«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#240, 2002-12-28 | #1, 2003-01-08 | #2, 2003-01-09


ԲԱՐԵԿԱՄԱՎԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Է, ԲԱՅՑ ՉՈՒՆԻ ԲԱՐԵԿԱՄ

Կյանքը սահմանամերձ հայ գյուղում

- Հնար չկա ապրելու։ Տանը ոչ մի բան չունեմ։ Ի՞նչ եմ ուտում։ Հնար չկա ապրելու,¬ ասում էր Սուրեն բիձեն։

Ութսունին մոտ ծերուկը քմծիծաղ տվեց, խոնարհեց գլուխը։ Նրա բաց դեղնավուն ու ծանծաղ մազերի խորքումՙ գանգի հետնամասում, սպի էր։

93-ի գիշերը թուրքերը առեւանգել են Սուրեն բիձուն։ Իր տնից։

¬ Ինը օր պահեցին։ Լա՜վ ծեծեցին։ Հետո փոխանակեցին։ Բուժվելու համար ինչ կար-չկարՙ ծախեցի։

Սուրեն բիձեն ծխեց։

¬ Երկու տարի մնացի մենակ։ Ամուսնացա։

Սուրեն բիձեն ծխեց։

¬ Հնար չկա ապրելու,¬ անդադար կրկնում էր ծերուկը։

Ձմեռային կեսօրվա տաքին բարեկամավանցիները գյուղապետարանի մոտ խոսում են քաղաքականությունից, իրենց դարդ ու ցավից։

Սերյոժա Վիրաբյանը սպանվել էր շարքացանի վրաՙ իր հողը մշակելիս։ Ադրբեջանցի նշանառուն կրակել է մոտակա բարձունքիցՙ Սերյոժայի ճակատին։ Գյուղում մնացել է որդին։

Էդիկ Ալավերդյանը սպանվել է ականի պայթյունիցՙ իր հողը մշակելիս։ Գյուղում մնացել է միայնակ կինը, դուստրերն ամուսնացել են, որդին հոր զոհվելուց հետո տեղափոխվել եւ բնակվում է Նոյեմբերյանի շրջանի մեկ այլ գյուղումՙ թուրքի սահմանից ու սպանության վայրից քիչ հեռու։

Մարտիկ Միքայելյանը սպանվել է իր խոտհարքումՙ խոտհնձին։ Մարտիկի եւ նրա երկու որդիների ու մեկ այլ համագյուղացու վրա կրակել են ադրբեջանցիները, երբ հնձվորները նստել են շունչ քաշելու։

Խալաթ Միքայելյանը կարտոֆիլ հանելիս հանդիպում է թշնամու ցանած ականին։ Խալաթը կորցնում է ոտքը։ Երեւանում պրոտեզավորում են։ Պակասությունը, անտարբերությունը «ուտում» են նրա հոգին, այսօր Խալաթը հոգեկան հիվանդ է, ապրում է սարսափի պայմաններում, ամբողջ օրը հայհոյում է։

Գյուղի միակ հեռախոսը փոստում էՙ 2¬28¬74։ Երկուսը հուշում է, որ Բարեկամավանը Նոյեմբերյանի շրջանն է, այսօրՙ Տավուշի մարզը։ Եթե այս միակ հեռախոսը չի աշխատում, ուրեմն վերանում է Բարեկամավանի եւ աշխարհի միջեւ կապը։ Օրինակ, համայն Ռուսիո մայրաքաղաք Մոսկվայում բնակվող նախկին հողագործ բարեկամավանցին պետք է զանգահարի այս հեռախոսահամարով, «Արմենտելի» աշխատակցուհուն խնդրի ձայն տալ ծերունի ծնողներին, կանչել հեռախոսի մոտ։ Գյուղացիները հեռախոսի հարցով դիմել են կապի եւ տրանսպորտի նախարարին։ Պատկերացնո՞ւմ եք, նախարար Մանուկյանն արձագանքել է նամակին, պատասխանել, որ «ձեր գյուղում գոնե մեկ հեռախոս կա, մինչդեռ Հայաստանի տասնյակ գյուղերում չկա եւ ոչ մի հեռախոս»։ Այսպես հարցը «լուծում» է ստացել, եւ բարեկամավանցիները հեռախոսի հարցով այլեւս որեւէ մեկին չեն դիմի։

