«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#240, 2002-12-28 | #1, 2003-01-08 | #2, 2003-01-09


ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԲԵՌԼԻՆՆ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ԿՀՅՈՒՐԸՆԿԱԼԻ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻՆ

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա

Հունվարի 14-ին ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը աշխատանքային այցով կժամանի Բեռլին։ Թեպետ Գերմանիայի Դաշնային Հանրապետության հետ Հայաստանի Հանրապետության քաղաքական երկխոսությունն արդեն բոլորել է տասը տարին, բայց այսպիսի բարձրամակարդակ այց առաջին անգամ է կայանում։ Նախագահական հնարավոր այցի շշուկներ լսելի էին դեռեւս ՀՀ առաջին նախագահի պաշտոնավարման տարիներին, բայց ոչ պաշտոնական Բոննը, ոչ էլ Բեռլինը տարիների մեր ցանկությունը փաստ չդարձրին։ Ինչո՞ւ, պահը չէ՞ր հասունացել, թե՞ նախորդ դեսպաններն էին ոչ բավարար աշխատանք տանում։ Տեղյակների մի բանակ պնդում էր, թե հանգուցյալ Ֆելիքս Մամիկոնյանը դիվանագիտական հետագա պաշտոնավարումից զրկվեց, որովհետեւ Տեր-Պետրոսյանի այցը չկարողացավ կազմակերպել, բայց փորձառու դիվանագետը մեր զրույցում մատնացույց արեց նաեւ մեկ ուրիշ հասցեՙ Երեւանում ԳԴՀ դեսպանությունը։ Ուրեմն ի՞նչՙ նախագահական ընտրությունների նախօրյակի՞ն է պահը հասունացել, թե՞ գերմանացիներն են առավել ուշադիր դարձել մեր երկրի հանդեպՙ բացահայտելով Եվրոպան եզրագծող Հայաստանը հանրային կապերի գիտակ, գեղեցկատես ու գործունյա կին դեսպանի միջոցով։ Մեր գրավոր խորհրդածությունները թողնելով մեկ ուրիշ հարմար առիթի, տեղեկացնենք, որ ՀՀ նախագահական ինքնաթիռը Բեռլինում վայրէջք կկատարի 14-ի վաղ առավոտյան, 15-ին կուղեւորվի Քյոլն, որից հետո կվերադառնա Երեւան։ ՀՀ նախագահին ուղեկցելու են արտգործնախարար Վարդան Օսկանյանը, առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Կարեն Ճշմարիտյանը, ֆինանսների նախարար Վարդան Խաչատրյանը, լրագրողներ։ Հագեցած աշխատանքային այցն անշուշտ կհամալրվի Քյոլնում գերմանահայ համայնքի հետ հանդիպմամբ։ Բեռլինի օպերային թատրոնում ՀՀ նախագահի պատվին կայանալիք հանդիսավոր համերգին կմասնակցեն ջութակահար Սերգեյ Խաչատրյանըՙ Մայնի Ֆրանկֆուրտից, դաշնակահար Արմեն Բաբախանյանըՙ Երեւանից, սոպրանո Հասմիկ Պապյանը, որ հատուկ այս համերգի համար է Նյու Յորքից ժամանում Բեռլինՙ ընդմիջելով Մետրոպոլիտենում իր հունվարյան խաղացանկի Աիդան։ Համերգը կեզրափակվի կոկտեյլ-ընդունելությամբ։ Աշխատանքային այցի մանրամասների մասին զրուցում ենք Բեռլինում ՀՀ դեսպան Կարինե Ղազինյանի հետ։

¬ Տիկին Ղազինյան, նախՙ աշխատանքային այցի մասին։ Ինչպիսի՞ արարողակարգ է այն ենթադրում։

¬ Աշխատանքային այցը հիմնականում նվիրված է լինում մեկ նպատակի։ Կոնկրետ մեր դեպքում հայ-գերմանական տնտեսական կապերի խթանումն է, Հայաստանում գերմանական ներդրումների քաջալերումը, համատեղ ձեռնարկությունների ստեղծումը։ Այս ամենը ենթադրում է աշխատատեղերի ստեղծում, որի կարեւորությունը դժվար է թերագնահատել։ Ինչ վերաբերում է արարողակարգային մասին, պետք է նշեմ, որ ամեն երկիր ունի իր արարողակարգը, որը վերաբերում է նաեւ այցերի կազմակերպմանը։ Գերմանական արարողակարգն աշխատանքային այցերը բաժանում է երկու խմբի. երբ երկրի ղեկավարը տվյալ երկրում գտնվում է մեկ այլ առիթով, ասենք միջազգային ֆորումի մասնակցելու համար, եւ օգտվելով առիթից երկկողմ հանդիպումներ է ունենում ընդունող երկրի ղեկավարության հետ։ Եվ երկրորդՙ երբ ընդունող երկրի ղեկավարի կողմից մի հիմնական նպատակի նվիրված հրավեր կա։ Այս դեպքում հանդիպումները կրում են կոնկրետ, գործնական եւ աշխատանքային բնույթ։ Հայաստանի Հանրապետության նախագահի այս առաջին այցը Գերմանիա պատկանում է վերոնշյալ երկրորդ խմբին։

