«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#2, 2003-01-09 | #3, 2003-01-10 | #4, 2003-01-11


ՄԵՐ ԿԻՆՈԿՅԱՆՔԸ 2002-ԻՆ

Կադր 1

Հունվարի 11-ին, 81 տարեկանում կյանքին հրաժեշտ տվեց ֆրանսահայ նշանավոր ռեժիսոր, Ֆրանսիայի գեղարվեստի ակադեմիայի անդամ Անրի Վեռնյոյը (Աշոտ Մալաքյան)։ Նրա առաջին ֆիլմը «Ավետիս Ահարոնյանի հուղարկավորությունը» վավերագրական ժապավենն էր (1950), վերջին գործերըՙ ինքնակենսագրական գրքի հիման վրա ստեղծված «Մայրիկը» (1991) եւ «Պարադի փողոց, 588»-ը (1992)։ Լեպիդիսի «Հայերը», Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը», Դեմիրճյանի «Վարդանանքը»ՙ Վահե Քաչայի, Գառզուի եւ Շառլ Ազնավուրի համագործակցությամբ նկարահանելու նրա երբեմնի ծրագրերը այդպես էլ չիրականացան։

Կադր 2

Երկարատեւ պարապուրդից հետո փետրվարի 15-ին վերաբացվեց Երեւանի «Նաիրի» կինոթատրոնը։ Բացման արարողությանը ցուցադրված «Լրտեսական խաղեր» ամերիկյան թրիլերը, ինչպես պարզվեց տարվա ընթացքում, մատնանշում էր «Նաիրիի» անշեղ կողմնորոշումը դեպի հոլիվուդյան առեւտրային, ժամանցիկ կինոարտադրանքը։

Կադր 3

«Մոսկվա» կինոթատրոնում կայացավ Էդգար Բաղդասարյանի նոր ֆիլմիՙ Հայաստանում քրիստոնության ընդունման 1700-ամյակին նվիրված «Սուրբ ծեսերի երկիր» վավերագրական կինոնկարի պրեմիերան։

Կադր 4

Մայիսին լույս տեսավ «Անշլագ» ամսագրի անդրանիկ համարը, որը ծնվել էր հայերեն կինոպարբերական ունենալու հասունացած անհրաժեշտությունից։ Բայց հանդեսին թիթեռի կյանք էր վիճակված. հունիսյան համարից հետո «Անշլագը» անհետ չքացավ։

Կադր 5

Ռեժիսոր Լյուդմիլա Սահակյանցը տասնամյա ջանքերից հետո հանդիսատեսի դատին ներկայացրեց իր «Նախաշեմին» ֆիլմըՙ լիտվացի դերասան Ռեգիմանտաս Ադոմայտիսի մասնակցությամբ եւ Ավետ Տերտերյանի երաժշտությամբ։ Այս կինոմիստերիայի բովանդակությունը հեղինակն ամփոփել է «Ոչ թե վախենալ Աստծուց, այլ նրան կորցնելուց վախենալ» բանաձեւում։

Կադր 6

Կորեական ֆիլմերի մայիսյան երկօրյակի ծրագրում ներկայացվեցին վերջին տարիների ասիական կինոյի դրամարկղային ու փառատոնային հիթերից չորսըՙ «Անվտանգության միացյալ գոտին», «Կղզին», «Բիշումնոնՙ թռչող ռազմիկը» եւ «Շիրին»։

Կադր 7

Մայիսի 20-ին Կաննի 55-րդ միջազգային կինոփառատոնում ցուցադրվեց Ատոմ Եղոյանի «Արարատ» ֆիլմը, որը կանադահայ ռեժիսորի ցանկությամբ հանվել էր մրցութային ծրագրիցՙ քաղաքական շահարկումներին տուրք չտալու համար։ Կինոնկարի պրեմիերային ներկա էր Շառլ Ազնավուրը։

Կադր 8

Կաննի հոբելյանական փառատոնի պաշտոնական մրցութային ծրագրին այս տարի առաջին անգամ մասնակցեց ֆրանսահայ ճանաչված ռեժիսոր Ռոբեր Կետիկյանը իր «Մարի-Ժոն եւ նրա երկու սերը» դրամայով։

Կադր 9

Մայիսի 25-ին «Վահագն» արվեստի ու գրականության մրցանակների բաշխումը կինոարվեստի ասպարեզում վերածվեց ընծայատրությանՙ «ոչ ոք հանկարծ չնեղանա» տնական սկզբունքով։ Արտավազդ Փելեշյանինՙ «Կյանք» եւ «Վերջ» դիլոգիայի համար շնորհված գլխավոր մրցանակից բացի, հատուկ «Վահագների» արժանացան մյուս բոլոր հավակնորդներըՙ Առնոլդ Աղաբաբովը (հետմահու, «Որտե՞ղ էիր, Մարդ Աստծո»), Հարություն Խաչատրյանը («Վերադարձ ավետյաց երկիր»), Կարեն Գեւորգյանը («Ճամփաբաժան»), Վրեժ Պետրոսյանը («Անվերջ ձգվող դասամիջոց»), Ռոբերտ Սահակյանցը («Կացին»)։

Կադր 10

Գերմանական կինոյի 6-րդ երեւանյան փառատոնը, որի ծրագիրն ընդգրկել էր ութ լիամետրաժ եւ նույքան էլ կարճամետրաժ ժապավեններՙ գլխավորապես երիտասարդ ստեղծագործողների աշխատանքներ, կազմված էր միջին մակարդակի կինոարտադրանքից, ուստի եւ հայտնության պահեր չպարգեւեց։

