Բնակֆոնդի քայքայումը պետք է կասեցնել
Վթարային իրավիճակը, որ այսօր ստեղծվել է մայրաքաղաքի 356 բազմաբնակարան շենքերում, տարերային աղետի է նման։ Մեկը մյուսի հետեւից պայթեցին ու ճաքեր տվեցին ջրագծերի, կոյուղագծերի քայքայված հատվածները, խցանումներ առաջացան աղբատարներում։ Սխալ կլինի ասել, թե եղածն անսպասելի էր։
Բնակֆոնդի պահպանության խնդիրն արդեն 1,5 տասնամյակ իշխանական ուշադրության շրջանակներից դուրս է։ Ճիշտ այդքան ժամանակ եւ ավելի բնակելիները կապիտալ նորոգումների չեն ենթարկվել։ Խորհրդային տարիներին, իբրեւ պարտադիր կանոն, պետբյուջեն մասհանումներ էր անում կոմունալ տնտեսության կարիքներիՙ մասնավորապես ջրագծերի, կոյուղու, էլեկտրակաբելների, գազի խողովակաշարերի նորոգումների համար։ Այսօր երկարակեցության ժամկետները վաղուց սպառած ջրագծերն ու խողովակները մնացել են բախտի քմահաճույքին։ Իսկ որ դրանց մեծ մասն օրհասական վիճակում է, ոչ ոք չի կասկածում։ Ինժեներական ցանցի իրական պատկերի վերաբերյալ, այնուամենայնիվ, ոլորտին առնչվող ոչ մի կազմակերպություն լիարժեք ինֆորմացիա չունի։ Նույնիսկ շինարարական նախագծեր կազմելիս ստիպված են առաջնորդվել մոտավոր, հավանական հաշվարկներով։
Նման պայմաններում, առանց խորագիտակ հաշվարկների, առանց հաշվի առնելու տեղական առանձնահատկությունները, տուրք տրվեց նորաձեւությանը։ Մեխանիկական նմանակման սկզբունքով 1996¬97 թթ. հիմնվեցին համատիրություններ։ Պետությունը ձեռքերը լվաց ու շենքերի հոգսը հանձնեց կիսավճարունակ, սոցիալական հոգսերի մեջ տապակվող բնակիչներին։
Իհարկե, կան նաեւ կայացած համատիրություններ, բայց դրանք մատների վրա կարելի է հաշվել։ Դրսի աշխարհում այս կառույցները ստեղծվում են այլ սկզբունքով. ասենք, 1 շենքի հարուստ սեփականատերը մի քանի այլ շենքերի սեփականատերերի հետ միանալով շենքերի կառավարումը հանձնում է համատիրությանը։ Այսինքնՙ ի սկզբանե շենքերի ճակատագիրը ֆինանսական ամուր հիմքերի վրա է դրվում։
Պետք չէ ձեւացնել, թե հանկարծահաս էր կատարվածը։ Պարզապես ուժեղ ցրտերն ու կենտրոնացված ջեռուցման բացակայությունն արագացրին գործընթացները։ Վնասն, իհարկե, այդքան մեծ չէր լինի, եթե ջեռուցվեին գոնե կենտրոնացված համակարգին միացված շենքերը։ Չվճարումների պատճառով չտաքացված շենքերը «պատժվեցին» այս կերպ։
Մայրաքաղաքի մյուս համայնքների շարքում Կենտրոնն առանձնանում է ոչ միայն իր դիրքով. այսինքնՙ տեղավորված է անմիջապես փոսի մեջ, որտեղից ցուրտն ու մառախուղը դժվար են հեռանում։ Եթե մյուսները մշտապես կամ ընդհատումներով ինչ-որ չափով ջեռուցվել են, ապա շուրջ 10 տարի այս համայնքն ընդհանրապես չի ջեռուցվել։ Ինչպես այստեղ, այնպես էլ մյուսներում լուրջ ներդրումներ չեն արվել, իսկ կոմունալ ցանցը համեմատաբար ավելի հին է, քան մյուս համայնքներում։
Անցած տարվա դեկտեմբերի 25-ից առ այսօր վթարներ են արձանագրվել Կենտրոնի 41 բազմաբնակարան շենքերում։ 10 բնակելիներում հաջողվել է գործերն ինչ-որ կերպ կարգի գցել։ Ֆինանսներ են առանձնացվել (շուրջ 300 հազար դրամ) ջրօգտագործման դիմաց բնակիչներից հավաքած վարձավճարներից։ Բայց փորձությունը շարունակվում է։ Երեւանի «Ջրմուղ-կոյուղի» ՓԲԸ Կենտրոն մասնաճյուղի տնօրեն Արտակ Հարությունյանի առանձնասենյակում չեն դադարում հեռախոսազանգերը։ Վթարային վիճակում են հայտնվել Նար-Դոսի 73, 75, 77 շենքերի բազմաբնակարանների ջրագծերը։ Բարդ իրավիճակ է Սայաթ-Նովա 4, Աբովյան 11, Աբովյան 13 հասցեներումՙ բազմաբնակարանները ջրազրկվել են։
Ըստ տնօրենի, երեկ երեկոյան արդեն պիտի ավարտվեին ջրամատակարարման վերականգնման աշխատանքները։ Առավել ծանր է կոյուղագծերի հետ կապված պրոբլեմը։ Կան շենքեր, ուր պայթած խողովակների պարունակությունը լցվել է բնակարանները։ Թուջե խողովակներից կեղտաջրերի հեռացումը բավական բարդ գործ է, երբեմն դրանք վերջնականապես շարքից դուրս են գալիս։ Ժամանակ ու լուրջ ֆինանսներ են պետք քայքայված գծերը նորով փոխարինելու համար։ Կոյուղագծերը վթարվել են համայնքի 10¬12 բազմաբնակարաններում։ Հիմնանորոգումներ անելը գործնականում անհնարին է։
Ոչ միայն այստեղ, այլեւ մայրաքաղաքի մյուս համայնքներում իրականացվող միջոցառումներն անհրաժեշտ, սակայն միայն կոսմետիկ են։ Դրանք մեզ չեն ապահովագրի հնարավոր նոր փորձանքներից։ Բնակֆոնդի քայքայումը շարունակվում է։ Այն ազգային հարստություն է, մեր երկրի տասնամյակների բյուջեին հավասար արժեքով։ Նորը կառուցել անհնար է, պետք է պահպանել։ Իսկ դրա համար հարկ է վերջապես դեմքով շրջվել դեպի այս ցավոտ խնդիրը։
ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