«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#239, 2002-12-27 | #240, 2002-12-28 | #1, 2003-01-08


ԼԵՀԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԱՅԻ ԿԵՐՊԱՐՆ ԱՅԴՔԱՆ ԷԼ ԴՐԱԿԱՆ ՉԷՙ ԱՊՕՐԻՆԻ ՆԵՐԳԱՂԹՈՂՆԵՐԻ ՊԱՏՃԱՌՈՎ

Լեհաստան հայերը սկսել են գաղթել դեռեւս 1000 տարի առաջ։ Անիի կործանումից հետո մեծ թվով հայեր ներգաղթեցին Լեհաստան եւ ձեւավորեցին Եվրոպայի ամենախոշոր համայնքը, այսօր էլ այդ համայնքի «բեկորները» գոյություն ունենՙ մոտ 5¬8 հազար մարդ, ովքեր դեռեւս հիշում են իրենց հայկական ծագումը։

90-ական թթ. սկզբից տասնյակ հազարավոր հայաստանցիներ մեկնեցին Լեհաստանՙ մի մասն օգտագործելով որպես տարանցիկ երկիր, տեղափոխվելով Գերմանիա եւ Արեւմտյան Եվրոպայի այլ երկրներ։

Նվաստանալովՙ շատ շատերին հաջողվեց հատել սահմանը։ 1994¬98 թթ. տվյալներովՙ հայերը թվով առաջին էթնիկական խումբն էին, որոնց Գերմանիայի սահմանապահները վերադարձնում էին լեհական կողմինՙ տարեկան մոտ 100 հոգու։ Եթե 100 մարդ վերադարձվում էր, պարզ է, թե որքան էր Լեհաստան-Գերմանիա սահմանն անօրինական հատողների թիվը։ Տարիների ընթացքում Լեհաստանի հետ Եվրամիության սահմանային ռեժիմը խստացավ, հայերի համար Լեհաստանը դարձավ վերջնակետ։ Հայերի նկատմամբ տեղացիների վերաբերմունքն այդքան էլ դրական չէ, որոշ դեպքերում հարաբերությունները լարված են։ Հայաստանցիները թույլ են տալիս տարբեր տեսակի իրավախախտումներ։ Նախՙ առաջին մեծ խախտումն այն է, որ այդ երկրի տարածքում ապրում են ապօրինիՙ առանց համապատասխան կարգավիճակի։ Երկրորդ խախտումը ոչ լեգալ առեւտուրն է, հայերը հիմնականում ներգրավված են բաց շուկաներում։ Վարշավայում գտնվող Եվրոպայի ամենամեծ տոնավաճառում հայերը հիմնական վաճառողներն են։ Վաճառում են էժան, հարկերը չմուծելովՙ առաջացնելով ե՛ւ մյուս վաճառողների, եւ իրավապահների վրդովմունքը։ Հիմնականում վաճառում են հագուստ, կեղծ աուդիո-վիդեո արտադրանք։

Սակայն սա դեռ վատագույնը չէ։ Կան հայկական խմբեր, որոնք զբաղվում են սպիրտի, թմրադեղերի եւ զինամթերքի վաճառքով։ Ամենացավալին այն է, որ վերջերս աննախադեպ թշնամություն է ստեղծվել հայերի նկատմամբՙ կազմակերպված հանցավորության խմբերը բռնանում են ոչ միայն տեղի հայերին, այլեւ փորձում են ճնշել այլ ազգերի։

Վերջերս լեհ իրավապահները բռնել են Սաիդի խմբին։ Հանցավոր հայերի արարքները լայն արձագանք են գտնում լեհական մամուլումՙ մեր ազգի նկատմամբ որոշակի վերաբերմունք առաջացնելով։

Հայաստանում, սակայն, շատերի մեջ այն թյուր կարծիքն է, թե Լեհաստանում հայերը լավագույն պայմաններում են, մինչդեռ եթե ֆինանսական տեսանկյունից կան հնարավորություններՙ փող աշխատելու, դժվար է ասել, թե նրանք ինտեգրվել են հասարակության մեջ։ Լեհաստանում ապրող տասնյակ հազարավոր հայերի շոշափելի մասը երկրում ապօրինի է գտնվում։

1998 թ.-ից Հայաստանի եւ Լեհաստանի միջեւ սկսեց գործել վիզային ռեժիմ, եւ հայերի համար այդ երկիր մուտք գործելը դժվար դարձավ։ Լեհաստանն ուղղակի կանգնեցրեց հայերի հոսքը։

Տարեկան բավականին մեծ թվով հայերի լեհական իշխանությունները տեղահանում են։ Բարձրակետը 1997¬98 թվականին էր, երբ տարեկան մոտ 1000 հոգի արտաքսվում էր, հիմա այդ թիվը նվազել է։ Ավելի շատ գործում է այլ տարբերակՙ մարդիկ գերադասում են երկրից կամավոր դուրս գալու տարբերակը։ Միայն այս տարի Լեհաստանում ՀՀ դեսպանությունը 1000 մարդու վերադարձի վկայական է տվել, այսինքնՙ 2002 թ. մոտ հազար հայեր Լեհաստանից վերադարձել են Հայաստան։

Մ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4