«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#239, 2002-12-27 | #240, 2002-12-28 | #1, 2003-01-08


ԱՆՑԱԾ ՏԱՐՎԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆՎԱՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետ Գագիկ Գյուրջյանն իրենց անցյալ տարվա գործունեության հաջողություններից համարեց գործակալության ենթակայությամբ ստեղծված «Ագարակ պատմամշակութային արգելոցում» սկսված պեղումները։ Հնավայրն ունի մ.թ.ա. 4-րդ հազարամյակի Շենգավիթյան շրջանից մինչեւ միջնադար 3-4 մշակութային հարուստ շերտեր։ Այն ընդգրկում է 118,5 հեկտար տարածք Արագածոտնի մարզի Ագարակ գյուղի մոտ։ Կատարված պեղումները եւ հայտնաբերված արժեքներն, ըստ գործակալության պետի, համաշխարհային հնագիտական ասպարեզում մեծ հետաքրքրություն են առաջացրել։

Աղձքի արքայական դամբարաններում, ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի աջակցությամբ 2001 թ. սկսված պեղումներն, այլ ներդրումների շնորհիվ շարունակվել են 2002 թվականին եւս, կատարվել են ամրակայման, մասնակի վերականգնման եւ բարեկարգման աշխատանքներ։ Իսկ այս տարի աշխատանքները շարունակվելու են Հունաստանի կառավարության ներդրումների շնորհիվ։ Ըստ Գ. Գյուրջյանի, զբոսաշրջիկների սպասարկման համար պատմական այդ հնավայրում այժմ կան որոշակի պայմաններ։

Գ. Գյուրջյանն ավելացրեց, որ հայ-հրեական արշավախմբի կողմից իրականացվել են պեղումներ հրեաների 14-րդ դարի բնակատեղիումՙ Եղեգնաձորի Եղեգիս գյուղի մոտակայքում։ Պեղումների արդյունքում բացվել է գյուղատեղին ինժեներական մի շարք կառույցներովՙ ջրատարներ, ջրաղացներ, նաեւ հրեատառ արձանագրություններով տապանաքարեր։ Պատրաստ են նախագծերը, եւ հիմնական աշխատանքները կսկսվեն այս տարի։

Իսկ Համաշխարհային բանկի, իտալացի եւ իտալահայ մի քանի ընտանիքների ներդրումների շնորհիվ ավարտվել են Մարմաշենի Մեծ եկեղեցու միջազգային չափանիշներին համապատասխանող վերականգնման աշխատանքներըՙ հայ եւ իտալացի վերականգնող վարպետների համատեղ ջանքերովՙ ավանդական եղանակներով եւ նյութերով։

Ըստ Գ. Գյուրջյանի, Հայ առաքելական եկեղեցին անցյալ տարի շարունակել է Քրիստոնեության 1700-ամյակի կապակցությամբ սկսած եկեղեցիների վերակառուցումն ու հիմնադրումը, եւ այդ գործընթացում մեծ դեր է ունեցել գործակալության գիտամեթոդական խորհրդի աշխատանքըՙ բազմաթիվ նախագծերի քննարկումներ, գիտական հիմնավորումներ, մեկնաբանումներ եւ այլն։

Գործակալության պետը նշեց, որ անցած տարվա ընթացքում Հայաստանում պեղումներ են կատարել հայ-իտալական, հայ-գերմանական, հայ-հրեական միջազգային հնագիտական արշավախմբերը։

Նա կարեւորեց նաեւ այս ասպարեզում պետության վարած քաղաքականությունըՙ համագործակցությունը երկրում գործող պատմամշակութային հուշարձաններով զբաղվող մի շարք հասարակական կազմակերպությունների հետՙ «Քրեդարան», «Երկիր եւ մշակույթ», «Հայկական ճարտարապետություն ուսումնասիրող», Իկոմոս-Հայաստան եւ այլն։ Գործակալության պետի կարծիքով, միջազգային կապերի ամրապնդման առումով մեծ նվաճում է Իկոմոս-Հայաստանի առաջին մասնակցությունը Մադրիդում անցյալ տարի դեկտեմբերին կայացած միջազգային Իկոմոսի 13-րդ գլխավոր ասամբլեային։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4