Չեմ սիրում, երբ թղթակցության մեջ շատ են թվերը։ Բայց մայրաքաղաքից ավելի քան 200 կմ հեռու, դարավանդի անտառապատ փեշերին ծվարած եւ ուղիղ ադրբեջանական սահմանապահների նշանառության տակ գտնվող Բարեկամավանի պարագայում պետք է դիմել թվերին, անել համեմատություններ, այլապես ավելի լավ անհնար է ընթերցողին պատմել կործանվող հայ գյուղի մասին։ Ամենաարմատական լավատեսներն անգամ, եթե գոնե մեկ անգամ եղել են այս գյուղում, կարող են ականատես լինել կործանվող հայ գյուղի։

Խորհրդային Միության փլուզման օրերին գյուղն ուներ 220 ծուխ, ավելի քան հազար բնակիչ։ Հունվարի 3-ին, երբ մենք Բարեկամավանում էինք, միայն 100 տնից էր ծուխ բարձրանում, գյուղում մնացել է 430 բնակիչ, որից 230-ըՙ թոշակառու։

2002 թ. ընթացքում Բարեկամավանում չի եղել եւ ոչ մի հարսանիք, ծնվել է երեք երեխա, մահացել տասը մարդ։ 2001 թ. Բարեկամավանում ծնվել է երկու երեխա, մահացել տասը մարդ։

Լավ, բարի ժամանակներում Բարեկամավանի դպրոցն ուներ 240 աշակերտ, այսօր ունի 40։ Տասնամյա դպրոցի յուրաքանչյուր դասարան ունի 2¬5 աշակերտ։ Վերջին անգամ Բարեկամավանում եղել էի 99-ին։ Այդ ժամանակ դպրոցն ուներ 62 աշակերտ։ Մանկապարտեզը փակվել է 90 կամ 91 թ.։ 2003 թ. ուսումնական տարում առաջին դասարան չի լինի, որովհետեւ գյուղում 6 եւ 7 տարեկան երեխաներ չկան։ Առաջին դասարան չի լինի նաեւ 2004 թ.։ Մարդիկ հեռանում են գյուղից, Բարեկամավանը սարսափելի անուշադրության է մատնված, Բարեկամավանը չունի բարեկամ։

¬ Ամենակարեւորը դպրոցն է։ Բավական է դպրոցը փակվի, եւ վե՛րջ Բարեկամավանին։ Այսօր գյուղը պահողը այս 40 աշակերտներն են, պետք է այնպես անենք, որ դպրոցը չփակվի,¬ ասում է գյուղապետ Հովիկ Ղարաքեշիշյանը։

Տրանսպորտային կապը Բարեկամավանից աշխարհի մյուս մասերի հետ իրականացվում է շաբաթական մեկ անգամՙ ուրբաթ օրերին։ Նոյեմբերյան-Բարեկամավան ավտոբուսի վարորդն ակնհայտորեն դժգոհ է, ուղեւորների պակասը չի արդարացնում 33 կիլոմետրանոց երթուղին։ Սրան գումարվում է ճանապարհի վատ վիճակը։ Հեռախոսի խնդրից հետո անիմաստ է ճանապարհի հարցով դիմել տրանսպորտի եւ կապի նախարարին։

