական մանկական հիվանդանոցի վերակենդանացման բաժին։

Նորածնի թեւին կախված է եղել ծննդատան գրությունը. մոր անունըՙ Պետրոսյան Մետաքսյա, երեխայի սեռը, քաշըՙ 1,7 կգ, ծննդյան օրը եւ ժամըՙ 2002 թ. դեկտեմբերի 23, 21։00։

Գյումրու Ավստրիական մանկական հիվանդանոցի վերակենդանացման բաժնի բժշկուհի Աղայանը տեղեկացրեց, որ հիվանդանոց ընդունելու պահին երեխան եղել է սառած վիճակում, մարմնի ջերմաստիճանը եղել է 34 աստիճան։ Ներկայումս նորածնի առողջական վիճակը նորմալ է, կյանքին վտանգ չի սպառնում, երեխան ստանում է պրոֆիլակտիկ բուժում, գտնվում է կյուվեզի ռեժիմում։

Գյումրիի ծննդատան ծննդօգնության պատասխանատու Լիլիա Պողոսյանը հաստատեց, որ դեկտեմբերի 23-ին անհետաձգելի բուժօգնություն է ցուցաբերվել ոմն Մետաքսյա Պետրոսյանի, որը ծննդաբերել է 1,7 կգ քաշով տղա երեխա։ Նշված այցելուն ծննդատուն է դիմել դեկտեմբերի 23-ին, ժամը 20։30-ինՙ առանց անձը հաստատող փաստաթղթի։ Վերջինի բացակայությունը կնոջ կողմից պատճառաբանվել է այն հանգամանքով, որ ինքը Թբիլիսիից է, անձնագիրը թողել է այնտեղ, իր հետ ոչ ոք չկա, ինքը միայնակ մայր է։ Ծննդաբերելուց հետո նա անընդհատ խնդրել է իրեն երեխայի հետ դուրս գրել, բայց բուժանձնակազմից ոչ մեկին մանկիկից հրաժարվելու որեւէ մտադրության մասին չի հայտնել։ Քանի որ թե՛ մոր եւ թե՛ երեխայի առողջական վիճակը եղել է նորմալ, մանկաբույժը մորը երեխայի հետ դեկտեմբերի 25-ին դուրս է գրել։

Ոստիկանության բաժանմունքի հերթապահ մասից հայտնեցին, որ երեխայի ծնողներին հայտնաբերելու աշխատանքներ են տարվում։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4