«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#240, 2002-12-28 | #1, 2003-01-08 | #2, 2003-01-09


ԱՆՀԱՆԳՍՏԱՆԱԼՈՒ ԵՎ ԽՈՒՃԱՊԻ ՄԱՏՆՎԵԼՈՒ ԿԱՐԻՔ ՉԿԱ

Այս օրերին եղանակի կտրուկ փոփոխությունները մեր բնակչության անհանգստությունն են առաջացրել, շատերը մտահոգված են երկրաշարժի վտանգից։ Սակայն անհանգստանալու կարիք չկա, քանի որ ամեն օր սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության հսկողության տակ է ընթացիկ սեյսմիկ վիճակի գնահատումը։ Ազգային դիտացանցի դիտակայաններից ստացվող տվյալների մշակման ու մեկնաբանման վրա հիմնվելով յուրաքանչյուր օր պատրաստվում է ՀՀ-ի սեյսմիկ քարտեզը, որտեղ նշվում են սեյսմիկ վիճակն ու սեյսմիկության մակարդակը։

Իսկ թե ինչո՞վ են պայմանավորվում եղանակի կտրուկ փոփոխություններն ու տատանումները հարցին, խնդրեցինք պատասխանել սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության երկրաֆիզիկայի բաժնի վարիչ Հրաչյա Պետրոսյանին։

¬ Չմոռանանք, որ եղանակի տաքացումը հաջորդեց այն սառնամանիքներին, որոնք նկատվեցին դեկտեմբերի վերջին օրերին։ Այնպես որ, մենք կարող ենք խոսել եղանակի մի քանի աստիճան տաքացման եւ վերականգնման մասինՙ բազմամյա միջին արժեքի համեմատ։

¬ Պրն Պետրոսյան, հնարավո՞ր է, որ եղանակի փոփոխությունները երկրաշարժերի համար բարենպաստ հող հանդիսանան։

¬ Ինչ վերաբերում է երկրաշարժերի նախապատրաստման հետ կապված եւ դրանցով պայմանավորված ջերմաստիճանի բարձրացմանը, ի թիվս մյուս օդերեւութաբանական մի շարք գործոններիՙ ջերմաստիճանի փոփոխությունները, ինչպես նաեւ մթնոլորտային ճնշման փոփոխությունները, արեգակի ակտիվության մեծացումը եւ այլն, դրանք կարող են տեսականորեն դրդիչ դեր ունենալ, այսպես կոչված ստրիգեռի ազդեցություն ունենալ արդեն Երկրի ընդերքում հասունացած ու նախապատրաստված երկրաշարժի մի փոքր արագացմանը, բայց օդերեւութաբանական ֆակտորների փոփոխությունների եւ երկրաշարժի կայացման միջեւ ուղղակի կապ չկա։ Այսինքնՙ եղել են երկրաշարժեր, որոնցից առաջ, այո, օդի ջերմաստիճանը կտրուկ բարձրացել է եւ այդպիսի փաստեր կանՙ մասնավորապես Սպիտակի երկրաշարժը։ Բայց դա չի նշանակում, որ հակառակ կապը նույնպես գործում է, այսինքնՙ օդի ջերմաստիճանի ցանկացած բարձրացում կարող է բերել երկրաշարժի։

¬ Իսկ ինչպիսի՞ն է ընթացիկ սեյսմիկ վիճակը։

¬ Այսօրվա սեյսմիկ քարտեզի դրությամբ մենք որեւէ վտանգ չենք սպասում։

¬ Այս տարվա սկզբին ցնցումներ չե՞ն եղել արդյոք, կամ առաջիկայում չե՞ն սպասվում։

¬ Թույլ ցնցումներ եղել են եւ լինելու են, կա որոշակի սեյսմիկ ֆոն, այսինքնՙ թույլ երկրաշարժերի ֆոն, ցնցումների որոշակի քանակություն, որոնք եղել են, կան ու լինելու են, սակայն որեւէ վտանգ չենք տեսնում անհանգստանալու ու խուճապի մատնվելու։ -

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4