Ռադիոյի մասին 15 տարեկանից փոքրերն աղոտ պատկերացում ունեն։ Գյուղում ռադիո չկա 1992 թվականից։ Հայրենիքի ցավերով տառապող Արշակ Սադոյանի եւ մյուս երեսփոխանների ձայնը բարեկամավանցիները լսում են հանրային եւ «Պրոմեթեւս» հեռուստաընկերություններով։ «Երեւակ» հասարակական կազմակերպության նախագահ Անդրանիկ Վերանյանի միջամտությամբ եւ «Փրկեցեք երեխաներին» կազմակերպության ֆինանսական օժանդակությամբ գյուղում տեղադրված արբանյակային կապի շնորհիվ հնարավոր է դիտել ռուսական HTB հեռուստաընկերության ծրագրերը։ Մեկ ամսից ավելի Բարեկամավանը մամուլ է ստանումՙ մեկական օրինակ «Ազգ», «Հայաստանի Հանրապետություն», «Առավոտ» եւ «Հայոց աշխարհ» օրաթերթեր։ «Շեն» կազմակերպությունը հոգացել է այս ծախսերը, եւ մինչեւ տարեվերջ գյուղացիներն ամեն օր հնարավորություն կունենան թերթեր կարդալ։

¬ Գյուղացիները գալիս են գյուղապետարանից թերթերը տանում տուն, կարդում, հետ բերում,¬ ասում է գյուղապետի տեղակալը։

Կարող ենք ասել, որ Բարեկամավանում չկա տեղեկատվության վակուում։ Փոխարենն անսահման չափերի է հասնում անտարբերությունն այս գյուղի հանդեպ, արտագաղթն ամեն օր մաշում է Բարեկամավանը։ Գյուղն ունի 14 կմ ընդհանուր սահման ադրբեջանական երեք խոշոր գյուղերիՙ Քամառլուի, Ղայմախլուի եւ Ստամբեգլուի հետ։ Այս երեք գյուղերում բնակչության ընդհանուր թիվը մոտ 22 հազար է։ Գյուղացիների ուժերով անհնար է պահել Բարեկամավանի եւ Ադրբեջանի միջեւ 14 կիլոմետրանոց սահմանը։ Հայկական բանակն ամուր կանգնած է սահմանի երկարությամբ։ Բայց եթե այսպես շարունակվի քար անտարբերությունը գյուղի հանդեպ, ապա հայ զինվորի համար չափազանց դժվար կլինի հսկել սահմանը։ Հողը պիտի տեր ունենա, այլապես դժվար է առանց տիրոջ, հողին կանգնած գյուղացու հող, սահման պաշտպանել։

¬ Այստեղ մենք սահման ենք պահում, ոչ թե բնակվում։ Գյուղում մնացել են 10¬15 երիտասարդներ, որոնք գյուղամիջում պարապությունից զրուցում են։ Մեր գյուղը սահմանամերձ չէ, այլՙ սահմանապահ,¬ ասում է գյուղապետ Հովիկ Ղարաքեշիշյանը։

Ամենաբարձրաստիճան պաշտոնյան, որ երբեւիցե եկել է Բարեկամավան, եղել է պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը։ Գյուղացիները հիշում են, որ դա 1995 թվականին էր։ Ընտրությունների նախաշեմին գյուղ են ժամանում քարոզիչները եւ մարդկանց խելք սովորեցնում, թե հատկապես ում օգտին պետք է քվեարկել։

Մինչդեռ Բարեկամավանում ընտրություններից բացի գոյություն ունի շատ ավելի կարեւոր խնդիրՙ ինչպե՞ս ալյուր գնել, ինչպե՞ս հաց գնելու փող գտնել։ Սահմանապահ այս գյուղում ապրուստի հիմնական միջոցն անասնապահությունն է։ Ցավոք, անասնագողությունն ինչպես այս, այնպես էլ Նոյեմբերյանի շրջանի Կոթի, Դովեղ եւ Բերդավան սահմանամերձ գյուղերում դարձել է սովորական երեւույթ։ 1999 թվից սկսած Բարեկամավանում գրանցվել է անասնագողության 14 դեպք, վերջինըՙ 2002 թ. նոյեմբերին։ Վոլոդյա Անտոնյանի ութ այծերի գողությունից հետո նա եւ կինը զրկվել են գոյությունը քարշ տալու վերջին հնարավորությունից։ Անասնագողության հետքերն ինչպես այս, այնպես էլ մնացած դեպքերում տանում են Ադրբեջան։

