«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#238, 2002-12-26 | #239, 2002-12-27 | #240, 2002-12-28


ՀԱՎԱՏԱՐՄՈՒԹՅԱՆ ՏԱՐԻ ԷՐ

Տարվա մշակութային մեծագույն նվաճումըՙ «Արարատ» ֆիլմը

Անցնողՙ 2002 թվականը մշակույթի ոլորտում վայրիվերումների տարի եղավ։ Շատ բան կորցրինք, որոշ բաներ նվաճեցինք։ Սոսկ սեւ ու սպիտակի գունաբաժանում չէր։ Դա պայմանավորված էր, իհարկե, ընդհանուր, հասարակական-քաղաքական իրավիճակով ինչպես Հայաստանում, այնպես էլ ողջ հայության կյանքում։ Մշակութային աշխուժության իմաստով նշանակալից տարի էր 2002թ¬ը։ Տարիներ տեւած թմբիրից հետո մշակութային արտակարգ աշխուժություն արձանագրվեց։ Գրեթե ամեն օր մի նոր միջոցառում տեղի ունեցավ։ Դրանց մեծ մասի որակը դեռեւս անբավարարա է, սակայն, վստահաբար, այդ աշխուժությունը հետագայում առիթ կտա ստեղծագործական նվաճումների։ Համենայնդեպս, տարվա մշակութային գլխավոր իրադարձությունը «Արարատ» ֆիլմն էր։

2002 թվականի հունվարի 15-ին հրապարակվեց Հայաստանի Հանրապետության պետական մրցանակների շնորհման մասին ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագիրը։ Հայ արվեստի, մշակույթի ասպարեզում բացառիկ հաջողությունների հասնելու համար մշակույթի ոլորտում մեր երկրի բարձրագույն մրցանակների արժանացան կինոռեժիսոր Ալբերտ Մկրտչյանը, ճարտարապետ Ստեփան Քյուրքչյանը, կոմպոզիտոր Ռուբեն Ալթունյանը եւ գեղանկարիչ Ռուբեն Ադալյանը։

Գրականություն

2002 թվականը գուցե բացառիկ նշանակություն չունենար այս ասպարեզում, եթե տարեվերջին մեծագույն կորուստներից մեկը չլիներ։ Դեկտեմբերի 18-ին վախճանվեց 20-րդ դարավերջի հայ գրականության հիմնասյուներից մեկըՙ Հրանտ Մաթեւոսյանը։ Դեռեւս ժամանակ է պետք, որպեսզի ճիշտ գնահատվի Հրանտ Մաթեւոսյանի ստեղծագործության արժեքը, ժամանակ է պետք, որ դաժան մերժողականությանը համընթաց քայլող, չափանիշների ամեն սահման խախտած հիացումը հանդարտվի։ Բայց այսօր արդեն կարելի է ասել, որ առանց Հրանտ Մաթեւոսյանի «Կայարանի», «Խումհարի», «Աշնան արեւի», «Մեծամորի», «Ալխոյի», «Գոմեշի» եւ մյուս գործերի հայ գրականությունը շատ կաղքատանար։ Սպասենք ճիշտ ժամանակին եւ արդար, անկողմնակալ գնահատականներին։

Տարեսկզբին մահացան նաեւ դրամատուրգներ Ժորա Հարությունյանը եւ Ազատ Շահինյանը։ Տարեվերջի կորուստներից էր Էդմոնդ Ավետյանը։ Ծնվեցին նոր գրողներ, ծնվեցին նոր գրքեր։ «Ազգը» իրական արժեք ներկայացնող որեւէ գիրք, հրատարակություն բաց չի թողել, նշել է։ Տոնակատարություններ ու հոբելյաններ եղան, որոնց մասին «Ազգը» ընդարձակ հրապարակումներ տպագրեց։

