«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#240, 2002-12-28 | #1, 2003-01-08 | #2, 2003-01-09


«ԹՈՒՐՔԵՐՆ ՈՒ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ ԵՂԲԱՅՐՆԵՐ ԵՆ, ՍԱԿԱՅՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՇԱՀԵՐՆ ԱՎԵԼԻ ԿԱՐԵՎՈՐ ԵՆ»

Բաքվում Էրդողանը խուսափեց հակահայ հայտարարություններից

ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ

Ընդգծված հակահայ տրամադրություններով հայտնի «Զերկալո» օրաթերթը, լուսաբանելով Թուրքիայում իշխող իսլամամետ «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Բաքու այցը, որեւէ կերպ չի անդրադարձել ղարաբաղյան հարցի եւ հայ-ադրբեջանական հարաբերությունների վերաբերյալ Անկարայի նոր իշխանությունների դիրքորոշմանը։

Պիտի կարծել, որ Բաքվի իշխանություններն ու ադրբեջանական լրատվամիջոցները որոշակի անհանգստության նշաններ են ցույց տալիս, երբեմնՙ նյարդայնանում, երբ թուրք իսլամիստները դրական ազդանշաններ են հաղորդում Երեւանի իշխանություններին։ Այսպես, երբ արտգործնախարար Յաշար Յաքըշը դեկտեմբերի 15-ին հայտարարեց, իսկ երկու օր անց արտգործնախարարության տեսակետներն արտահայտող «Թըրքիշ դեյլի նյուս» օրաթերթը տպագրեց Յաքըշի խոսքերը, ադրբեջանական լրատվամիջոցները, այդ թվում եւ «Զերկալոն», վայնասուն բարձրացրին, իսկ Ադրբեջանի ԱԳՆ-ն հերքեց (՞) Յաքըշի հայտարարությունը։

Թուրքիայի արտգործնախարարը բառացիորեն ասել էր. «Մենք զարգացնելու ենք մեր հարաբերությունները Ռուսաստանի, Իրանի եւ Հայաստանի հետ։ Ինչ խոսք, հաշվի ենք առնելու Ադրբեջանի մտահոգությունները հայ-թուրքական համագործակցության առումով։ Սակայն, եթե մեր տնտեսական շահերը պահանջեն հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ, մենք դա կանենք»։

Ըստ էության, Յաքըշի հայտարարության շարունակություն կարելի է համարել Էրդողանիՙ Բաքվում ասած խոսքերը. «Թուրքերն ու ադրբեջանցիները եղբայրներ են, սակայն ռազմավարական շահերն ավելի կարեւոր են»։ «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության առաջնորդը Բաքվում խուսափեց հակահայ հայտարարություններից, ինչը եւս պետք է դիտել դրական ազդանշան Երեւանի իշխանություններին։ Գաղտնիք չէ, որ թուրք բարձրաստիճան պաշտոնյաներն Ադրբեջանում միշտ դատապարտում են «հայկական ագրեսիան ԼՂ-ում», հայկական կողմին կոչ անում «անհապաղ եւ առանց նախապայմանների դուրս բերել զորքերը գրաված ադրբեջանական շրջաններից», անպայման շեշտում, որ «թուրքերն ու ադրբեջանցիները մեկ ժողովուրդ են», «Թուրքիան ձեր հայրենիքն է, իսկ Ադրբեջանըՙ մեր» եւ նմանօրինակ այլ ներբողներ։

Նախ «Բինա» օդանավակայանում, ապա Հեյդար Ալիեւի հետ «գլուխ գլխի» հանդիպումից հետո Էրդողանը, ըստ «525 գազեթ» եւ «Էխո» օրաթերթերի, հայտարարել է, որ ղարաբաղյան կարգավորման հարցում Թուրքիան աջակցում է Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարության երկկողմ շփումներին, ինչպես նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդներին։ Թուրքիան, ասել է Էրդողանը, ցանկանում է, որ Ալիեւի եւ Քոչարյանի բանակցությունների արդյունքը լինի հօգուտ Ադրբեջանի։

Ուշագրավ էին Բաքվում արված Էրդողանի երկու այլ հայտարարություններ, որոնք առնչվում են Բաքու-Անկարա երկկողմ կապերին։ Այսպես, Էրդողանը մտահոգություն է հայտնել թուրք-ադրբեջանական տնտեսական հարաբերություններում նկատվող վերջին տարիների անկման առիթով եւ ասել, որ թուրք գործարարները խնդրում են Հեյդար Ալիեւին իրենց առջեւ բացել ճանապարհ, եւ եթե դա արվի, ապա թուրք գործարարները կգան Ադրբեջան։ Վերջին տարիներին Ադրբեջանի կոռումպացված համակարգը երկրից դուրս է մղել տասնյակ թուրքական ընկերությունների, 2000 թ. Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ ապրանքաշրջանառությունը կազմել է 226 մլն դոլար, 2001-ինՙ 195 մլն։

Էրդողանը նաեւ հույս է հայտնել, որ 1995 թ. դեպքերը կմնան անցյալ։ Ինչպես հայտնի է, այդ թվականի մարտին Ադրբեջանում տեղի ունեցավ պետական հեղաշրջման անհաջող փորձ։ Հեյդար Ալիեւը հեղաշրջման կազմակերպման մեջ ուղղակիորեն մեղադրեց թուրքական հատուկ ծառայություններինՙ ՄԻԹ-ին։

Ալիեւ-Էրդողան բանակցություններում առանձնակի ուշադրություն է դարձվել Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարի եւ Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարի կառուցմանը։ «2005 թվականը շատ հեռու ժամանակաչափ է Բաքու-Ջեյհանի կառուցման համար։ Պետք է արագացնել գործընթացը։ Հերթում է նաեւ Բաքու-Էրզրում գազատարի նախագիծը», ասել է Էրդողանը։

Նկատենք, որ Բաքու-Ջեյհանի տարեկան հզորությունը հաշվարկված է 50 մլն տոննա նավթի արտահանման համար։ 2001 թ. Ադրբեջանն արտահանել է 14,9 մլն տոննա նավթ, 2002 թ.ՙ 15 մլն, 2003 թ. նախատեսվում է 15,25 մլն տոննա։ Այս թվերը ցույց են տալիս, որ Ադրբեջանն առայժմ ի վիճակի չէ անգամ մեկ երրորդով «լցնել» Բաքու-Ջեյհան նավթատարը։ Ադրբեջանն այսօր նավթն արտահանում է Բաքու-Նովոռոսիյսկ եւ Բաքու-Սուփսա խողովակաշարերով։

Ինչ վերաբերում է ադրբեջանական գազի արտահանմանը, ապա այսօրվա դրությամբ Ադրբեջանը «երկնագույն վառելիք» ներկրող պետություն է։ 2001 թ. Ադրբեջանում արդյունահանվել է 5 մլրդ խմ գազ, Ռուսաստանից ներմուծել 4 մլրդ խմ։ Միայն ներքին սպառման համար Ադրբեջանը կարիք ունի առնվազն 10 միլիարդի։ Նախորդ տարի Ադրբեջանի մի շարք շրջաններում կիրառվել են հովհարային անջատումներ։ 2002 թ. Ադրբեջանում արդյունահանվել է 5,15 մլրդ խմ, ներմուծվել 4 մլրդ։

Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեկ ուղեւորվեց Աշգաբադ, այնտեղիցՙ Ղազախստան։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4