Բարեկամավանում 92-ին ցանվել է 230 հա հացահատիկ, մեկ տարի անցՙ 200 հա, իսկ 94-ինՙ 120։ 1999 թ. չի ցանվել եւ ոչ մի հեկտար, այս տարիՙ ցույց կտա ժամանակը։ Թուրքերի կրակոցների տակ հնարավոր չէ աշխատել, ասում են գյուղացիները։ Կոմբայնն են վառում, տրակտորն են վառում, շարքացանի վրա մարդու սպանում, հնձվորին սպանում։ Մարդիկ չեն ուզում սպանվել։

¬ Անհրաժեշտ է մի քանի տասնյակ մշտական աշխատատեղ, որպեսզի գյուղը շնչի, այլապես այստեղ մարդ չի մնա,¬ ասում է գյուղապետը։

Բարեկամավանն ունի բյուջետային երկու տասնյակ աշխատատեղՙ դպրոց, գյուղապետարան, բուժկետ, որտեղ աշխատող քույրն ստանում է 4.000 դրամ։ Լավ է, գոնե վերջին մի քանի տարիներինՙ 220 թոշակառուները, դպրոցի ուսուցիչները, գյուղապետարանի մի քանի աշխատողները, «Արմենտելի» երկու աղջիկները, բուժկետի քույրն առանց ուշացման ստանում են իրենց հասանելիք մի քանի հազար դրամը։

¬ Չնայած դժվարություններին, ժողովուրդը լավատես է եւ ակնկալում է կառավարության ուշադրությունը,¬ ժպտում է գյուղապետը։

Բարեկամավանի մշակույթի միհարկանի տունը փլվում է, փլվում է նաեւ միհարկանի գյուղապետարանի տանիքը, ճանապարհներին փոսեր են։ Հիմա ձյունը հարթեցրել է գյուղից դուրս բերող ոլորապտույտ ճանապարհը։ Գյուղապետը, նրա տեղակալը եւ երեք երիտասարդներ, որոնք հավանաբար ամեն օր ժամանակ են սպանում գյուղապետարանի միհարկանի շենքի մոտ, ասացին, որ կնայեն մեքենայիս հետեւից մինչեւ վերջին ոլորանը։ Թեեւ դժվարությամբ, բայց մեքենան հաջողությամբ հաղթահարեց ձյունածածկ ոլորանները։

Սարի գագաթից երկու ձեռքով հրաժեշտ տվեցի գյուղապետին, տեղակալին, երեք երիտասարդներին, թեեւ նրանք բարձրից չէին երեւում։ Ձյունե սավանը կիսով չափ ծածկել է ճանապարհը, անտառապատ փեշերին ծվարած Բարեկամավանը։ Հրաշալի է Բարեկամավանըՙ բարձրից։ Ոլորապտույտ ճանապարհն իջնում է դեպի դարավանդ։ Ոչ ոք չգիտի գյուղի ստույգ պատմությունը. 350, 450 կամ 700 տարեկան է։ Հաստատ է, որ 1918¬20 թթ. թուրքերը երեք անգամ հրդեհել են գյուղը, կողոպտել, հեռացել։ Չկա եկեղեցի։ Գյուղի վերեւում մի մատուռ կար, մի քանի տասնյակ սրբաքարերՙ խոյի գլուխներով։ Այս կողմերում չեն նշում քրիստոնեական տոներ, այստեղ մարդիկ ապրում են հեթանոս Հայաստանի հավատալիքներով։

ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ, Բարեկամավան-Երեւան


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4