Գրահրատարակչական, պատմաբանական եւ ազգային արժեքի իմաստով իսկապես նշանակալից էր «Ազգի» հրատարակչության կողմից լույս ընծայված «Հայկական բարեգործական ընդհանուր միությունը եւ Հայաստանը» կոթողային աշխատությունը, որի հեղինակը ճանաչված մտավորական Վարդգես Համազասպյանն է։ Նույն ժամանակՙ հունվարին Մայր աթոռ Սբ. Էջմիածնում տեղի ունեցավ Մաղաքիա արքեպիսկոպոս Օրմանյանի «Ազգապատում» հանրագիտարանային գրքի ներկայացումը։ Շնորհանդես կազմակերպվեց նաեւ արվեստաբան Հենրիկ Իգիթյանի 25 գրքերը ներկայացնելու համար։ Ավարտին հասցվեց Թ. Հակոբյանի, Ստ. Մելիք-Բախշյանի եւ Հ. Բարսեղյանի «Հայաստանի եւ հարակից շրջանների տեղանունների բառարանի» հրատարակությունը 5 հատորով։ Եվս բացառիկ մի հրատարակությունՙ «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարանի շնորհանդեսը եղավ Մայր աթոռում ապրիլի 12-ին։

Անչափ հետաքրքիր ձեւով, Երեւանի «Արմենիա» հյուրանոցում հունվարի 26-ին նշվեց Ռոբերտ Բյորնսի ծննդյան օրը, որի հովանավորը «Բրիտանական ավիաուղիներ» ընկերությունն էր։ Փետրվարի 28-ից ԱՄՆ Ֆրեզնո քաղաքում սկսվեց Ուիլյամ Սարոյանին նվիրված աննախադեպ փառատոնը (կազմակերպական կոմիտեի նախագահՙ Լարրի Բալաքյան)։ Բոլոր ժամանակների մեծագույն հիացողի գրականությունը, որը նույն չափով համաշխարհային հանրությանն ու հայ ժողովրդինն է, մարդկության անմահ ստեղծագործությունների շարքին է դասվում։ Ուստի պատահական չէր Ֆրեզնոյից եւ աշխարհի ուրիշ մասերից ստացված արձագանքները, որոնց մասին գրվեց «Ազգ»-ում։

Մարտին Երեւան եկավ մեր գրականության զարմանալի բանաստեղծներից մեկըՙ Զահրատը, որը հայ եւ համաշխարհային գրականությունը հարստացրել է անսովոր հումորով եւ լավատեսությամբ։ Սարոյանական տիեզերական լավատեսությամբ ապրող ու ստեղծագործող բանաստեղծը ոչ միայն հյուրն էր հայոց լեզվի հարցերին նվիրված Հայաստանի գրողների միության հերթական պլենումի, այլեւՙ ողջ Հայաստանի։

Մայիսի 4-ին Թեքեյան մշակութային միության «Հայկաշեն Ուզունյան» գրական մրցանակներ հանձնվեցին Լեւոն Հախվերդյանին, Սիլվա Կապուտիկյանին, Վերժինե Սվազլյանին եւ Կարպիս Սուրենյանին։

Անչափ կարեւոր գրական իրադարձություն կարելի է համարել Գրողների համահայկական առաջին խորհրդաժողովը, որին մասնակցում էին ինչպես մեր երկրում, այնպես էլ արտասահմանում ապրող ու ստեղծագործող գրողները։ Համագումարն ունեցավ ավելի քան 80 սփյուռքահայ հյուրեր, որոնք մասնակցեցին ինչպես խորհրդաժողովի աշխատանքներին, այնպես էլ «Գրական թերթի» 70-ամյա հոբելյանին, Պարույր Սեւակի անտիպ ստեղծագործությունների հատորյակի շնորհանդեսին։ Սփյուռքահայ ինը գրագետներ արժանացան ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալներին (Զահրատ, Մեսրոպ արք. Աշճյան, Պողոս Սնապյան, Պեպո Սիմոնյան, Սարգիս Կիրակոսյան, Թորոս Թորանյան, Հրանտ Մարգարյան, Ազատ Մաթյան, Ռոբեր Հատտեճյան)։

Ֆրանսիայում, Փարիզի «Քրիստիան Պերո» հրատարակչությունը լույս ընծայեց Շարլ Ազնավուրի «Նախընտրած երգերս» (100 երգ), իսկ Մարսելի «Փարանթեզը»ՙ Պերճ Զեյթունցյանի «Ամենատխուր մարդը» գործի ֆրանսերեն թարգմանությունը։ Ավելի ուշ անգլիական հռչակավոր «Մակմիլան» հրատարակչությունը լույս ընծայեց Ռազմիկ Դավոյանի բանաստեղծությունների ընտրանին Արմինե Թամրազյանի թարգմանությամբ։

