Գրեթե բացորոշ է, որ նոր տարում Մ. Նահանգները, վերջին տասնամյակում արդեն 5-րդ անգամ, պատերազմ է սկսելուՙ այս անգամ Իրաքի դեմ, կրկին։ Դժվար է ասելՙ այդ պատերազմը կավարտվի միայն Սադդամ Հուսեյնի վարչակարգի ջախջախումո՞վ, թե՞ տարածաշրջանային այլ շարունակություններ կունենա։ Սակայն հաստատ է, որ աշխարհաքաղաքական նոր փոփոխություններ կլինեն, ընդհուպՙ քաղաքական քարտեզի վերաձեւումներ։ Արդեն ուրվագծվում է ընդլայնված Մերձավոր Արեւելքի վաղուց փայփայվող գաղափար-ծրագիրը, որն «ընդդեմ ահաբեկչության» կարգախոսի ներքո առերեւույթ առաջնորդվելու է ժողովրդավարության կարգուսարքով, մինչդեռ խորքումՙ ղեկավարվելու է մեկ եւ միակ կենտրոնից իջեցված ռազմատնտեսական տնօրինումներով։
Մեր կամքից անկախՙ Հայաստանը, ինչպես ողջ Անդրկովկասը, հայտնվելու է աշխարհաքաղաքական այդ նոր միավորի ձեւավորման հորձանուտում եւ ստիպված է լինելու կանգնել ավելի խիստ երկընտրանքների առաջ։ Մեր բոլոր, առայժմ անլույծ հարցերը, եւ առաջին հերթին Ղարաբաղյան հիմնախնդիրը, մտնելու են նոր աշխարհակարգի թելադրված պայմանների տակ։ Հետեւաբար անհրաժեշտ է մի քանի տարի արդեն հաջողությամբ կիրառվող փոխլրացման արտաքին քաղաքականության այլընտրանքներ ունենալ ձեռքի տակ, մանավանդ եթե մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանը շարունակի անտեսել այն հանգամանքը, որ ռազմակայանի կողքին եւ դրանից առավել տնտեսական ներդրումային ներկայությունն է լինելու իր գլխավոր կռվանն այս տարածաշրջանում եւ առաջին հերթին Հայաստանում։
Իրերի այս կացության մեջ Հայաստանի իշխանություններից պահանջվում են առավել խոր հաշվարկներ, ազգամետ դիրքորոշումներ եւ նպատակասլացություն։ Բոլոր ասպարեզներում բանիմաց, նվիրյալ մարդկանց ներկայություն։ Յուրաքանչյուր դիրքում ամեն մի ձախողություն այսուհետեւ ազդելու է ընդհանուր համակարգի, հետեւաբար ազգային գերագույն շահերի վրա։ Ճիշտ է, անցնող տարին իր տնտեսական ու քաղաքական ձեռքբերումներով բավական հատկանշական էր, որի մասին հետագա էջերում մեր աշխատակիցները համապատասխան ամփոփոխումներ են կատարել։ Սակայն գոտեպինդ եւ անբասիր աշխատանքը դեռեւս հեռու է մեր պետավարչական գործունեության հատկանիշը լինելուց։
Առաջիկա տարին լինելու է ընտրությունների տարի։ Նախՙ նախագահական, այնուհետեւՙ խորհրդարանական։ Առաջինի դեպքում մեր ժողովուրդը վերընտրելու է կայունությունը, որի պայմաններում միայն մեզ կհաջողվի դիմագրավել արտաքին ու ներքին մարտահրավերներին։ Երկրորդՙ խորհրդարանական ընտրությունների դեպքում մեր ժողովուրդն ընտրելու է միասնականությունը։ Միասնականությունՙ խորհրդարանական մանդատ շնորհելու միայն այն ուժերին եւ անձանց, ովքեր քաղաքական ու մասնագիտական կարողություն, կամք եւ անանձնական նվիրում ունեն օրենսդիր իսկական աշխատանքով զբաղվելու։
Միայն կայունությամբ եւ միասնականությամբ կկարողանանք հաղթահարել մեր երկրի ու ժողովրդի առաջ կանգնած դժվարությունները։
Շնորհավոր Նոր տարի եւ Սբ. Ծնունդ։