¬ Ո՞ւմ հետ է հանդիպելու ՀՀ նախագահը։

Չնայած այցն աշխատանքային է, բայց գերմանական արարողակարգը, նկատի ունենալով, որ սա ՀՀ նախագահի առաջին այցն է իրենց երկիր, ներառել է պաշտոնական այցին հատուկ հանդիպումների ողջ փաթեթը։ Դիմավորման պաշտոնական արարողությունը կկայանա Բելվյու ամրոցում, որտեղ կհանդիպի Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Յոհաննես Ռաուին, այնուհետեւ կանցլեր Շրյոդերինՙ վերջինիս նստավայրում։ Ծրագրված են հանդիպումներ Բունդեսթագի նախագահ Թիրզեի, արտգործնախարար Ֆիշերի հետ։ Նախագահը հանդիպումներ կունենա նաեւ Գերմանիայի քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության ղեկավարության հետ։ Կուզենայի կարեւորել Գերմանիայի արդյունաբերողների դաշնային միության կողմից նախատեսված հանդիպումը նախագահ Քոչարյանի հետ, որին հրավիրված են գերմանական խոշոր արդյունաբերողներ, հայտնի ընկերությունների տարածաշրջանային ներկայացուցիչներ։

Հունվարի 15-ին նախատեսվում է ՀՀ նախագահի այցը Գերմանիայի ամենահարուստ երկրամասերից մեկըՙ Հյուսիս Հռենոս Վեստֆալիա, որտեղ նույնպես բանակցություններ են նախատեսվում երկրամասի ղեկավարության հետ։ Քյոլնի քաղաքապետարանում ՀՀ նախագահը կստորագրի քաղաքի պատվավոր հյուրերի Ոսկե գրքում, որից հետո Քյոլնում գտնվող Հայ առաքելական եկեղեցու առաջնորդարանում կհանդիպի Գերմանիայի համահայկական կազմակերպությունների ներկայացուցիչներին, գերմանահայ համայնքին։ Վերջինիս համար ՀՀ նախագահին Գերմանիայում հանդիպելը մեծ իրադարձություն է։

¬ Թեպետ ՀՀ նախորդ դեսպաններն էլ շահագրգիռ աշխատանք էին տանում, բայց 10 տարվա ընթացքում, որքան էլ զարմանալի է, ՀՀ նախագահի այց ԳԴՀ չի կայացել։ Այս փաստն ինչպե՞ս եք բացատրում։

¬ Իմ խորին համոզմամբ, նախագահական մակարդակով այցերի չկայացումը մեծ բաց է երկու երկրների քաղաքական երկխոսության մեջ։ 2002 թվականին Բեռլինում մեր դեսպանությունն իր աշխատանքով փորձել է շտկել եւ լրացնել այդ բացը։ Ինչեւէ, մինչ այսօր միգուցե պահը դեռ չէր հասունացել նման բարձրաստիճան այցի համար։ Համոզված եմ, որ Գերմանիայում պաշտոնավարած ՀՀ նախորդ դեսպանները նույնպես իրենց աշխատանքով նպաստել են առաջիկա այս նշանակալի իրադարձությանը։ Կարեւորն այն է, որ ՀՀ նախագահի Գերմանիա կայանալիք այցը մեկ հարթություն բարձր կդնի մեր հարաբերությունները Գերմանիայի նման հզոր տնտեսական պոտենցիալ ունեցող կարեւորագույն երկրի հետ եւ խթան կհանդիսանա երկկողմ կապերի հետագա զարգացման, ամրապնդման համար։

¬ Ինչո՞ւ Գերմանիան ՀՀ նախագահական ընտրությունների նախօրյակինՙ մոտավորապես մեկ ամիս առաջ որոշեց աշխատանքային այցով հյուրընկալել Հայաստանի նախագահին։ Ի՞նչ եք կարծում, դա որեւէ կերպ կազդի՞ ընտրությունների ընթացքի, արդյունքների վրա։

¬ Նախագահ Քոչարյանին Գերմանիա հրավիրելու որոշումը այս երկիրը կայացրել է ոչ այսօրՙ ընտրություններից մեկ ամիս առաջ։ Այդ կապակցությամբ երկկողմ բանակցություններն ընթանում էին ողջ տարվա ընթացքում։ Դիվանագիտական առումով նախագահական այց կազմակերպելը ամենաժամանակատար եւ ամենապատասխանատու գործն է, որին յուրաքանչյուր դեսպան պատրաստվում է առանձնակի ուշադրությամբ եւ պատասխանատվությամբ։ Իսկ թե մեր նախագահական ընտրությունների վրա նման այցն ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ, կարծում եմ, յուրաքանչյուր ընտրող կորոշի ինքնուրույն։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4