Անշուշտ, եղան գրական շատ ու շատ այլ իրադարձություններ, որոնց մասին տեղեկատվություն ներկայացրել է «Ազգը»։ Ավելացնենք, որ 2002-ի Նոբելյան մրցանակի (գրականության ասպարեզում) արժանացավ հունգար գրող Իմրե Կերտեսը։ Տարեվերջին իր մրցանակները հանձնեց նաեւ Հայաստանի գրողների միությունը (գրականագետ Ժենյա Քալանթարյանին, հրապարակախոս Գրիգոր Ջանիկյանին, արձակագիր Վահագն Գրիգորյանին, բանաստեղծ Հրաչյա Թամրազյանին, դրամատուրգ Կարինե Խոդիկյանին)։

Անշուշտ, թերթում եղան քննադատական հրապարակումներ, որոնցից արժե հիշատակել Պերճ Զեյթունցյանի դեմ խժդժված հոդվածները։ Ցավալի մի փաստ էլ նշվեց, երբ... ի պատշաճս չնշվեց Եղիշե Չարենցի ծննդյան օրը։

Թատրոն

Անցնող տարին կարեւոր էր թատերական իրադարձությունների նշանակալիությամբ։

Երեւանի «Մետրո» թատրոնում կայացավ Ռիչարդ Կալինոսկու «Հրեշը լուսնի վրա» (հեղինակային անվանումըՙ «Գազանը լուսնի վրա») պիեսի պրեմիերան։ Փետրվարի 20-ին Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Երվանդ Ղազանչյանը Բեյրութում տեղի «Վահրամ Փափազյան» թատերախմբի հետ բեմադրեց «Ֆիլումենա Մարտուրանո» պիեսը։ Իսկ դրանից քիչ հետո Լոս Անջելոսում, Չիկագոյում, Դետրոյթում, Ֆիլադելֆիայում եւ Մոնրեալում մեծ հաջողության հասավ Նորա Արմանինՙ իր բեմադրությանՙ «Ընկողմանած Նորա Արմանիի հետ» ներկայացումների համար։ Ժիրայր Անանյանի «Կեսգիշերին» պիեսը բեմադրվեց օպերային թատրոնի, ապա նաեւ երաժշտական կոմեդիայի թատրոնի բեմերում։ Երեւանի դրամատիկական թատրոնում կայացավ Կարլո Գոցցիի «Ագռավը» դրամայի հիման վրա արված բեմադրության պրեմիերան։ Հուլիսի 13-ին եւ 14-ին Գ. Սունդուկյանի անվան թատրոնում Կարինե Խոդիկյանի «Կինը անձրեւից հետո» պիեսի պրեմիերան էր։ Անչափ կարեւոր իրադարձություն կարելի է համարել Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր ռեժիսոր Արմեն Խանդիկյանի բեմադրությունը ԱՄՆ-ի Բրիստոլ քաղաքի «Ռիվերսայդ» թատրոնում։ «Մոռանալ Հերոստրատին» խանդիկյանական բեմադրության մասին «U. S. 1» նշեց.»... Հայ ռեժիսոր Արմեն Խանդիկյանը շատ լուրջ եւ եզակի, գրեթե գեղանկարչական մոտեցում ունի։ Անսպասելի էքսպրեսիոնիստական տարրեր համակցելով, նա ստեղծում է այնպիսի մթնոլորտ, որտեղ նույնիսկ ամենասյուրռեալիստական ու երազի պես պահերը կարծես դառնում են բնական եւ անխուսափելի։ Նա նաեւ վարպետորեն ստեղծում է նուրբ պոետիկ պահերՙ զգուշությամբ խուսափելով ավելորդ սենտիմենտալությունից...»։ «Բրիստոլ Ռիվերսայդ» թատրոնի գեղարվեստական ղեկավար Էդվարդ Քիթ Բայքելը եւ թատրոնի տնօրեն Սյուզան Արկինսոնը հայտարարեցին, որ Արմեն Խանդիկյանի համար այս թատրոնի դռները միշտ բաց են։

