Հողի ճակատագրով մտահոգ Վլադիմիր Մովսիսյանի հուշերը
«1982 թ. ապրիլին ինձ զանգեց Իջեւանի կուսշրջկոմի առաջին քարտուղար Ռ. Սուխուդյանը եւ ասաց, որ Կիրանց գյուղին պատկանող դաշտը հարեւան Ակսիփարա գյուղի ադրբեջանցիները վարել են ու կարտոֆիլ ցանել։ Ես խորհուրդ տվեցի, որ ինքն էլ նույն ձեւով վարվի, այսինքնՙ կարտոֆիլը վարի ու վարսակ ցանի... Ուստի նա, ոգեւորվելով նաեւ իմ դիրքորոշումից, կարտոֆիլը քանդել ու նորից վարսակ էր ցանել։ Դա առիթ դարձավ, որ ադրբեջանական այդ գյուղիՙ Ղազախի շրջանի Ակսիփարայի բնակիչները հեռագրեին Մոսկվաՙ ԽՍՀՄ կենտկոմ եւ բողոքեին, որ իրենք իրականացնում են կենտկոմի պարենային ծրագիրը եւ կարտոֆիլ են աճեցնում, սակայն հայերը կարտոֆիլը քանդել ու տեղը խոտ են ցանել... ԽՍՀՄ կառավարության նախագահի տեղակալ Զիա Նուրիեւը 1982 թ. ապրիլի 28-ի գրությամբ հանձնարարել էր երկու հանրապետությունների կառավարությունների ղեկավարներին հարցն ուսումնասիրել, քննարկել եւ պատասխանել... Երեւանում եւ Բաքվում, ինչպես նաեւ սահմանամերձ գոտում, 1982 թ. երկրորդ կեսին եւ 1983 թ. ապրիլին մենք մի քանի հանդիպում ունեցանք Ադրբեջանի կառավարության նախագահի տեղակալ Շամիլ Ռասիզադեի հետՙ իրավիճակից դուրս գալու ելքերի որոնման նպատակով», իր հուշերում գրում է ՀԿԿ կենտկոմի վերջին առաջին քարտուղար Վլադիմիր Մովսիսյանը, որի ծառայություններն Ադրբեջանի զավթած 14.450 հեկտար հայկական տարածքիՙ Հայաստանին վերադարձնելու գործում անժխտելի են։ Խոսքը վերաբերում է 80-ական թթ. կեսերին, երբ կար Խորհրդային Միությունը։ Դեպքերը, որոնց մասին պատմում է Մովսիսյանն իր հուշերում, ժամանակին, հասկանալի պատճառներով, չգրվեցին ո՛չ հայկական, ո՛չ ադրբեջանական մամուլում, առավել եւս մոսկովյան թերթերում. չէ՞ որ ազգամիջյան խնդիրների մասին գրելը տաբու էր։ Այսօր էլ Հայաստանում շատ-շատերը, անգամ ղարաբաղյան հակամարտությունը լուսաբանող լրագրողների մի մասը, չգիտեն, որ դեռ 1984 թ., Շարժումից չորս տարի առաջ, գրանցվել են հայ-ադրբեջանական բախումներ, ծեծվել է այն ժամանակ ՀԽՍՀ կառավարության նախագահի առաջին տեղակալ Վլ. Մովսիսյանը։ Սումգայիթի, Բաքվի, Կիրովաբադի հայկական ջարդերի ֆոնին Մովսիսյանի ծեծը կարող է դիտվել սովորական, բայց հիշենք, որ 1984 թ. Խորհրդային Միությունը ծաղկման շրջանում էր, եւ շատ քչերը կարող էին կանխատեսել հզոր կայսրության անկումը։
«Պարզվեց, որ սահմանային լուրջ վեճեր կան նաեւ Նոյեմբերյանում։ Կուսշրջկոմի առաջին քարտուղար Ս. Պետրոսյանն ահազանգեց, որ Դովեղ գյուղի անտառների չորս աղբյուրներից ադրբեջանցիները ջուր տանելու նպատակով ջրատար են կառուցել։ 1984 թ. հոկտեմբերի 22¬ին Մոսկվայից զանգեց Կարեն Դեմիրճյանը եւ ասաց, որ հանդիպել է Ադրբեջանի կոմկուսի կենտկոմի քարտուղար Ք. Բաղիրովի հետ եւ պայմանավորվածություն ձեռք բերել, որպեսզի Դովեղի անտառից Քյամառլու գյուղ տարվող ջրատարի հարցը տեղում ուսումնասիրվի։ Նույն օրը զանգեցի Բաքուՙ Ռասիզադեին, եւ պայմանավորվեցինք հանդիպել հոկտեմբերի 24¬ինՙ Իջեւանի սահմանում», գրում է Մովսիսյանը։
Ռասիզադեն առաջարկում է, որ Քյամառլու եւ Դովեղ գնան Ղազախի կողմից, սակայն Մովսիսյանն առարկում է, ասելով, որ ճիշտը Նոյեմբերյանով գնալն է, քանի որ աղբյուրներն այդ տարածքում են, ճանապարհն ավելի կարճ է։ Նոյեմբերյանում փոքր դադար առնելուց հետո, Մովսիսյանն ու Ռասիզադեն «Նիվայով» բարձրանում են Դովեղի անտառները։
