Վահանցի Պարգեւի տունը «կռիվ» էր ընկել. հացի կռիվ։ Կարտոֆիլի դաշտերը մշակել էր պետք, իսկ Պարգեւենց տանը վիճում էին, թե ով պետք է «հանդ» գնա եւ հատկապես երբ։ Ու կլոր տարին «Ճպուռն ու մրջյունի» պես։ Հետո, երբ ցրտերն ընկնում են, սկսում են փայտ ու... հաց գտնելու «կռիվ» տալ, իրենք իրենց հետ, ողջ գյուղի հետ։ Վահանում արդեն սովորել են ու աչք են փակում ցրտերից դրդված մանր-մունր գողությունների վրա։
Այս Նոր տարվա գիշերը Պարգեւենց տնեցիք դիմակավորված տնետուն էին ընկել, իբր ընդունված ավանդույթի համաձայն մարդկանցից որպես նվեր միրգ, քաղցրավենիք ստանալու պատրվակով։ Իրականում այդ նույն գիշերը Պարգեւենց շատ համեստ սեղանը բաղկացած էր ընդամենը հավաքված այդ ուտեստներից։
Պարգեւի տղաներից մեկը Ռուսաստանում արտագնա աշխատանքի է։ Իբր։ Դրանից ոչ նրանց սոցիալական վիճակն է փոխվում, ոչ էլ կարտոֆիլի դաշտերից պատատուկն է պակասում։ Գյուղապետարանն ամեն առիթով Պարգեւի եւ գյուղի նման մի քանի այլ ընտանիքներին առաջինն էր ստացված օգնություններից բաժին հանում։ Գյուղացիների օգնության մասին անգամ ավելորդ է խոսել։
Վահանում հարստությունը գոմերի տարողության մեջ է չափվում. ինչքան անասուն ունես, այնքան հարուստ ես. Թումանյանի «Գիքորի» նման։ Հիշո՞ւմ եք. «Գիքոր ջան, Ծաղիկ կովը սատկեց...»։ Եվ դրանով ասվում է ամեն ինչ։ Անցյալ աշնանն Ապրեսյան Ապրեսենց կովերից մեկն էր «պարանով» ընկել, ու հազիվ հասցրին սատկելուց փրկել։ Մորթեցին... Գյուղացիներն արագ իրար միջեւ բաժան-բաժան արին միսը, որ չփչանա, ու խոստացան կարտոֆիլի բերքահավաքից հետո դրանով վճարել մսի գինը։ Ապրեսենք երեք եղբայրներ են, իրենց մոր հետ։ Մի քանի տարի առաջ կորցրին հորը։ Ու հիմա տան ամբողջ հոգսն ընկած է երեք եղբայրների վրա. Ապրեսի, Հայկի, Վարդանի։ Նրանցից միայն Հայկն է աշխատում հարակից զորամասում որպես հնոցապան ու ստանում է... 10 հազար դրամ աշխատավարձ։ Նրանցից ոչ մեկն էլ դեռ չի ամուսնացել։ Ասում ենՙ մեզ չենք կարողանում պահել, ընտանիք ո՞նց պահենք։
Ի դեպ, երեք եղբայրները միակ այդպես մտածողները չեն։ Ամիսներ առաջ երկու ընկերներՙ Լեւոնը եւ Գագիկը մեկնեցին Ռուսաստան։ Իրենք էլ չգիտեինՙ ինչու են մեկնում ու ինչ են անելու։ Մինչ այդ Ղուկասյան (գյուղում Իրիցանց են ասում) Հրանտի երրորդՙ վերջին որդին էր մեկնել Ռուսաստան. եղբոր մոտ Մոսկվայում մեքենաներ են վերանորոգում։
Գյուղից կամաց-կամաց տարեկիցներին կանչում են, արհեստ սովորեցնում, որ հետո Մոսկվայում իրենք իրենց գլուխը պահեն։ Իրիցանց Հրանտն ու կինը Վահանում հիմա մենակ են մնացել։ Տղաներն ասում ենՙ մի քիչ գործներս լավանա, նրանց էլ ենք տանելու։ Եվ ծնողներն սպասում են։
Սակայն գյուղում Հրանտի տղաներին նաեւ նախանձում են. ասում ենՙ թեկուզ տնից-տեղից հեռու, բայց գործ ունեն, իսկ իրե՞նք։ Իրենք էլ ունեն. գարնանից մինչեւ խոր աշուն հանդերից սկսում են, հանդերով վերջացնում, ձմռանն սկսում են գոմից, վերջացնում գոմով։ Վահանում ձմռանը խոսելու ընդամենը մեկ թեմա կաՙ գոմը։ Ամեն քայլափոխի նույն խոսակցություններն են. կովը կծնի փետրվարին, խոտը քիչ է, հազիվ մինչեւ գարուն «հանի», մատղաշին բտում եմ, որ գարնան բերան ծախեմ... ու այսպես առավոտից մինչեւ իրիկուն։
