Նոյեմբերի 27-ից Ֆրանսիայի կինոթատրոններում ցուցադրվում է կինոբեմադրիչ Ռոբեր Քեշիշյանի առաջին լիամետրաժ ֆիլմը, որը կոչվում է «Արամ»։ Ներկայումս Իսի լե Մուլինո քաղաքում բնակվող Ռոբերը կրթությամբ տնտեսագետ է, նաեւՙ պատմության եւ արդի գրականության մասնագետ, սակայն 1986 թվականից աշխատում է կինեմատոգրաֆիայի ասպարեզում։ Փարիզի «Աշխարհ» թերթը տեղեկացնում է, որ նա մասնակցել է մի շարք ֆիլմերի («Բոմարշե», «Կաշառք», «Տաքսի-2», «Աստերիքս եւ Օբելիքս», «Առաքելություն Կլեոպատրա» եւ այլն) ռեժիսորական աշխատանքներին։
«Արամ» ֆիլմի գաղափարն, անկասկած, վաղուց է մտահղացված, քանի որ Ռոբեր Քեշիշյանն ինքը Մեծ եղեռնից փրկված եւ Ֆրանսիայում ապաստանած հայ ընտանիքի զավակ է։ Ֆիլմի հերոսը Հայ դատի պաշտպան Արամ Սարգսյանն է, որի դերը կատարում է Սիմոն Աբգարյանը։ Մինչ ընտանիքն Արամին համարում է Արցախի պատերազմում զոհված, նա ափ է իջնում Հավրի նավահանգստում, որպեսզի զենք գնի։ Գործարքը կանխվում է Ֆրանսիայի հատուկ ծառայությունների եւ Փարիզում Թուրքիայի դեսպանության աշխատակից Թալեաթի ուժերով։ Վերջինիս դերակատարը հայտնի կինոբեմադրիչ Սերժ Ավետիքյանն է։
Արամի կրտսեր եղբայր Լեւոնն (Մաթյո Դեմի) անդամալույծ է դարձել մի թուրք գեներալի դեմ ձեռնարկած մահափորձից հետո։ Հայրըՙ Միհրանը (Ալեն Մորտե), ընտանեկան այդ ողբերգության համար մեղադրում է Արամին, բայց ի վերջո ներում է նրան։
Ամերիկյան «սեւ» ֆիլմերի երկրպագու Ռոբեր Քեշիշյանը յուրովի է արծարծել ցեղասպանության եւ դրա խեղիչ հետեւանքների դժվարին թեմանՙ մասնավորապես հակադրելով Փարիզի անձրեւոտ գիշերների կիսախավարը եւ հայ ընտանիքների խնջույքների լույսերը, հայտարարված պատերազմի բռնությունները եւ խանդաղատանքի զուսպ դրսեւորումները։ Ֆիդայու խառնվածքի տեր Արամն անկարող է կրել հայրական անեծքը եւ փորձում է կանգնեցնել բռնությունների ալիքը, բայց իրադարձությունների ընթացքը դեմ է նրան։ Թե Աբգարյանը եւ թե Ավետիքյանը համոզիչ ու հավաստի կերպարներ են ստեղծել։
Ֆիլմում նկարահանված այլազգի դերասանները, ի դեպ, հայերեն մի շարք բառեր են սովորել, որոնք բավական հաջող են արտաբերում։ Արամի հայրը մարմնավորում է ֆրանսահայ համայնքի ավագ սերունդըՙ նրան բնորոշ մտահոգություններով։ Ավանդապահ հայ համայնքի կյանքը ֆիլմում արտացոլված է վարպետորեն։
Արդարության եւ ազատության, ժողովուրդների ազատագրման ջատագով Ռոբեր Քեշիշյանն «Արամ» ֆիլմը նվիրել է իր ընտանիքին եւ թուրք հրատարակչուհի Այշե Նուր Զարաքոլուի հիշատակին։
Պ. Ք.