«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#2, 2003-01-09 | #3, 2003-01-10 | #4, 2003-01-11


ՀԱՅ-ԹՈՒՐՔ ՀԱՇՏԵՑՄԱՆ ՆՈՐ ՀԱՆՁՆԱԺՈՂՈ՞Վ

ՌԱԿ Ֆրանսիայի շրջանակը զգուշացնում է

Ամիսներ շարունակ խորհրդապահական պայմաններում տարված բանակցություններից հետո 2003 թ. հունվարի 3-ին Փարիզում հայտարարվեց հայ-թուրք հաշտեցման մի նոր հանձնաժողովիՙ «Հայերի ու թուրքերի միջեւ մերձեցման ֆորումի» (Forum pour le Rapprochement entre Armeniens et Turcs) կազմության մասին։ Դեռեւս մեզ հայտնի չեն այս ֆորումի հիմնադիրների անունները կամ նրանց անմիջական ծրագրերը, սակայն ստացել ենք Ռամկավար Ազատական կուսակցության Ֆրանսիայի շրջանակի ատենապետ Ժան Վարուժան Սրապյանի ստորագրությամբ կուսակցության հայտարարությունը, որը նման ֆորումի կազմության եւ նպատակների մասին արտահայտում է լուրջ կասկածներ ու մտահոգություն։ Հայտնելով, որ ՌԱԿ-ը բնավ դեմ չէ «1915 թ. Հայոց ցեղասպանության թուրքական հասարակության կողմից ճանաչման հիման վրա ձեռնարկված հայ-թուրք երկխոսության սկզբունքին», կուսակցությունն իր ընդդիմությունն է արտահայտում այդ նախաձեռնությանը, մանավանդ որ դեռեւս գնահատական չի տրվել դրա նախորդՙ «Թուրք-հայ հաշտեցման հանձնաժողովի» ձախողության պատճառների մասին։

ՌԱԿ-ի հայտարարությունը մատնացույց է անում նաեւ այն մտահոգիչ փաստը, որ ինքնակոչ ֆորումն արդեն իսկ գրանցվել է Փարիզի իշխանությունների մոտ։ Այնինչ, կարդում ենք հաղորդագրության մեջ, ֆորումի «նախնական հայտարարությունը» հակասում է 1915 թ. Հայոց ցեղասպանությունը հրապարակավ ճանաչելու մասին Ֆրանսիայի 2001 թ. հունվարի 29-ին ընդունած օրենքի դրույթներին։

Վերջում ՌԱԿ-ի հայտարարությունը հայկական բոլոր կազմակերպություններին եւ ողջ ֆրանսահայ համայնքին կոչ է անում լինել զգոն եւ թույլ չտալ, որ նորահայտ կազմակերպությունը փորձի «երկարաձգել կամ օրինականացնել Թուրքիայի եւ նրա բարեկամների ժխտողական եւ ռեւիզիոնիստական քաղաքականությունը» ցեղասպանության նկատմամբ։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4