Կադր 11

Մայիսի 30-ին, ծանր հիվանդությունից հետո, 57 տարեկանում վախճանվեց ռեժիսոր Գենադի Մելքոնյանը, որի ամենաճանաչված ֆիլմը 1979-ին ստեղծված «Թթենին» է։

Կադր 12

«Մոսկվա» կինոթատրոնում ցուցադրվեց Գրիգորի Գորինի պիեսի մոտիվներով Ռուբեն Քոչարի նկարահանած «Հերոստրատը»։ Որպես հայ-ամերիկյան առաջին համատեղ արտադրություն գովազդված այս արխայիկ պատրաստվածքը նման էր վատ ներկայացման, որը, չգիտես ինչու, դրոշմվել էր կինոժապավենին, այն էլՙ Հայաստանի պատմաճարտարապետական հուշարձանների ֆոնին։

Կադր 13

Մոսկվայի 24-րդ միջազգային փառատոնի մրցութային ծրագրից դուրս ցուցադրվեց «Արարատը», որի պրեմիերային ներկա էին Ատոմ Եղոյանն ու Արսինե Խանջյանը։

Կադր 14

Հուլիսի 21-ին նախկին հայաստանցի, այժմ ամերիկահայ Համլետ Սարգսյանը Երեւանում ներկայացրեց իր առաջին լիամետրաժ ֆիլմըՙ «Camera obscura»-նՙ իսպանացի հայտնի դերասանուհի Արիադնա Խիլի դերակատարմամբ եւ Տիգրան Մանսուրյանի երաժշտությամբ։ «Սեւ» ժանրի հոլիվուդյան ավանդույթներով նկարահանված թրիլերըՙ բռնության մասին, հավակնում էր «հոգեբանական» մակդիրին։

Կադր 15

Սեպտեմբերի 16-ին Ատոմ Եղոյանի «Արարատը» առաջին անգամ ցուցադրվեց Հայաստանում, հատուկ լրագրողների համար։ Իսկ կինոնկարի պաշտոնական պրեմիերայի առթիվ Երեւան ժամանեցին ռեժիսորն ու իր տիկինը։

Կադր 16

Սեպտեմբերի 19-ին «Արարատը» բարձրացավ մոսկովյան էկրանՙ դրվատալից գրախոսությունների արժանանալով ռուսական կինոմամուլում։

Կադր 17

Տորոնտոյի միջազգային կինոփառատոնը բացվեց «Արարատի» ցուցադրությամբ։

Կադր 18

Ռոբեր Կետիկյանի ֆիլմերի հետահայաց ցուցադության ծրագրում, որը տեղ էր գտել Տորոնտոյի փառատոնի շրջանակներում, ներկայացվեցին նրա 11 գործերից 8-ը։

Կադր 19

Նոյեմբերի 5-ին բացված ֆրանսիական ֆիլմերի երեւանյան փառատոնի մեխը Ռոբեր Կետիկյանի վերջին աշխատանքն էրՙ Կաննի մասնակից «Մարի-Ժոն եւ նրա երկու սերը», որը, սակայն, ներկայացվեց առանց թարգմանության, ինչպես եւ մյուս կինոնկարները։

Կադր 20

Նոյեմբերի 15-ից «Արարատն» սկսեց ցուցադրվել ամերիկյան եւ կանադական էկրաններին։

Կադր 21

Բրիտանական կինոյի երկրորդ երեւանյան փառատոնը, որ սկիզբ առավ նոյեմբերի 21-ինՙ Ջասմին Դիզդարի «Չքնաղ մարդիկ» ֆիլմի ցուցադրությամբ, ճոխ ծրագիր ուներ։ Վերջին տարիներին ստեղծված ինը կինոնկարների գերակշիռ մասըՙ կամ մրցանակակիր, կամ միջազգային ասպարեզ ելած գործեր, բրիտանական նոր կինոյի նմուշներ էին, բայց չունեին առանձնահատուկ արժանիքներ։

Կադր 22

Մոսկովյան «West Video» ընկերությունն ու «Պարադիզ 2000» գործակալությունը նոյեմբերի 21-ին համատեղ թողարկեցին «Արարատի» տեսաերիզըՙ անգլերեն բնօրինակով եւ ռուսերեն թարգմանությամբ։

Կադր 23

Նոյեմբերի վերջին ֆրանսիական էկրան բարձրացավ Ռոբեր Քեշիշյանի «Արամ» ֆիլմըՙ նրա առաջին ռեժիսորական աշխատանքը, «սեւ ֆիլմի» կանոններով նկարահանված մի ժապավեն, որի հայ հերոսը ղարաբաղյան պատերազմին մասնակցելուց հետո գաղտնի առաքելությամբ վերադառնում է Ֆրանսիա եւ ջանում կապերը վերահաստատել իր ընտանիքի հետ։

Կադր 24

Դեկտեմբերի 18-ին իր մահկանացուն կնքեց հայ մեծ գրող Հրանտ Մաթեւոսյանը, որն անուրանալի ավանդ ունի նաեւ հայկական կինոյում։ 1967-ին նրան մեծ ճանաչում բերած «Մենք ենք, մեր սարերը» վիպակը երկու տարի անց էկրանավորվեցՙ մեր կինոյին իսկական գլուխգործոց պարգեւելով։ Մաթեւոսյանի սցենարների ժողովածուն լույս է տեսել 1983-ին եւ ինչպես նրա մյուս գործերը, գրականություն է բոլոր ժամանակների համար։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4