«Մեքենան, որի մեջ ես եւ Ռասիզադեն էինք, կանգ առավ աղբյուրի մոտ, որտեղ ադրբեջանցիները եռանդով շարունակում էին շինարարական աշխատանքները։ Ավելորդ չէ նշել, որ Ռասիզադեն Իջեւանում ասաց, թե նախօրեին եղել է Քյամառլու գյուղում, որտեղ վիճակը շատ ծանր է, գյուղը լարված է, եւ կարող են տհաճ հետեւանքներ լինել։ Հետագայում պարզվեց, որ հենց ինքն էր գնացել, գրգռել մարդկանց եւ տեղեկացրել, որ հաջորդ օրն աղբյուրի մոտ հանդիպում է լինելու։ Այլապես քյամառլուցիները չէին կարող իմանալ ոչ մեր գալստյան եւ ոչ էլ հանդիպման վայրի մասին։ Եվ երբ մենք աղբյուրից բարձրացանք անտառի բացատը, չորս կողմից մի հսկայական ոհմակ, զինված մահակներով, հարձակվեց մեզ վրա։ Մեքենան գլխիվայր շուռ տվեցին, ապա նորից կանգնեցրին անիվների վրա եւ մեզ դուրս քաշեցին։ Առաջինը մի թեթեւ հարված հասցրեցին Ռասիզադեին, թեՙ դու եկել ես մեր հողերն ուրիշներին տալու, եւ երբ մեկը փորձեց ինձ հարվածել, փայտը խլեցի նրա ձեռքից եւ վերադարձնելով ասացի, որ իրեն մարդավարի պահի, ոչ թե թուրքի նման։ Ըստ երեւույթին, այդ պահվածքը նրանց փոքր-ինչ սթափեցրեց, եւ մենք նորից նստեցինք մեքենան։ Սակայն նրանք նորից շրջեցին մեքենան։ Այնուհետեւ մեզ դուրս հանեցին, հայերիս առանձնացրին եւ մի քանի կիլոմետր քշելով (բառիս բուն իմաստով) բերեցին Քյամառլու տանող ճանապարհի խաչմերուկը։ Եվ այստեղ մեր դեմ դուրս եկան հինգ բեռնատար մեքենաներ, որոնց թափքերում մահակներով, եղաններով, կացիններով զինված մարդիկ էին... Սկսվեց մի խայտառակ իրարանցում, քաշկռտուք, վայնասուն։ Մի տարեց կին էլ հագուստները պատառոտեց, կրծքերը դուրս հանեց եւ ղազավաթի մարտահրավեր կոչեց բոլորինՙ քարեր շպրտելով մեզ վրա։ Ծեծկռտուքից անմասն չմնացի նաեւ եսՙ ստանալով լուրջ մարմնական վնասվածքներ։ Ապա բռնի ուժով մեզ նստեցրին բեռնատար մեքենաների խցիկներում եւ բաց պատուհաններից քարերի, մահակների ու բռունցքների հարվածների տակ, գազազած, պապուասների ոռնոցով ու աղաղակով, բերեցին Քյամառլու։ Տարան ակումբ, բարձրացրին բեմ եւ հայտարարեցին, որ մեզ այստեղից բաց չեն թողնիՙ մինչեւ փաստաթուղթ չստորագրենք, որ այդ հողերն ադրբեջանական են։ Սեղանին դրեցին թուղթ ու գրիչ եւ կացին, ասելով, որ եթե չստորագրեմ, վիզս կտրելու են։ Իրենց լեզվով ասացի, որ իրենցից չեմ վախենում եւ չեմ ստորագրելու», գրում է Վլադիմիր Մովսիսյանը։
Քյամառլուում խուժանին հնարավոր է լինում հանդարտեցնել։ Դովեղ չհասած Մովսիսյանին եւ մյուս պատանդներին հանդիպում է գյուղի բնակիչների մի մեծ խումբՙ զինված հրացաններով, փայտերով, բենզինի տարողություններով։ Գյուղացիները շտապում էին վրեժ լուծել, քանի որ լսել էին, թե Մովսիսյանին Քյամառլուում սպանում են։
«Երեւանում մի քանի օր հիվանդանոցում պառկելուց հետո եկա կենտկոմ եւ Կարեն Սերոբիչին պատմեցի կատարվածի մասին։ Չեմ կարող մոռանալ, որ պատմածս լսելուց հետո նա շուռ եկավ եւ անձայն արտասվեց։ Ես առաջին անգամ էի նրա աչքերում արցունքներ տեսնում», հիշում է Մովսիսյանը։
Ընդունվում է փաստաթուղթ, որը վերնագրված էր «Հայկական ԽՍՀ եւ Ադրբեջանական ԽՍՀ առանձին հողօգտագործողների միջեւ սահմանների վերականգնման (ճշգրտման) մասին»։ Վերականգնվում են հայ-ադրբեջանական սահմանները Նոյեմբերյանից մինչեւ Մեղրի, Հայաստանին են անցնում Սիսիանի ամառային արոտավայրերից մինչ այդ ադրբեջանական կողմին վերագրված տարածքները, Դովեղի 1850 հա հազվագյուտ ծառատեսակներով անտառները, Շամշադինի շրջանի Թաղիլար գյուղի տարածքը, 7-րդ դարի Ոսկեպարի եկեղեցին, այլ տարածքներ, ընդհանուր առմամբ 14.450 հա։
«Փաստորեն, 20-ական թթ. սկսած առաջին անգամ հնարավոր եղավ ազգամիջյան խնդիրը լուծել Հայաստանի օգտին, այն պայմաններում, երբ երկու հանրապետությունները լինելով ընդհանուր պետության մեջՙ վերեւից դիտվում էին այդ ընդհանրությունների պրիզմայով։ Եվ ամենակարեւորըՙ դա հեռավոր ուրվականն էր արդեն գծագրվող Սումգայիթի, Բաքվի եւ ղարաբաղյան իրադարձությունների։ Իզուր չէին շատերը գտնում, որ ղարաբաղյան շարժումը հենց Նոյեմբերյանից է սկսել», գրում է Վլադիմիր Մովսիսյանը։
ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