Տղամարդիկ ազատ ժամանակն սպանում են օղու շշերում։ Իրենք իրենց վրա ծիծաղում են, թե Քյավառի անունն է դուրս եկել, Վահանն աշխարհն ուտում է։ Կանայք... սերիալ են նայում, իհարկե, եթե բախտները բերում է, ու հեռուստացույցն անակնկալներ չի մատուցում։ Եվ երբ հերթական սերիալն ավարտվում է, կանանց առօրյան դառնում է սպասումների տանջալից օրերի շարան։ Վերջերս սերիալներից մեկի հերթական սերիայի ժամանակ տարեց մի կնոջ ճնշումն էր բարձրացել։
Այդ կինը շատ անկեղծորեն սերիալներից մեկի հերոսի մասին ասաց. «Էդ տղին իմ սեփական որդու պես եմ սիրում...»։
Վահանում քաղաքականությունը գործ չունի։ Ամեն ինչ որոշվում է ազգության պատկանելությամբ։ Այս էլ երկրորդ ընտրություններն են, որի արդյունքում գյուղապետ է ընտրվել Ապրեսյաններից, եւ միայն այն պատճառով, որ Ապրեսյանները գյուղում ամենամեծ ազգությունն են ու զարմանալի համախմբվածություն են դրսեւորում։ Բայց «քաղաքական» ահաբեկչությունն այս փոքրիկ գյուղում էլ իր գործն անում է։ Վերջերս նորընտիր գյուղապետիՙ Ապրեսյան Վանուշի 10 կովերն էին թունավորել, սպանել. հարստությանն էին դիպել։ Վահանում այդ «ոճրագործությունը» թշնամություն են համարում։
Բայց դե գյուղապետը չի ընկճվում։ Միջազգային կազմակերպությունների ջանքերով բարեկարգ արարողությունների դահլիճի վերածված խանութում, որը գյուղացիների մոտ մնացել է որպես «ներքին խանութ», գյուղապետարանի օժանդակությամբ ամանորյա միջոցառումներ էին կազմակերպվել, ու ողջ գյուղի երիտասարդությունն այդ երկու օրերի ընթացքում մի պահ դուրս էր ընկել միօրինակ պտտվող կարուսելից։ Նրանցից մի քանիսն անգամ ցրտից հիվանդացել էին, բայց եղածի համար չէին զղջում։
Ի տարբերություն նրանց, գյուղի մանուկները սահնակներից ու դահուկներից չեն հրաժարվում։ Նրանց սահնակներին ու դահուկներին նայելիս կարելի է կարծել, թե աշխարհում ոչ մի ձեռնարկություն այդ առարկաներից չի արտադրում։ Ինքնաշեն այդ սահնակները հաճախ այնքան ծանր են լինում, որ խեղճ երեխաներն իրենց սահելուց միայն... դրանք քաշքշելն են հիշում։ Իսկ դահուկնե՞րը։ Դուք տեսե՞լ եք ինքնաշեն դահուկներ, էլ չենք խոսում դրանցով սահելու մասին։
Հիմա ձմեռային արձակուրդ է։ Մի քանի օրից դասերը կսկսվեն։ Գյուղի միակ դպրոցի տնօրեն Ջուլիետա Դալլաքյանի խոսքերով, 217 աշակերտ ունի դպրոցը, բայց չունի անհրաժեշտ որակավորման ուսուցիչներ։ Վերջիններից շատերը, ի տարբերություն հարակից այլ գյուղերի, բարձրագույնավարտ են, բայց ոչ համապատասխան մասնագիտության։ Վահանի դպրոցը գոյատեւում է բացառապես նվիրյալներիՙ տնօրեն Ջուլիետա Դալլաքյանի, հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի Ռիտա Աբրահամյանի, ռուսաց լեզվի ուսուցչուհի տիկին Թամարայի եւ մյուսների շնորհիվ։ Նրանց ոչ ոք ուսուցչի օրերին նվերներ չի տալիս, առավել եւս ոչ ոք նրանց չի մեծարում։ «Վերջին զանգ»-երին ու այլեւայլ առիթներով ոսկեղեն ու թանկարժեք նվերներ չեն նվիրում, իսկ Ռիտա Աբրահամյանը պարզապես միշտ կրկնում է. «Ուսուցիչը կոչում է, ոչ թե մասնագիտություն»։ Տնօրենը հիմա փորձում է հովանավորներ գտնել դպրոցը վերանորոգելու համար։ Ջանքերն առայժմ արդյունք չեն տալիս։
Ճամբարակ տանող ճանապարհի ամենաբարձր կետից առաջինը Վահանն է երեւում։ Պարզկա օրերին գյուղը լուսաբացը դիմավորում է անթափանց մշուշի մեջ։ Երեւի դա է պատճառը, որ Գեղարքունիքի մարզի այդ փոքրիկ գյուղն այդպես էլ մնում է աննկատ...
ԳՈՌ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