«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#2, 2003-01-09 | #3, 2003-01-10 | #4, 2003-01-11


ՆՈՐ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՄԲ

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Քանաքեռ ՀԷԿ-ի 5-րդ եւ 6-րդ էներգաբլոկները, համապատասխանաբար 1995 թ. եւ 2000 թ.-ից, վթարային լինելու պատճառով դադարել էին շահագործվել։ Երեկ, տարիներ տեւած ընդմիջումից հետո, դրանք վերաթողարկվեցին։ Դա տեղի ունեցավ շնորհիվ գերմանական կառավարության, մասնավորապես KfW բանկի տրամադրած 35 մլն գերմանական մարկ վարկի։ Հայ-գերմանական միջկառավարական պայմանագիրը կնքվել էր 1997 թ.-ին։ Վարկը տրամադրվել է 40 տարի ժամկետով եւ 0,75 տոկոսադրույքով։ ՀԷԿ-ի վերականգնման արդյունքում տեղադրվել են ժամանակակից, բարձր օգտակար գործողության գործակից ունեցող սարքավորումներ։ Գեներատորները ALSTOM ընկերության իսպանական բաժանմունքի, հիդրոգեներատորների համակարգչային արագության կարգավորման համակարգը նույն ընկերության ֆրանսիական բաժանմունքի, էլեգազային երեք անջատիչները շվեյցարական ABB ընկերության արտադրանքն են։

Վերականգնումից հետո Քանաքեռ ՀԷԿ-ի արտադրած էլեկտրաէներգիայի տարեկան ծավալը կկազմի 64 մլն կվտ.ժ։ Ընդ որում, ինչպես տեղեկացանք «Սեւան-Հրազդան կասկադի» տնօրեն Մելս Հակոբյանից, դա բավականին էժան ինքնարժեքՙ 1 կվտ.ժ 3 դրամ ունեցող էլեկտրաէներգիա է։

Քանաքեռ ՀԷԿ-ի վերաթողարկման կապակցությամբ երեկ տեղի ունեցած հանդիսավոր արարողությանը մասնակցում էր ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանի, Հայաստանում Գերմանիայի դեսպան Հանս Վուլֆ Բարթելսի ելույթներից, Արարատյան թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ եպիսկոպոս Կճոյանի օրհնանքի խոսքից հետո նախագահը մոտեցավ ղեկավարման վահանակին եւ սեղմեց թողարկման կոճակը։ Հիդրոագրեգատները սկսեցին աշխատել եւ, ի տարբերություն մյուս տուրբինների, ավելի ցածր աղմուկով։ Վերջիններս մասնակիորեն նորոգվել են 1993¬95 թթ.ՙ USAID-ի, Energie pour l՚Armenie եւ Aznavour pour l՚Armenie կազմակերպությունների ֆինանսավորմամբ։ Սակայն ընդհանուր առմամբ Քանաքեռի ՀԷԿ-ի սարքավորումները 65 տարվա հնություն ունեին, դրանք ֆիզիկապես եւ բարոյապես մաշվել էին։

Հարկ է նաեւ մատնանշել Քանաքեռ ՀԷԿ-ի կարեւորությունը Հայաստանի էներգետիկ համակարգի եւ տնտեսության համար ընդհանրապես։ Այն, ունենալով կարգավորման ջրամբար, մասնակցում է համակարգի բեռի պիկային մասի ծածկմանը, ապահովում է համակարգի պահուստային հզորության իր մասը, հարակից տարածքների ոռոգմանը, Երեւանի հյուսիսային մասի արտադրական ձեռնարկությունների տեխնիկական ջրամատակարարման միակ, ինչպես նաեւ ճգնաժամային իրավիճակներում (շրջափակում, գազամատակարարման դադարեցում, ատոմակայանի կանգնեցում եւ այլն) էներգաարտադրության կարեւոր աղբյուրն է։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4