Կինո

Կինոյի ասպարեզում 2002-ը իսկապես կարեւոր ժամանակաշրջան էր։ Ամբողջ տարին ասես լցված էր հայ կինոռեժիսոր Ատոմ Էգոյանի «Արարատ» ֆիլմով, ֆիլմ, որը զուտ գեղարվեստական արժեք չէ։ Համաշխարհային մամուլը լայնորեն արձագանքեց 1915 թվականի հայկական կոտորածների թեմայով հայ կինոռեժիսորի աշխատանքին։ Առավել սուր արձագանքներ եղան թուրքական կողմից։ Դեռեւս փետրվարին թուրքական լրատվամիջոցներն սկսեցին հարձակումները ֆիլմի սցենարի վրա։ «Ազգը» ստիպված էր բացատրել տրավիալ մի ճշմարտություն. կինոսցենարը դեռեւս կինոնկար չէ։ Սակայն թուրքական կողմին զայրացնում էր ամեն ինչ։ Եվ անմիջապես Թուրքիայում արտադրության իջեցվեց «Աթաթյուրք» ֆիլմը։ Ամեն դեպքում «Արարատը» հաջողությամբ ցուցադրվեց Կանադայում, Ամերիկայում, Անգլիայում, Մոսկվայում, իսկ սեպտեմբերին ֆիլմի պրեմիերան կայացավ Երեւանում։ Մեր հանդիպման ժամանակ Ատոմ Էգոյանը հանգիստ վերաբերվեց թուրքական կողմի ջղաձգումներին։ «Ուրեմն մենք հասել են մեր նպատակինՙ ճշմարտությունը բացահայտ է», ասաց նա։

Տարվա ընթացքում Ռուբեն Քոչարի «Հերոստրատ» ֆիլմը մասնակցեց մի շարք փառատոների, իսկ Ալբերտ Մկրտչյանի «Ուրախ ավտոբուսը» միջազգային մրցանակների թիվը հասցրեց 8-ի։

Երաժշտություն

Մարտին թողարկվեց մեր ժամանակների մեծագույն երգահան Ավետ Տերտերյանի ստեղծագործությունների լազերային սկավառակը։ Ապրիլի 9-22-ը Երեւանում անցկացվեց ջազային երաժշտության փառատոն, Հայաստանում հանդես եկավ ֆրանսահայ դիրիժոր Ալեքսանդր Սիրանոսյանը։ Երեւանում կատարվեց Ալֆրեդ Շնիտկեի կոնցերտըՙ Գրիգոր Նարեկացու «Մատեանի» թեմաներով։ Մայիսին անցկացվեց «Սայաթ-Նովա-2002» երգի մրցույթը (հովանավորներՙ Վահագն եւ Հասմիկ Հովնանյաններ), Հայաստանի պետական ակադեմիական երգչախումբը Հովհաննես Չեքիջյանի ղեկավարությամբ մայիսի 5-ից հունիսի 4-ը հանդես եկավ համերգներով։

Արժանահիշատակ շատ այլ իրադարձություններ եղան։ Սակայն, համոթ մեզ, պիտի ցավով նշենք, որ չնշվեց մեր ժամանակների մեծագույն երգչուհի Գոհար Գասպարյանի ծննդյան 80-ամյակը։

Նկարչություն

Ֆրանսահայ ճանաչված նկարիչ Ժանսեմը ապրիլին եղավ Հայաստանում եւ Ցեղասպանության ինստիտուտ-թանգարանին նվիրեց իր «Ջարդը» նկարաշարը։ Մայր աթոռ սբ. Էջմիածնում մրցանակներ հանձնվեցին հայ 40 նկարիչների։ Վենետիկի կենտրոնական դրամատան «Գամբո սան Լուկա» սրահում ապրիլին բացվեց 14 հայ նկարիչների ցուցահանդես։ Շահեն Խաչատրյանն ազատվեց պատկերասրահի տնօրենի պաշտոնից...

... Անչափ շատ են եղել մշակութային իրադարձությունները 2002-ին։ Ձիուՙ հավատարմության տարում ամենաակնառուն այն էր, որ արվեստագետները հավատարիմ մնացին իրենց կոչմանը, չնայած դժվարություններին, անտեսումներին, իրենց դեմ փակվող դռներին։ Եթե իսկապես արվեստագետ ես, ուրեմն ոչ մի պատ քո դեմ չի մնա։

ՍԵՐԳԵՅ ԳԱԼՈՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4